Ծանր՝ մինչեւ 120 կգ քաշային կարգում աշխարհի փոխչեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Յուրի Պատրիկեեւը wrestrus.ru-ին տված հարցազրույցում խոսել է նախապատրաստության իր նոր համակարգի, կուբացի Միխան Լոպեսի ուժի եւ մրցագորգում ռուսաստանցի Հասան Բարոեւի հետ հավանական հանդիպման մասին:
– Լոպեսը արդեն չորս տարի պարտություն չի կրում: Նա անպարտելի՞ է:
– Աշխարհի առաջնություններում ես երբեք այսքան չէի բարձրացել: Արդյունքից գոհ եմ: Այսօր Լոպեսին հաղթել կարելի է միայն հաջողության մասնաբաժնի առկայության դեպքում: Կուբացին հզոր մեքենա է: Շատ ուժեղ է ֆիզիկապես, լավ պատրասված՝ ֆունկցիոնալ առումով: Կանգնած դիրքում նրա ճնշումներին դիմանալը սարսափելի ծանր է: Ըմբիշների մեծ մասը պատրաստ է հենց առաջին րոպեից հետո գորգից դուրս սողալ: Նա առանց ձեռքերի օգնության (միայն ոտքերով) ճոպան բարձրանում է հինգ անգամ: Եվ դա նրա քաշի դեպքում, իսկ ես՝ ընդամենը երկու: Ֆիզիկական հզոր ուժը լցնում է նրա տեխնիկայի բացակայության եւ մարզումային ուժեղ մրցակից չունենալու տեղը:
– Ձեր միջեւ ուժի տարբերությունը հնարավո՞ր է փոխհատուցել:
– Ես երկու ամիս գտնվել եմ սարերում՝ Ծաղկաձորում, հետո Կրասնոդարում բանել գորգի վրա: Երբեք այսքան լավ մարզավիճակում չեմ եղել: Օրինակ, Ալեքսանդր Կարելինը ժամանակին պոկում էր 125 կգ ծանրաձողը: Այժմ ես պոկում եմ ամբողջ 140 կգ: Առաջ եմ գնացել ուժային բոլոր հարցերում: Բայց, ինչպես տեսնում եք, առայժմ բավարար չէ:
– 2009-ին Եվրոպայում հաղթելուց հետո պատմում էիր նախապատրաստության միանգամայն ուրիշ սխեմայի մասին:
– Այն ժամանակ ավելի շուտ մարզավիճակ էի պահպանում, քան լիարժեք մարզվում էի: Պեկինի օլիմպիական խաղերից հետո երկար ժամանակ մտածում էի՝ արժե՞ շարունակել մնալ ըմբշամարտում: Ցանկանում էի ավելի շատ լինել կնոջս եւ դստերս հետ: Մարզվում էի առանց կոնկրետության: Բայց, չնայած դրան, հաղթեցի 2009 թ. Եվրոպայի առաջնությունում: Միայն անցած տարվա ամռանը վճռեցի լիարժեք վերադառնալ ըմբշամարտ ու գործի կպա: Բայց անմիջապես արմունկս վնասեցի, որի պատճառով մեկ տարի առաջ Դանիայում անցկացված աշխարհի առաջնությունում ոչինչ ցուցադրել չկարողացա:
– Ինչպե՞ս ես լուծում մարզումային մրցակից ունենալու խնդիրը:
– Հայաստանի հավաքականում միակ ծանր քաշայինն եմ, այնպես որ, այնտեղ մրցակից չկա, որի հետ աշխատեմ: Կրասնոդարում մարզվում էի Վլադիմիր Գուրալսկու հետ, որն աշխարհի առաջնությունում Իսրայելն էր ներկայացնում: Ի դեպ, նրան այն ժամանակ իրանցի մրցավարը լկտիորեն դուրս թողեց պայքարից:
– Այստեղ՝ Մոսկվայում, հետեւո՞ւմ էիր քո մյուս հին մրցակցին՝ Հասան Բարոեւին:
– Պեկինում եւ աշխարհի վերջին երկու առաջնություններում Լոպեսը վիճակահանությամբ հայտնվում էր ցանցի իմ հատվածում: Այս անգամ թեթեւ շունչ քաշեցի՝ տեսնելով, որ նրանք են նույն կողմում հայտնվել: Պարզ էր, որ Հասանի համար դժվար էր լինելու կուբացու արգելքը հաղթահարել: Բայց զարմացա, երբ պարտվեց ղազախ մրցակցին:
– Թուրք Կայալպի նկատմամբ քո հաղթանակն այս առաջնության ամենավառ իրադարձություններից է:
– Մեկ տարի առաջ ես նրան պարտվել էի աշխարհի առաջնությունում: Ռեւանշ վերցնել էր անհրաժեշտ: Թուրքը երիտասարդ է, տաքարյուն: Ես էլ էի ժամանակին այդպիսին: Գիտեի, որ կարող եմ հարմար պահը որսալ:
– Շատերը քեզ հաջողություն են ցանկանում 2012 թվականին՝ Լոնդոնի օլիմպիական խաղերում:
– Կուբացի Լոպեսը շատ ուժեղ է: Բայց չեմ ասում, որ նա անպարտելի է: Ես դեռ ներուժ ունեմ ու այն պետք է բացահայտել: Այնպես որ, առջեւում դեռ շատ գոտեմարտեր կան: Ես Լոնդոն որպես զբոսաշրջիկ մեկնել չեմ պատրաստվում: