Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՐԻԶԱՆԹԵՄՆԵՐԻ ԱՌԱՎՈՏԸ

Սեպտեմբեր 10,2010 00:00

\"\"ԳԽ նախկին պատգամավոր, լրագրող, գրող Գագիկ Հովհաննիսյանի «Քրիզանթեմների առավոտը» վեպ-դրամայի հիմքում ընկած են 1999թ. հոկտեմբերի 27-ին Հայաստանի խորհրդարանում, եւ 2001-ի սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում իրականացված ահաբեկչությունները: Ձեզ ենք ներկայացնում մի հատված այդ անտիպ վեպից:

Համաշխարհային առեւտրի կենտրոնը աննկատ վերանում էր երկրի երեսից: Դրան էին լծված բոլորը՝ պրեզիդենտից մինչեւ վերջին հրշեջն ու փրկարարը: Տապալված հսկայի մարմնից դեռ ծուխ էր բարձրանում, ասես ավերակույտի տակ աներեւույթ մի ձեռք խունկ էր ծխում՝ մաքրելու ավերակների այս զույգ բլուրները ոճրի ամոթից, զատելու այստեղ թաղվածների հոգիները իրենց իսկ խեղված մարմիններից, եւ խնկածխի երկարաքուլա ձեռքերի վրա տանելու երկինք: Պետական մեքենան աշխատում էր ամբողջ թափով, թեեւ արտաքուստ ամեն ինչ մնացել էր այնպես, ինչպես կործանման առաջին պահին էր: Փրկարարներին հաջողվել էր բազմաթիվ դիակներ հանել: Կենդանի, թեեւ վիրավոր հարյուրավոր մարդկանց դուրս բերել արյունոտ այս թակարդից, սրանով հույս առաջացնել, թե ողջ մնացած դեռ շատ մարդիկ կլինեն այնտեղ: Վիճակագրությունը փոխվում էր ժամ առ ժամ, կատարված աշխատանքների մասով՝ առանձին, զոհերի մասով՝ առանձին, քաղաքական մասով՝ առանձին: Ովքեր գտել էին իրենց հարազատներին մեռած կամ կենդանի, լքել էին այս ավերակները, մյուսները՝ աներեւույթ, այսպիսի պահերին հատուկ մոլորեցնող հույսից կառչած (իրենց հարազատին կենդանի գտնելու), կանգնել էին ու թեեւ փլատակը իրենց ներսում էր, չէին փլվում ու չէին հեռանում: Փոխարինում էին իրար: Եթե մեկը գնում էր մեկ – երկու րոպե հանգստանալու կամ հյութ խմելու, նրա փոխարեն հերթապահում էր մյուսը, այսպիսով բաց չթողնելով ամենաչնչին մանրուքն անգամ: Սպասում էին: Ջլատվելով, ուժասպառվելով՝ թեթեւություն էին զգում, մտածելով հարազատի մահը սեփական անձի չարչարանքով հավասարակշռելու գայթակղիչ, բայց խաբուսիկ հնարքի մասին: Ու նրանք՝ խեղված ու ջլատված, ոչ ոքի թույլ չէին տալու թեթեւացնել իրենց տառապանքը կամ զրկել դրանից, քանզի դա նրանց ամենամեծ մխիթարությունն էր լինելու հետագա ամբողջ կյանքի համար: Հարվածի անսպասելիությունն ու հանդգնությունը ցնցել էին ոչ միայն այս քաղաքը, այլեւ ամբողջ երկիրն ու աշխարհը: Ամերիկայի անխոցելիության պատրանքը հօդս էր ցնդել: Ու Ամերիկան ուզում էր ժամ առաջ ազատվել այս ավերակույտից, որ դարձել էր իր անպարտելիության խորտակված առասպելի արյունոտ խորհրդանիշը: Ու մարդիկ հասկացել էին, որ անխոցելի, անպարտելի՝ միայն Աստված է: Որ պետք էր մտածել ոչ թե անխոցելի կամ անպարտելի լինելու, այլ ողջ մնալու եւ ապրելու մասին: «Որովհետեւ ամենաամոթալի պարտությունն այն է, երբ փլատակների տակ ես, կաշկանդված՝ երկաթբետոնե անողոք իրականությամբ ու քեզ չորս- հինգ առնետներ են մոտենում»- մտածում էր Արգամն ու ցրված նայում աշխատող հրշեջներին, նրանց աշխատանքը խորհրդանշող հրշեջ մեքենաներին, պատգարակներով այս ու այն կողմ վազող բուժակներին, փլատակի բացված խորշում ողջ մնացած կնոջ ոտքը անդամահատող վիրաբույժներին, շներով՝ ավերակներն ու դրանց շրջակայքը զննող փրկարարներին, լուսաձայնային ազդանշաններով մոտեցող – հեռացող ավտոմեքենաներին, լացող ու չլացող հարազատներին: Կանգնել էր թղթապանակը թեւի տակ, լուռ ու անհաղորդ: Նիհարել էր, աչքերը սմքել էին: Ձեռքերը գրպանը դրած, հայացքը փլատակների փոշու, ծխի, խուլ տնքոցների մեջ գցած՝ հրաժեշտ էր տալիս Ջեննիին: Հրաժեշտ էր տալիս, ինչպես ողջը՝ ողջին: Համբուրում էր նրան, շոյում Բետտիին, ժպտում ու գնում: Բայց նույն վայրկյանին վերադառնում էր ու ամբողջը կրկնում նորից, տասն անգամ, հարյուր անգամ: Մտքի գործը հեշտ էր: Ամբողջ գիշեր լուսավոր ջանադրությամբ փրկում էր նրանց, խափանում նրանց այստեղ գալու ծրագիրը, ամեն հնարք գործադրում ու փոխում էր նրանց մտադրությունը: Իսկ երբ դա չէր հաջողվում ու նրանք, այնուամենայնիվ, մտնում էին այս անիծյալ շենքից ներս, հասնում էր ու փրկում՝ ինքնաթիռի մահացու բախումից ընդամենը մի ակնթարթ առաջ: Կամ բախումից անմիջապես հետո գրկած դուրս էր բերում նրանց, որը վերջին տարբերակն էր ու դրանով ամենածանրը: Ու նրան դա հաջողվում էր անել հոգեկան ու ֆիզիկական աներեւակայելի փորձության գնով: Սակայն ամենավերջում նա դարձյալ պարտվում էր ու ազատություն տալիս լարումից ընդարմացած տառապանքին: Սեղմում էր բարձը դեմքին ու գիշերային վհատ լռության մտրակող ներկայության տակ՝ իր մեջ, ներսում ցավի շեղբերին խփելով կտրատում, կոտորակում, մասնատում, ոչնչացնում էր այստեղ եւ միայն այստեղ ծնված ու իր մեջ սողոսկած խուլ, համր, անլսելի, անտեսանելի, օտար, երկար ու անիրական մի նյույորքցի ոռնոց:

Արգամը ցնցվեց՝ դիմացը Սթիվին տեսնելով:

– Որտե՞ղ են նրանք… Բետտին, Ջեննին… Ես ամեն տեղ փնտրել եմ նրանց, ողջերի, մեռելների մեջ,- խուճապի անորոշությամբ, կասկածով ու փախչող հույսով եռացող աչքերը Արգամին հառած, սկսված դողը զսպելու անտեղի ճիգից փլուզվելով, ձայնին փաթաթված խուլ աղմուկով հարցրեց Սթիվը:

Արգամը անհաղորդ կանգնել էր նրա դիմաց ու լռում էր: Այդ լռությունը սկզբում հուսադրում էր Սթիվին, սակայն երբ այն չափից ավելի ձգվեց, Սթիվն սկսեց վախենալ, թեեւ մինչեւ այստեղ հասնելը՝ իրեն թվացել էր, թե այլեւս հաշտվել է կնոջ ու դստեր կորստի իրողության հետ: Նույնիսկ տխրեց մի քիչ, որ ամեն ինչ այդչափ հեշտ կատարվեց, որ ինքը կարողացավ առանց մեծ ցնցումների ընդունել անողոք իրականությունը: Սակայն հասնելով այստեղ, կանգնելով ծխացող այս գերեզմանաբլրի դեմ- հանդիման, տեսնելով սավաններով ծածկված պատգարակներն ու դրանց հետեւից վազող հարազատներին, լսելով նրանց մահացու ծղրտոցը, հույսից իրականության անջատվելու խուլ դղիրդը, հասկացավ, որ դա խաբկանք է, հույզի ժամանակավոր արգելակում, մեծ հարվածի անսպասելիությամբ պայմանավորված թմբիր, ու հիմա, հավասարակշռության կորստի ու տապալման սպառնալիքից կարկամած, կանգնել ու սպասում է: Իսկ Արգամը, կարծես, չի էլ պատրաստվում խոսել:

Արգամը հասկացավ, որ Սթիվի ասած «ամեն տեղ»-ի մեջ այս մի տեղի պատասխանատվությունը՝ իրենն էր ու ինքը համակերպվեց այդպիսի բաշխմանը, ինչքան էլ այն անարդար էր: Վերցրեց իր բաժինը՝ չմտածելով հետեւանքների մասին: «Ողջեր, մեռելներ» – ծոր տվեց մտքում: Ինչքան որ հեշտ էր այս երկու բառն արտաբերելը, նույնքան դժվար էր դրանց իմաստի մեջ տեղավորվելն ու չխճճվելը: Ի վերջո, ապրած կյանքի ուրախությունների ու հաջողությունների հանրագումարն անգամ չէր կարող փոխհատուցել մահվան անխուսափելիության ողջ անհեթեթությունը: Ու ինչքան դժվար է մեռնելը, նույնքան դժվար է ապրելը, ու կյանքի փառաբանումը ընդամենը խաբկանք է, մեծ կեղծիք՝ արդարացնելու տառապանքն ու իմաստավորելու համար մահը: Արգամը թեթեւ ժպտաց: Դա ժպիտ էլ չէր, պարզապես՝ բերանի անկյունում շուրթերը աննկատ թրթռացին: Սթիվը նկատեց ու ձգվեց: Սակայն Արգամը ընդամենը տարուբերեց գլուխը, որից Սթիվի համար այնքան էլ պարզ չդարձավ, նա չգիտե՞ր որտեղ են իր աղջիկն ու կինը, թե՞ դա նշանակում էր, որ նրանք այլեւս չկան: Հայացքով Արգամի աչքերի մեջ տենդագին թափառելով ու ոչինչ չգտնելով, հանկարծ թուլացավ, ուսերը կուչ եկան, վիզը թեքվեց, գլուխը դրեց Արգամի ուսին ու կամաց հեծկլտաց: Արգամը փորձ չարեց նրան հանգստացնելու կամ սփոփելու: Ինչպես կանգնած էր, այդպես էլ մնաց, միայն ատամները սեղմեց, ներս հոսող արցունքները աղմուկով կուլ տվեց ու անշարժացավ: Փոխարկվեց ինչ- որ բանի, բայց թե ինչի՝ չկարողացավ ոչ տեսնել, ոչ հասկանալ: Իրերը դարձան անտեսանելի, ողբերը՝ հազիվ լսելի ու շուրջբոլորը՝ մշուշով պատված: Նույն պահին ավերակներից մի քար բարձրացավ, բարձրացավ, բարձրացավ, փոխվեց հսկա քարաժայռի ու քինոտ աղմուկով գահավիժելով ոչնչացրեց բոլոր ձայները: Ուզեց փախչել, սակայն Սթիվը խոշտանգելու կրքով բռնված՝ ձեռքերի մեջ հավաքել էր իր վերնաշապիկն ու կատաղի ծեծում էր կուրծքը:

– Ինչո՞ւ չփրկեցիր նրանց, ինչո՞ւ չփրկեցիր նրանց:

Արգամը փակել էր աչքերը: Այդպես ավելի ապահով էր զգում իրեն: «Չէ, ավելի հարմար» – ուղղեց ինքն իրեն: Սակայն ո՞վ է այս անծանոթը, որ հավաքել իր օձիքն ու ծեծում էր կուրծքը: Դա Ջեննիի հպարտ ու ամենազորության չափ անողոք ամուսինը չէ, որ ծաղրուծանակի էր ենթարկում իրեն ու լպիրշաբար վառում էր իր գրածը: Ի՞նչն է նրան այդպես կոտրել: Աղե՞տը: Կարող է: Աղետը ավելի զորավորներին է կոտրել: Բայց Սթիվը լրիվ անճանաչելի է դարձել: Ու ինչքան էլ անծանոթ, ինքը սրտանց կուզենար օգնել այս մարդուն: Սակայն…

– Ես փրկիչ չեմ,- մրմնջաց Արգամը:

Արգամի հանգստությունն ավելի գրգռեց Սթիվին ու նա ավելի կատաղի սկսեց ծեծել նրա կուրծքը:

– Ո՞վ ես հապա դու, ո՞վ: Ո՞ւմ ես դու պետք,- գոռում էր Սթիվը անչար ու անօգնական:

Արգամը չէր դիմադրում, չէր փորձում ազատվել նրա ճանկերից: Թույլ էր տալիս, որ նա ինքն իրեն ազատագրի այն իրականության բռնադատումից, որի մեջ հանկարծակի հայտնվելով, այդ իրականության անկռահելի շարժումների ընթացքից կորցրել էր ինքնատիրապետումն ու սայթաքում էր անընդհատ, որովհետեւ ամեն ինչ նոր էր, անծանոթ ու կասկածելի:

– Դու դժբախտություն բերեցիր իմ տուն,- հեծկլտաց Սթիվը, բաց թողեց Արգամին ու ամբողջ ուժով գոռաց,- չքվիր…

Արգամը չարձագանքեց, որեւէ կերպ չզգացնելով, թե նրա խոսքերը վիրավորել կամ գրգռել են իրեն: Լարված ուշադրությամբ նայում էր Սթիվին: Հայացքի մեջ՝ ցավի կողքին հայտնված հեգնանքը բաժանարար այն գիծն էր, որից այս կողմ Սթիվն այլեւս անելիք չուներ, ու Արգամը դառնում էր գրեթե անխոցելի: «Եթե Հայաստանի իշխանավորների գնդակահարությունը խորհրդարանում՝ ժողովրդին ահաբեկելու նպատակ էր հետապնդում, ապա սեպտեմբերի 11- ին հասարակ մարդկանց տեռորի ենթարկելը, հավանաբար, ուներ իշխանություններին ահաբեկելու եւ կարեւոր զիջումներ կորզելու կամ պարտադրելու նպատակ: Հավանաբար: Իսկ թե ինչպիսի զիջումներ, դա կարեւոր չէ: Հասկացա՞ր»,- մտքում Սթիվին հարցրեց Արգամը, որի համար որեւէ նշանակություն չուներ, հասկանո՞ւմ է նա այդ ճշմարտությունը, եթե դա ճշմարտություն է, թե՞… Առեւտրի կենտրոնի հազարավոր կյանքեր ջախջախած արյունոտ ավերակույտը նման հարցեր պարզելու տեղը չէր: Որոշ ժամանակ լռելուց հետո Արգամը որոնեց ու տաբատի գրպանում գտնելով նրանց տան բանալին՝ հանեց ու մեկնեց Սթիվին:

– Ներիր,- խզված ձայնով շշնջաց, շրջվեց ու դանդաղ հեռացավ:

Սթիվը կարծես թե չնկատեց Արգամի հեռանալը: Պահելով բանալիները դողացող ձեռքերի մեջ, պարզ տեսնելով մետաղից իրեն փոխանցվող կնոջ ու աղջկա բույրը, փղձկաց ու դրանք զույգ ափերով մոտեցրեց շուրթերին:

– Որտե՞ղ ես, աղջիկս… Որտե՞ղ եք, Ջեննի: Ես ի՞նչ եմ անելու հիմա, ի՞նչ, ի՞նչ ի՞նչ,- հարցնում էր նա այնպիսի ջանադրությամբ, կարծես շատ կարեւոր էր այս պահին իր անելիքը ճշտելը:

Թղթապանակը ձախ թեւատակին սեղմած, ձեռքերը տաբատի գրպանները դրած, ուսերն առաջ հավաքած՝ մարդկանց հետ բախվելը չնկատելով ու չզգալով, Արգամը դանդաղ դուրս էր գալիս ամբոխի միջից: Ու քանի առաջանում էր, այնքան ավելի հաճախակի էր դառնում իր եւ անցորդների բախումը: Դա՞ էր պատճառը գնալով մեծացող տագնապի, թե՞ մի այլ բան, չէր փորձում պարզել: Զգում էր, պարզապես, որ դա մեծացնում է տագնապը, քայլերին հաղորդում խուճապ, արգելակում շնչառությունն ու ընթացքը դարձնում փախուստ: Առեւտրի կենտրոնի՝ ավերակների վերածված հարավային աշտարակի կողմից դուրս գալով Ազատության փողոց, դժվարորեն առաջանալով, խրվեց այն հատող Վաշինգտոնի փողոցի հոծ բազմության մեջ: Չէր նայում մարդկանց՝ չկլանելու համար նրանց աչքերում վախի, հուսահատության, կորստի ու անորոշության առաջացրած մեծ, սեւ կախաղան հիշեցնող մահացու հարցականները, որոնց պարաններից կախված ճոճվում են՝ այնտեղ, ավերակույտերի տակ մնացածների կարմիր ու դեռ տաք արտացոլությունները: Նա չէր կասկածում այլեւս, որ այդ կախաղանների վրա կգտնի նաեւ… Քիչ անց, փորձելու համար ինքն իրեն, որովհետեւ սխալված լինելու, Ջեննիին ու Բետտիին այդ կախաղաններին չտեսնելու գայթակղությունն այն աստիճան մեծ էր, որ թվում էր արդեն, թե նրանց ողջ լինել- չլինելը պայմանավորված էր հենց դրանով, բարձրացրեց հայացքն ու… առաջացած տարիքով սեւամորթի աչքերի կախաղանում տեսավ… Երերաց, կանգնեց: Դա Ջեննին էր: Ինչո՞ւ տեսավ նրան այս տղամարդու աչքերի մեջ: Ինչո՞ւ: Գուցե այս սեւամորթն էր այն ուժեղ տղամարդը, որ կարող էր փրկել Ջեննիին, բայց չփրկեց, ու ճակատագիրը հիմա ծաղրում է սրան, թեկուզ ուշացումով տեղավորելով Ջեննիին նրա աչքերի կախաղաններին: Իսկ սեւամորթը գիտե՞ այդ մասին: Կարեւոր չէ: Արգամը զգուշորեն իջեցրեց Ջեննիին կախաղանից ու նրա փոխարեն կախեց Նանեին: Առաջ անցավ, որոնեց ու ահա այս դեղնամորթ, հավանաբար՝ չինացու աչքերի նեղվածքում գտավ դարձյալ Ջեննիին: Դարձյալ ազատեց նրան սեւ պարանի սեղմումից, դրեց իր ծոցը, հենց սրտի վրա ու նրա փոխարեն այս անգամ կախաղան բարձրացրեց Մամիկոնին: Հետո՝ լղարիկ պաշտոնյային կախեց խարխլված մի պառավի աչքերի կախաղանից: Ու այսպես հերթով՝ իր դպրոցի տնօրենին, ցուցարար Ազատին, ավտոբուսում մոր դրամապանակը գողանալու մեջ իրեն մեղադրող առնետադեմ մարդուն, սոցիալական ապահովության ճերմակայտ նախարարին, ավտոկայանում ձեթի մեջ դաղված կարկանդակ վաճառողին: Կախեց Սահակին, իրեն ծեծողներին, Թեմիստոկլեսին՝ իր ոչ ոքի պետք չեկող օրինապաշտությամբ, իր պրոբլեմների մեջ խճճված Սիմոնիդեսին, չխնայեց անգամ Վարուժանին ու Սեդրակին: Չխնայեց Բագրատ Սուվարյանին, Խաժակին, Ներսեսին, Վարդանին, այդ մոլագար կուսակցապետերին, պրեզիդենտին՝ իր նախարարներով, Սպիավորին՝ մետաղալարի վրա հագցրած սեւ կրծկալի հետ, բոլոր լրագրողներին, Տիգրանին, Վարոյին, Սերոյին, քաղաքապետարանի ճարտարապետին ու նրա քարտուղարուհուն: Առանց տատանվելու պարանը հագցրեց վիզն ու ճոճեց այդ աղջնակին՝ վախեցած դեպի փլատակները վազող հաստաքամակ կնոջ աչքերում: Կախեց Ազգային ժողովի պատգամավորներին, որոնք պառկել էին գետնին, երբ Տիգրանը կրակում ու սպանում էր: Կախեց նրանց, ովքեր ինքնաթիռներն ուղղեցին դեպի Համաշխարհային առեւտրի կենտրոնի երկնաքերերը: Թե քանիսին բարձրացրեց կախաղան, չգիտեր, բայց այդքան անգամ ազատեց Ջեննիին, որը հիմա չէր երեւում անցորդների աչքերի կախաղաններին: Հիմա ինքն ազատում էր Բետտիին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել