Սեպտեմբերի 4-5-ին Երեւանի «DDD» մարզահամալիրում հաշմանդամություն ունեցող տարբեր տարիքային խմբերի մարզիկների լողի մրցույթ էր։ Այն կրում էր «Սպորտով՝ դեպի հասարակություն» նշանաբանը։ Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիայի եւ Հայաստանի լողի ազգային դաշնության կազմակերպած լողի այս առաջնությանը մասնակցում էին Երեւանի, մարզերի եւ Արցախի քսան լողորդներ։ Երկօրյա առաջնության ժամանակ մարզիկներն ուժերը չափեցին ութ լողատարածություններում՝ 50 մետր բրաս, 25 մետր ազատ ոճ, 50 մետր թիկնալող եւ 10 մետր ազատ ոճ, ինչպես նաեւ 50 մետր ազատ ոճ, 25 մետր թիկնալող, 100 մետր բրաս եւ 200 մետր ազատ ոճ։ Լողորդների ցույց տված արդյունքները հաշվարկելիս մրցավարները հաշվի առան հաշմանդամային մարզիկների սպորտային դասակարգը եւ կիրառեցին միջազգային պրակտիկայում օգտագործվող գործակիցների մեթոդը։
Եվ այսպես, 50 մ բրաս ոճում առաջին մրցանակակիր դարձավ Ավագ Տոնոյանը։ Նա մրցում էր նաեւ 100 մ եւ 200 մ ազատ ոճերում եւ այդտեղ էլ գրավեց 2-րդ տեղերը։ Այս առաջնությունում գեղեցիկ սեռի իր դասակարգում (S6) միակ ներկայացուցիչ՝ 15-ամյա Մարգարիտա Հովակիմյանը մրցման ժամանակ բրաս լողաոճում ցույց տվեց վարպետի նորմատիվային արդյունք։ Իսկ նույն ոճով 100 մետր մրցատարածությունում առաջին կարգ լրացրեց Ավագ Տոնոյանը։ Եվրոպայի 2001 թվականի առաջնության մասնակից Դավիթ Առաքելյանն ազատ ոճում երրորդ կարգայինի նորմա լրացրեց, իսկ 50 եւ 200 մետր ազատ ոճերում գրավեց 1-ին տեղը։ Արշակ Աթանեսյանը նույնպես հանդես էր գալիս մի քանի լողաոճերում՝ 50 մետր բրաս, 50 մետր ազատ ոճ, 50 մետր թիկնալող, ու բոլորում էլ եզրագիծը հատեց երկրորդը, իսկ 100 մետր ազատ ոճում արդեն գրավեց առաջին տեղը։ Աչքի ընկավ նաեւ Տիգրան Հարությունյանը, որը նույնպես մասնակցում էր՝ գրեթե բոլոր լողաոճերում գրավելով 3-րդ տեղը։
Նշենք, որ առաջնության բոլոր մասնակիցները Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիայից ստացան հուշանվերներ ու պատվոգրեր, իսկ մրցանակակիրները պագեւատրվեցին նաեւ մեդալներով։