Երեկ Վլադիկավկազի կենտրոնական շուկայի մուտքի մոտ հզոր պայթյուն է եղել, որի արդյունքում առնվազն 16 մարդ է զոհվել, կան նաեւ վիրավորներ, որոնց թվի վերաբերյալ տեղեկությունները հակասական են: Այսպես, ըստ Ինգուշեթիայի առողջապահության եւ ՆԳ նախարարությունների տվյալների, վիրավորների թիվը 50-ից պակաս չէ, սակայն լրատվական գործակալությունները, վկայակոչելով ռուս չինովնիկներին, փոխանցում են 77-100 վիրավորների, այդ թվում՝ հինգ մանկահասակ երեխաների եւ երեք դեռահասների մասին:
Հյուսիսային Օսեթիայի ՆԳՆ-ում BBC-ին փոխանցել են, թե պայթեցվել է Ինգուշեթիայի համարներով «Վոլգա» մակնիշի ավտոմեքենային ամրակցված ռումբ: Իշխանությունները հայտարարել են, թե պայթյունն իրականացրել է մեքենայի ղեկին եղած մահապարտ-գրոհայինը: Պայթյունի ալիքն այնքան ուժգին է եղել, որ ջարդվել են մոտակա շենքերի ապակիները: Դատախազության տվյալներով, պայթեցված մեքենայի իրական տերը ձերբակալվել է, գտնվել են փաստաթղթեր, որոնք կարող են օգնել պարզելու մահապարտի ինքնությունը: Աղբյուրը միաժամանակ հաղորդում է, թե գողացված մեկ այլ մեքենայում պայթուցիկ մի երկրորդ սարք հայտնաբերված լինելու մասին տեղեկությունները չեն հաստատվում: Տեղի ունեցած ողբերգության փաստի առիթով հարուցվել է քրեական գործ՝ «ահաբեկչական ակտ», «մեկ եւ ավելի մարդու սպանություն» եւ «ապօրինի զինամթերքի շրջանառություն» հոդվածներով:
Պայթյունի արդյունքում վիրավորներին տարհանելու համար Մոսկվայից Վլադիկավկազ է մեկնել ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության «Իլ-76» մի ինքնաթիռ: Վլադիկավկազում փակվել են բոլոր դպրոցներն ու մանկապարտեզները: ՌԴ վարչապետ Պուտինը հայտարարել է, թե Վլադիկավկազում հարձակման նպատակը Ռուսաստանում իրավիճակի ապակայունացումը, ժողովուրդներին թշնամացնելն է եղել: Նա մահմեդական ռուսաստանցիներին կոչ է արել համախմբվել ահաբեկչության դեմ պայքարի շուրջ: Սա Վլադիկավկազում վերջին 10 տարիների ընթացքում արդեն վեցերորդ նմանօրինակ միջադեպն է: Սեպտեմբերի 10-ը Հյուսիսային Օսեթիայում սգո օր է հայտարարվել:
Հավելենք, որ երեկ մի պայթուցիկ սարք էլ վնասազերծվել է Դաղստանի Իրգանայսկի ՀԷԿ-ում: Այն արդեն մեկ շաբաթ է, ինչ փակվել է՝ այնտեղ տեղի ունեցած հրդեհի պատճառով: Չեչեն մահմեդականները հայտարարել են, թե ՀԷԿ-ն իրենք են ականապատել: