Ֆլորիդայում բողոքական եկեղեցու քահանա Թերրի Ջոնսը (նկարում) չի պատրաստվում ականջալուր լինել հանրային կարծիքին եւ խոստանում է սեպտեմբերի 11-ի՝ ահաբեկչության տարելիցի օրը, Ղուրան այրելու ակցիա իրականացնել: «Մենք մտադիր ենք հենց այդպես էլ անել»,- news.am-ի մատուցմամբ, հայտարարել է Ջոնսը: Քահանայի վճռականության վրա չեն ազդել դաշնային իշխանությունների, կրոնական գործիչների եւ հանրության ներկայացուցիչների բազմաթիվ հորդորները: Ակցիայի իրականացումը սպառնում է դիմակայություն ստեղծել տարբեր դավանանքի ներկայացուցիչների միջեւ, նաեւ բռնությունների ալիք առաջացնել ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:
Քահանան կարծում է, որ Ղուրանի հրապարակային այրումը նախազգուշացում կլինի իսլամի տարածման ծանր հետեւանքների մասին:
Կանադայի պաշտպանության նախարար Պիտեր ՄքՔեյը Ջոնսի մտադրությունը ազատության արտահայտման սադրիչ արտահայտություն է համարել: Նա մտավախություն է հայտնել, որ Ղուրանի այրումը բռնությունների կհանգեցնի Աֆղանստանում:
Քահանայի մտադրությանը դեմ են արտահայտվել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատար Դեւիդ Պետրեուսն ու այլք: