Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳՆ-ն միայն խորհրդատո՞ւ

Սեպտեմբեր 10,2010 00:00

Երեկ ասուլիս էր հրավիրել ՀՀ ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանը: Նա ներկայացրեց, թե ինչ քայլեր է անում իրենց գերատեսչությունը՝ ավագ դպրոցների, հանրակրթական ծրագրերի «մասով»: Նա գոհացուցիչ համարեց ձեւավորվող 91 ավագ դպրոցներում աշակերտների կոմպլեկտավորումը: Ա. Ավետիսյանն ասաց, որ նույնիսկ սուղ տնտեսական պայմաններում վարկային միջոցների հաշվին կարողացան որոշակի քայլեր անել, որպեսզի 10-12-րդ դասարանները լինեն առանձնացված տարածքում՝ նոր կահավորումով, պայմաններով: Անդրադարձ եղավ վերջին շրջանում «Հրաչյա Աճառյան» համալսարանի դասախոսների աշխատավարձ չստանալուն: Ա. Ավետիսյանն ասաց, որ նախարարությունը խնդրին տեղյակ է, բայց վարչական, ֆինանսական, տնտեսական վարույթի վրա ազդելու եւ լիցենզիայից զրկելու ոչ մի լծակ չունի, իսկ նման հարցերը, ըստ նրա, կարող են լուծվել աշխատանքային օրենսդրության համապատասխան: «Հրաչյա Աճառյան» համալսարանը ոչ պետական կառույց է՝ ինքնուրույն տնտեսվարող: Նման բուհերը լիցենզիայից կարող են զրկվել, եթե այդ հաստատությունների աշխատակիցները չգնան աշխատանքի, չունենան դասախոս, չհամապատասխանեն լիցենզիայով սահմանված պայմաններին: Միայն այդ դեպքում մենք կարող ենք զրկել լիցենզիայից»,- հավելեց նա: Այսօր, երբ մի շարք բուհերի լիցենզիաներ կասեցվել են եւ ուսանողների տեղափոխումը բուհից բուհ ընթացքի մեջ է, որոշ ռեկտորներ ներքին կարգով ուսանողների շրջանում խոսակցություններ են տարածում, թե կասեցումները, այնուամենայնիվ, «ետ են վերցվելու» մինչեւ սեպտեմբերի 15-ը: Այս մասին էլ պարոն Ավետիսյանն ասաց. «Այդ տեղեկատվությունը մեզ էլ է հասնում, որ որոշ կասեցված բուհերի ղեկավարներ գնում են ընդհանուր պրոցեսի խաթարմանը՝ գրելով դիմում-առաջարկություն, իբր 10 օրվա ընթացքում թերությունները վերացրել են: Եթե այդ թերությունները հնարավոր լիներ վերացնել, մենք այդ բուհերին նախազգուշացումով կամ մեթոդական առաջարկով կդիմեինք եւ իսկապես ժամանակ կտայինք, որ վերացնեին: Բուհ կար, որտեղ ըստ մասնագիտության ավելի շատ գրանցված հեռակա ուսանողներ ուներ, քան առկա ուսուցմամբ՝ 4-5 մասնագիտությունների գծով: Ա՛յս ձեւական խաբեություններն ենք մենք կասեցրել: Ուսանողների վերականգնման եւ տեղափոխությունների ժամկետները սահմանված են կառավարության որոշմամբ եւ վերաբերում են բոլոր բուհերին»: Այն հարցին, թե նախարարությունը իրավասություն ունի՞ միջամտելու, որ ԵՊՀ հեռակա բաժինների վարձավճարները չբարձրանան, Ա. Ավետիսյանը պատասխանեց. «Կրթության մասին» օրենքով հստակ սահմանված է, որ վարձավճարները՝ որպես տնտեսվարող սուբյեկտներ, սահմանում է ուսումնական հաստատությունը: Կրթության նախարարությունը որպես հիմնադրի պետական լիազորված երաշխավոր մարմին, վճարման սահմանման փուլում ունի միայն խորհրդատվական իրավասություն»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել