Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր համերգաշրջանը՝ նոր «Ստենվեյով»

Սեպտեմբեր 10,2010 00:00

Ռոյալի «բացումն» արեց անվանի դաշնակահար Ֆրանսուա-Ֆրեդերիկ Գին

\"\"
Էդ. Թոփչյանը (ձախից), Ֆ. Գին եւ Ռ. Սիրունյանը:

Երեկ «Արամ Խաչատրյան» համերգասրահի աշխատակիցներն ու Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀՊՖՆ) արտիստները ցնծության մեջ էին: Ֆիլհարմոնիկ նվագախմբին եւ համերգասրահին ՀՀ կառավարության նվիրած «Ստենվեյ» ռոյալն առաջինը «փորձարկեց» ֆրանսիացի ճանաչված դաշնակահար Ֆրանսուա-Ֆրեդերիկ Գին: Վերջինիս եւ նվագախմբի համատեղ ելույթով, դիրիժոր Էդ. Թոփչյանի ղեկավարությամբ, սեպտեմբերի 11-ին կմեկնարկի Երեւանյան 4-րդ երաժշտական փառատոնը (գեղարվեստական ղեկավարներ՝ Էդ. Թոփչյան եւ Ալ. Չաուշյան):

«Առավոտի» հետ զրույցում Էդ. Թոփչյանը հայտնեց, որ այս տարի փառատոնին հրավիրված են դասական երաժշտության իրական այնպիսի աստղեր, ինչպիսիք են դաշնակահարներ Ալեսիո Բաքսը, Կոնստանտին Լիֆշիցը, ջութակահարներ Ջուլյա Ֆիշերը, Իզաբել Ֆաուստը, Դայշին Կաշիմոտոն, ալտահար Դիմուտ Պոպենը, թավջութակահարներ Նատալյա Գուտմանը, Սթիվեն Իսելվիսը, շեփորահար Սերգեյ Նակարիակովը, գալարափողահար Ռադովան Վլատկովիչը, տուբահար Հարրի Լիդսլենը եւ այլք: Նկատենք, որ երեւանյան համերգներին հաճախ չենք հանդիպում հատկապես պղնձյա փողային գործիքների վիրտուոզ կատարողների: Այս փառատոնով սկսվող Ֆիլհարմոնիկի նոր համերգաշրջանի ունկնդիրը, բացի ռոյալից, ականատեսը կդառնա մասնակի վերանորոգված համերգասրահի. փոխված է ողջ մանրահատակը: Դրա առիթով էլ Էդ. Թոփչյանը հավաստիացրեց, որ այս շինարարական աշխատանքը ինքնանպատակ չի արվել. «Անհամեմատ լավացել է ակուստիկան»:

ՀՊՖՆ-ի տնօրեն Ռուզաննա Սիրունյանն էլ ասաց, որ անվանի երաժիշտների հետ փառատոնին մասնակցելու բանակցությունները սկսել են դեռեւս անցյալ փառատոնի ընթացքում եւ հավելեց. «Համոզված եմ, որ այս փառատոնը իսկապես տոն է լինելու, ինչը պարզապես անհնար կլիներ առանց ՀՀ նախագահի տիկնոջ եւ սըր Սայմոն Բոուզ-Լայընի (Մեծ Բրիտանիա) աջակցության»: Տիկին Սիրունյանը հայտնեց, որ հրավիրյալ բոլոր երաժիշտները անցկացնելու են վարպետության դասեր, ինչի մասին մշակութային կրթօջախներն արդեն տեղեկացված են: Փառատոնի շրջանակներում, սիմֆոնիկ երաժշտությունից բացի, կամերային համերգներին ընդգրկված են նաեւ տեղացի շնորհալի երիտասարդ երաժիշտներ:

Բեռլինի սիմֆոնիկ, Հելսինկիի, Ճապոնիայի, Լոնդոնի ֆիլհարմոնիկ եւ այլ նշանավոր նվագախմբերի, անվանի դիրիժորներ Էսա-Պեկա Սալոնեմի, Բերնարդ Հայթինկի, Դանիել Հարդինգի եւ այլոց հետ հանդես եկած Ֆրանսուա- Ֆրեդերիկ Գիին էլ համակել էր համերգասրահում տիրող բարձր տրամադրությունը: Մեզ հետ զրույցում դաշնակահարը, նշելով նվագախմբի երաժիշտների ու Թոփչյան դիրիժորի բարձր պրոֆեսիոնալիզմը, հատուկ շեշտեց, որ առաջին անգամ է հանդիպում նվագախմբի, որում ընդգրկված են զուտ մեկ ազգի երաժիշտներ: Գիի խոսքերով՝ դա առաջինը խոսում է Երեւանի կոնսերվատորիայի բարձրակարգ լինելու մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել