Եվրախորհրդարանի պատգամավորները քննադատել են Ֆրանսիայի իշխանություններին՝ վերջիններիս կոչ անելով անհապաղ դադարեցնել գնչուների վտարումն այս երկրից: BBC-ի մատուցմամբ, այդ առնչությամբ ընդունված բանաձեւին Եվրախորհրդարանում «կողմ» է քվեարկել 337 պատգամավոր: Նրանք Եվրահանձնաժողովից եւ ԵՄ անդամ երկրների կառավարություններից պահանջել են լուրջ քայլեր ձեռնարկել հատկապես սարսափելի աղքատության մեջ ապրող գնչուներին օգնելու համար:
Ֆրանսիան հայտարարել է, թե Ռումինիայի կառավարության հետ հարցը կքննարկի եւ կպահանջի, որ Բուխարեստը որպես առաջնահերթություն դիտարկի գնչուների ինտեգրացիան հասարակությանը: Ֆրանսիայի երկու նախարարներ արդեն գտնվում են Բուխարեստում եւ այդ առնչությամբ բանակցություններ են վարում: Օգոստոսից ի վեր Ֆրանսիայից մոտ հազար գնչու վտարվել է Ռումինիա եւ Բուլղարիա:
Եվրախորհրդարանի պատգամավորները Եվրահանձնաժողովին մեղադրել են գնչուներին պաշտպանել չկարողանալու եւ Ֆրանսիայից նրանց վտարմանը չխոչընդոտելու համար: Եվրախորհրդարանի ներկայացուցիչներն՝ ի պատասխան այդ մեղադրանքների, հայտարարում են, թե բազմաթիվ անգամ են դժգոհություն հայտնել Ֆրանսիայի իշխանությունների գործողությունների առնչությամբ եւ պահանջել տեղեկություններ տրամադրել, թե ինչ կարգով եւ ինչ հիմքերով է իրականացվում գնչուների վտարումն այդ երկրից: ԵՄ-ում գործող օրենսդրության համաձայն՝ արգելվում է որոշակի ազգության կամ էթնիկ խմբի նկատմամբ որեւէ խտրական վերաբերմունք: Ավելի վաղ Ֆրանսիայի՝ Եվրոպայի հարցերով նախարար Պիեր Լելուշը հայտարարել էր, թե իր երկիրը գնչուներին վտարելու որոշումն իրականացնելիս յուրաքանչյուրի գործն առանձին քննարկման առարկա է դարձնում: