«Որոշակի կենսագրությամբ» պաշտոնյաների ու ԳԱՏԱՀ-ի «փչացածության» մասին
Շատ զվարճալի էր ծանոթանալ «Սիրուն աչքերիս համար չեն նշանակել» վերնագրով հերթական ինքնագովազդին, որը պետբյուջեի բաշխման կապակցությամբ առաջացած հարցերի պատասխանի պատրվակով հանրությանն է ներկայացրել ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի (ԳՊԿ) ղեկավարը։ Պարզվում է, որ նա նաեւ հումոր ունի, որի մասին պետք էր նախ տեղեկացնել գիտական հանրությանը եւ հետո հասկացնել, որ «երեխեք ջան, քանի քեռին կենդանի է՝ բուլկու մեջ չամիչ մի փնտրեք»։ Բայց դե, ինքնագովազդը դուրս է գալիս արդեն իր հարեւանների ու իրեն «պաշտոնի բարեխոսողների» նեղ շրջանակներից։ Մյուս կողմից, պարզ է, որ այդ «փաստարկ» կոչվածների նպատակը պարզունակ պոպուլիզմի միջոցով ՀՀ պետբյուջեի անարդյունավետ բաշխմանը վերաբերող հարցերի պատասխաններից խուսափելու փորձ է՝ հաճախ նաեւ խեղաթյուրելով բարձրացված հարցերի իմաստը։ Հարկ եմ համարում հատուկ, եւ նորից «գովազդի» կարգով, նշել, որ տրամաբանության պակասի խնդիր չեմ տեսնում։
Եվ այսպես, չեմ կարծում, որ որեւէ մեկի Հայրենիք վերադառնալը, թեկուզեւ՝ «երբ Հայաստանում ոչ ջուր ու ոչ լույս կար…», մեծ հայրենասիրություն է։ Իսկ այն բյուջեն, որի մասին խոսում ենք, ինչպես նաեւ այդ բյուջեով պայմանավորված տոտալիտար հարաբերությունները, անկասկած, չեն նպաստում երիտասարդների կողմից՝ առնվազն գիտության բնագավառը, եթե ոչ Հայրենիքը չլքելուն։ Մյուս կողմից, չի կարելի չընդունել, որ նա ունի «որոշակի կենսագրություն», քանի որ գաղտնիք չէ, որ խորհրդային գիտաշխատողներից, այն էլ երիտասարդ, միայն խիստ «որոշակի կենսագրություն» ունեցողներին էր թույլատրվում արտասահման գործուղում։ Այնպես որ, ստիպված եմ ենթադրել, որ «առաքյալի» վերադարձը ավելի շուտ գործուղման ավարտով էր պարտադրված։ Բացի դրանից, կարծես թե, լրիվ անտեղի ժամանակի վատնում է որպես «որոշակի կենսագրության» փաստարկ հիշատակել բոլոր գիտաշխատողների համար սովորական առաջխաղացման ուղին՝ անկախ նրանից, թե լաբորանտից հետո ինչ բարձունքների են նրանք հասնում հետագայում։ Բայց դե, ինչպես Վիսոցկին է ասում. «ԻՌՐՈՒ ոՏսՖՔՏռ, պՎց ՉՌՊվպռ», որովհետեւ միայն ԳՊԿ ղեկավարին է ճշգրիտ հայտնի, թե իր «աշխատանքային ինքնուրույնության» շնորհիվ քանի՞ կարկառուն դեմքեր են հայտնվել գիտության բնագավառում, որոնք շրջանցել են ավանդական՝ լաբորանտից սկսած ուղին։ Ակնհայտորեն, ինքնագովազդ է նաեւ (բայց արդեն բարեգործական բնույթի) այն փաստի արձանագրումը, որ «որդու նման» ցանկանալով «ամեն գնով աջակցել», անգամ երկու հաստիք է տվել պրոֆ. Ա.Գեւորգյանին։ Չնայած հարց է առաջանում (կամ որ նույնն է՝ հումորի դրսեւորման եւս մեկ առիթ)՝ թե որտեղի՞ց եւ ի՞նչ հիմնավորմամբ, բայց եւ այնպես, եթե այս փաստին ավելացնենք ինչպես «40-50 ֆիզիկոսների, կենսաբանների, քիմիկոսների կերակրված ընտանիքները», այնպես էլ արդեն մոռացված բացահայտ բլեֆի (տես՝ «Ո՞վ է մեղավոր բլեֆի համար», «Առավոտ», 29.03.2008թ.) ֆինանսավորմամբ եւս մոտ 70 արդեն կիսակուշտերի կշտացումը, ապա պետք է կարծել, որ հայ ժողովուրդը պարզապես ապերախտ է, որ առ այսօր չի կանգնեցրել ՀՀ ԿԳՆ ԳՊԿ-ի նախագահի արձանը՝ առնվազն Կարա-Բալայի կողքին։
Հիմա Գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի (ԳԱՏԱՀ) «փչացածության» եւ «մի փոքր հայկական արյունի» մասին։ Ենթադրում եմ, որ ԳՊԿ «դե յուրե» ղեկավարի «սիրուն աչքերը» վերջապես բացվեցին պետբյուջեի գիտության միջոցների հաշվին (բայց ոչ մահկանացու գիտաշխատողների աշխատավարձերով, իհարկե) ապօրինաբար ստեղծված «ԳԻՏԱԿ» գիտավերլուծական կերամանի գիտունիկների ջանքերով, որոնք բացահայտել են, որ ԳԱՏԱՀ-ը «տարիների ընթացքում սկսել է փչանալ»։ Չնայած չեն նշել, թե վերջնականապե՞ս է փչացել, թե՞ փչացման պրոցեսում է։ Բայց եւ այնպես չեմ վիճարկում՝ ճաշակի հարց է, այնպես, ինչպես «սիրուն» կամ գեշ աչքերը: Բացի դրանից, շնորհակալ եմ, որ գոնե մի փոքր ազնվություն են ունեցել փաստելու համար, որ նախկինում ԳԱՏԱՀ-ը փչացած չէր։ Քանի որ, այսօրվա ԳՊԿ-ի՝ ներառյալ «ԳԻՏԱԿ»-ը, շատ անդամներ, այդ թվում եւ «դե յուրե» նախագահը, ոչ մեկ անգամ են օգտվել ԳԱՏԱՀ-ի կողմից ընձեռնած հնարավորություններից՝ այն էլ առանց «օտկատի»։ Դրանից էլ լավ «դրական դերակատարում», այն էլ՝ անձնապես փորձված, ընդօրինակեք, թեկուզեւ վերագրեք անցյալին (ճիշտն ասած, ես հիմա էլ եմ էդ կարծիքին)։ Իսկ եթե ԳԱՏԱՀ-ի «փչացածության» փաստարկման համար հիմք է հանդիսանում «ռեյտինգային շկալայում ցածր դիրք զբաղեցնողները գրանտը շահողների ցուցակում էին հայտնվել» մերկապարանոց հայտարարությունը, ապա այստեղ կա երկու հնարավոր հարց, որոնք արդեն ունեն պարզ տրամաբանության հետ կապված խնդիր։ Նախ, ի՞նչ է նշանակում «ցուցակում էին հայտնվել»։ Արդյո՞ք դա նշանակում է, որ հիմա «ռեյտինգային շկալայում ցածր դիրք զբաղեցնողները…» աջակցություն չեն ստանում ԳՊԿ-ի շնորհիվ։ Առանց մանրամասնելու, թե ո՞րը, կամ ու՞մ «ռեյտինգային շկալայում», արձանագրում եմ՝ շատ լավ, բայց չէ՞ որ հենց դա էլ եռակողմ մրցույթի պայմաններից էր։ Իսկ եթե այդ «ռեյտինգային շկալայում ցածր դիրք զբաղեցնողները…» առ այսօր աջակցություն են ստանում, ապա պետք է փաստեմ, որ ԳԱՏԱՀ, ՔՀՄՀ (CRDF) եւ ԳՊԿ եռակողմ մրցույթի հաղթողների ցանկը փոխհամաձայնեցված է բոլորի կողմից, ըստ որում՝ վերջինը ԳՊԿ-ի կողմից։ Մասնավորապես, ԳԱՏԱՀ եւ ՔՀՄՀ փոխհամաձայնեցված եւ ֆինանսական աջակցության երաշխավորված 24 հայտերի ցանկից ԳՊԿ-ն երաշխավորեց ընդամենը 19-ը, որոնք էլ ստացան աջակցություն՝ եռակողմ մրցույթի պայմանների համաձայն։ Այ, այստեղ է, որ մի փոքր տրամաբանություն է նաեւ պահանջվում։ Եթե «ռեյտինգային շկալայում ցածր դիրք զբաղեցնողները …» աջակցություն են ստանում, ապա հանեիք։ Չէ՞ որ առանց որեւէ ճնշման (որը, ըստ ամենայնի, անհնար է ձեր նման «ինքնուրույն» կամ, որ նույնն է, «սկզբունքային» մարդու դեպքում) ԳՊԿ-ն մեր՝ ԳԱՏԱՀ-ի եւ ՔՀՄՀ-ի փոխհամաձայնեցված ցանկից չերաշխավորեց 5 հայտ։ Է՛, հանեիք 6-7-ը։ Եթե հիմա նոր եք հասկացել, ո՞վ է մեղավոր, ումի՞ց եք բողոքում ձեր ապշելու աստիճան պրիմիտիվ տրամաբանությամբ։ Թե՞ փորձում եք խրոխտ կեցվածք ընդունելով՝ հաճոյանալ ձեր տերերի աչքերին՝ թեկուզեւ ոչ այնքան «սիրուն»։ Այս հարցի կապակցությամբ հարկ եմ համարում մեջբերել. «…քանի որ այն նորություն եւ առաջընթաց հանդիսանալով ԳՊԿ-ի համար, ամենեւին էլ ԳԱՏԱՀ-ի հաջողված ծրագրերից չէ կազմակերպչական առումով եւ, անկասկած, ոչ ԳԱՏԱՀ-ի մեղքով» (տես՝ «Հերթական փուչիկը», «Առավոտ», 08.07.2010թ.) եւ, ստիպված, ավելացնել մրցույթի ոչ գոհացուցիչ արդյունքի պատճառը՝ ԳՊԿ ղեկավարի՝ ճորտամտությունը։ Չնայած համոզված եմ, որ նույնիսկ այս՝ ԳԱՏԱՀ-ի համար չհաջողված, մրցույթի արդյունքները տասնապատիկ ավելի օբյեկտիվ են, քան ԳՊԿ-ի կողմից իրականացված մյուս եւ հսկայական չափերի հասնող ֆինանսական բաշխումները։ Ինչեւէ, անցածը՝ անցած։ Միաժամանակ, շատ ուրախ եմ, որ ԳՊԿ-ն շարունակում է ուշադրություն դարձնել երիտասարդ գիտաշխատողների աջակցության խնդրին, հանձինս ԳՊԿ «դե յուրե» նախագահի հայտարարության՝ «նորից ենք երիտասարդական մրցույթ անցկացնելու՝ առանց ԳԱՏԱՀ-ի մասնակցության, ՀՀ պետական միջոցներով»: Շատ կարեւոր է իմանալ, եթե իհարկե ունեք մի քիչ «հայի արյուն» ու խիզախություն, ասեք, խնդրեմ, ո՞ր «ՀՀ պետական միջոցներով»։ Նույնիսկ երախտապարտ կլինեի երիտասարդ գիտաշխատողների համար, եթե այդ մրցույթը կազմակերպվեր ՀՀ ԿԳՆ ԳՊԿ-ի բարեկեցության պայմանների, ներառյալ գրասենյակի վերանորոգումն ու եվրոկահկարասին աճուրդի հանելուց հետո, քանի որ դրանք ձեռք են բերվել ՀՀ ԿԳՆ ԳՊԿ «դե յուրե» եւ «դե ֆակտո» ղեկավարների, պետք է կարծել՝ իրենց ղեկավարների ու տերերի թույլտվությամբ, ռեկետախառն շուստրիությամբ՝ երիտասարդական մրցույթի համար նախատեսված գումարների հաշվին։ Այ, եթե մրցույթը կազմակերպեք այդ միջոցների հաշվին, թեկուզեւ առանց տուգանքների, ապա նախ երիտասարդները կստանան իրենց հասանելիք միջոցները եւ, երկրորդ, պետբյուջե կվերադարձվեն առանձնակի խոշոր չափերի՝ մոտ 80մլն դրամ, մսխված միջոցներ։
Ինչ վերաբերում է անհիմն որոշ կազմակերպությունների մեծ գումարներ հատկացնելու փաստի վերաբերյալ ԳՊԿ ղեկավարի արձագանքին, թե՝ «նա նկատի ունի հատկապես Ցեղասպանության ինստիտուտը եւ Մատենադարանը», ապա պետք է նշեմ, որ այս հայտարարությունը պարզապես խեղաթյուրանք է եւ շատ էժանագին պոպուլիզմ՝ իրականությունից ուշադրությունը շեղելու միտումով (քանի որ հսկայական ցանկից առանձնացված է միայն այս երկուսը)։ Իրականում հարցերը, որոնք մնացել են անպատասխան, վերաբերել են (տես՝ «Ծառացած հարցեր», «Առավոտ», 10.08.2010թ.) ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի, ՀՀ ԳԱԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտի եւ Երեւանի ճարտարապետաշինարարական պետական համալսարանի հսկայական հատկացումներին, որոնցից խուսափել է մեր «որոշակի կենսագրության» տեր պետական պաշտոնյան՝ ինչքան էլ որ «սիրուն աչքերի համար չեն նշանակել»։ Իսկ ինչ վերաբերում է Մատենադարանի եւ Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի հատկացումներին, ապա, կրկնում եմ հատուկ վատ ըմբռնողների համար՝ այդ կազմակերպություններն իրենց պահպանման համար պետք է միջոցներ ստանան նույն ՀՀ պետբյուջեի մշակույթի համար հատկացված միջոցներից, միգուցե եւ տասնապատիկ։ Իսկ պետբյուջեի՝ գիտության համար հատկացված միջոցներից այդ նույն մշակութային օջախները կարող են օգտվել զուտ գիտական հետազոտությունների մասով՝ ճիշտ եւ ճիշտ այնպես, ինչպես այսօր պետբյուջեի գիտության մասից միջոցներ է ստանում Երվանդ Քոչարի թանգարանը։ Օրինակն էլ եմ նշել, չէ՞, էլ ինչու եք ստում։ Ամփոփելով, կրկնում եմ նաեւ իմ քննադատականը Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի գիտական գործունեության վերաբերյալ՝ նորից վատ հասկացողների համար. «այն դեպքում, երբ Ցեղասպանության ճանաչման հարցը պետական արտաքին քաղաքականության անկյունաքարերից է, Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի գիտական գործունեության արդյունքներն առաջին հերթին պետք է հրապարակվեն օտար լեզուներով՝ ցեղասպանության փաստը օտարներին ապացուցելու համար եւ, միայն հետո, հայերեն լեզվով՝ ընդամենը «մի փոքր հայկական արյուն ունեցողների» եւ նրանց «բարի ցանկացող» մարդկանց համար»։
Ավարտելով, կոչ եմ անում բոլոր երիտասարդ գիտաշխատողներին, որոնք իրենց ապագան տեսնում են գիտական գործունեության ոլորտում եւ ցանկություն ունեն ապրել եւ գործել իրավական պետությունում, միավորվել եւ ՀՀ նախագահից, ՀՀ վարչապետից եւ ՀՀ ԿԳ նախարարից պահանջել միջոցներ ձեռնարկել ՀՀ պետբյուջեով իրենց համար նախատեսված այն 91 մլն դրամի վերադարձի համար, որոնք ՀՀ ԿԳՆ ԳՊԿ–ի կողմից օգտագործվել են իրենց եւ անօրինականորեն ստեղծված «ԳԻՏԱԿ»–ի գրասենյակների վերանորոգման եւ կահավորման համար։