Կինոկենտրոնի հերթական ձեռնարկը
Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ աշնանը կանցկացվի Ազգային կինոյի ամիս, որը կդառնա ավանդական: «Առավոտի» հետ զրույցում Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը հայտնեց, որ Կինոյի ամիսն ընդգրկուն ծրագիր է եւ ընդամենը ֆիլմերի ցուցադրությամբ չեն սահմանափակվելու: Նրա խոսքով, կնշվեն ոլորտի երեւելիների, այդ թվում՝ այս տարի կնշվի Մհեր Մկրտչյանի, Հենրիկ Մարգարյանի, Լեւոն Աթոյանի, Հենրիկ Մայլանի եւ այլոց հոբելյանները, կընթերցվեն զեկուցումներ՝ նրանց ստեղծագործական ժառանգության վերաբերյալ: Ուսանողների շրջանում էլ կհայտարարվի «լավագույն զեկուցում» մրցանակաբաշխությունը, արժանավորները կպարգեւատրվեն:
Իսկ ընդհանրապես ֆիլմեր կցուցադրվեն «Մոսկվա» կինոթատրոնում, արվեստի բուհերի, Տիկնիկային թատրոնի, «Նարեկացի» արվեստի միության, Ազգային պատկերասրահի դահլիճներում, նաեւ ՀՀ 4 մարզում՝ Արմավիրում, Արագածոտնում, Կոտայքում եւ Շիրակում:
Ինչ վերաբերում է «Մոսկվա» կինոթատրոնին, վերջինի ծրագիրը տարբերվելու է մյուս դահլիճների ծրագրերից, որովհետեւ այստեղ ցուցադրվելու են, այսպես ասած՝ «բեկումային» ֆիլմերը՝ առաջին ձայնային ֆիլմը, ֆիլմեր, որոնք ժամանակին արգելվել են, կինոաշխատանքներ, որոնց հեղինակները հետո փոխվել են, գաղափարախոսական նկարներ, առաջին գունավոր ֆիլմը եւ այլն: Դրանց թվում՝ «Ոսկե ցլիկ», «01-99», «Կարինե», «Նամուս», «Շորն ու Շորշորը», «Ավդոյի ավտոն», «Ուրվականները հեռանում են լեռներից», «Սգավոր ձյունը» եւ այլն: Ամեն ֆիլմ ցուցադրվելուց առաջ կներկայացվի, դրան կնախորդեն կարճամետրաժ, անիմացիոն ֆիլմեր: Գ. Գեւորգյանն ասում է, որ թեեւ ունեն որոշակի պայմանավորվածություններ, բայց հովանավորների փնտրտուքի մեջ են՝ համապարփակ ծրագիրը հավուր պատշաճի ներկայացնելու համար: Կինոյի ամսվա շրջանակներում նախատեսված են նաեւ բացօթյա ցուցադրություններ՝ Կասկադում, Սիրահարների այգում: «Կլինեն համր ֆիլմեր, նաեւ այնպիսիք, որոնք հոգեհարազատ են երեւանցիներին, օրինակ՝ «Առաջին սիրո երգը», «Կարինե»: Երբ քաղաքացիները կունենան Կինոյի ամսվա ծրագիրը, սեփական ընտրությամբ կդիտեն իրենց ցանկալի ֆիլմերը, ընդ որում՝ անվճար, միայն «Մոսկվա» կինոթատրոնում՝ սիմվոլիկ գումարով»,- ասում է Գ. Գեւորգյանը: Նրա խոսքով, նպատակն այն է, որ ե՛ւ ժամանակակիցների ստեղծագործությունները ցուցադրվեն, ե՛ւ նոր սերունդը ծանոթանա ավագների ժառանգությանը. «Կարճ ասած՝ ամբողջ ամիսը կլինի կինոյով լեցուն, «կլոր սեղաններ» կանցկացվեն, ցուցահանդեսներ՝ կինոֆիլմերի հետաքրքիր կադրերի եւ կինոաշխարհի մարդկանց լուսանկարների: Մեկ ամիս շարունակ Հայաստանում կզգան հայկական կինոյի շունչը»:
Կինոկենտրոնի տնօրենը ցանկություն ունի ծրագիրը ընդարձակել մարզերի, հատկապես՝ սահմանամերձ տարածքների «մասով»: «Մեծ ծրագիր ունենք՝ «Կինոթատրոն անիվների վրա», որը դեռ երեք տարի առաջ ներկայացրել էինք պետությանը, ժամանակին հաստատվել էր, բայց հետագայում սառեցվել՝ ճգնաժամի պատճառով: Եթե ծրագիրը «վերակենդանանա», 250 տեղանոց կինոթատրոնը կարելի կլինի տեղափոխել ամենուր, նույնիսկ սարերում ֆիլմ ցուցադրել: Կարծում եմ, որ մշակույթի եւ ֆինանսների նախարարները դրական են տրամադրված»,- ասում է մեր զրուցակիցը: