Երեկ տեղեկացրել ենք, որ հայկական պատմամշակութային հուշարձանների պահպանմանը եւ իրազեկության բարձրացմանը նպաստող նախագծերին սատար կանգնելու իր դիրքորոշմանը համաձայն, «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության աջակցությամբ եւ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչի ու ՀՀ-ում Իտալիայի պատվո հյուպատոս Անտոնիո Մոնտարիոյի մասնակցությամբ, Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի պատմական գերեզմանոցը ցանկապատվել է, տեղադրվել են տեղեկատվական վահանակներ: Պատմական գերեզմանոցում պահպանվել են 9-18-րդ դարերին թվագրվող ութ հարյուրից ավելի գեղաքանդակ խաչքարեր եւ սրբատաշ շարվածքով մատուռը:
Ծրագիրը այս գարնանն էր սկսվել եւ Գեղարքունիքի մշակութային հուշարձանների պահպանությանն ուղղված միակ նախաձեռնությունը չէ: Ամռանը Գեղարքունիքի մարզի համայնքներում սկսվել են պատմական հուշարձանների հետազոտական, չափագրման, լուսանկարման, անձնագրերի կազմման եւ պահպանության գոտիների ստեղծման աշխատանքները՝ ՀՀ մշակույթի նախարարության ուժերով: Ծափաթաղ, Ջիլ, Արտանիշ, Շորժա, Դրախտիկ, Ծաղկունք, Չկալովկա, Նորաշեն, Ծովազարդ, Լճափ, Բերդկունք, Հայրավանք, Նորատուս, Կարմիրգյուղ, Գեղարքունիք, Սարուխան, Ներքին Գետաշեն գյուղերում աշխատանքներն արդեն ավարտվել են:
Իսկ մարզի Վաղաշեն գյուղի կենտրոնում, գյուղապետարանի շենքի հարեւանությամբ նոր եկեղեցի է կառուցվում՝ ծնունդով վաղաշենցի, ուկրաինաբնակ գործարար Հենրիկ Մելքոնյանի աջակցությամբ: Եկեղեցու բացումն ու օծումը նախատեսված է այս տարվա վերջին, դրանից հետո կբարեկարգվի եկեղեցու հարակից տարածքը եւ բակում կտեղադրվի Մեծ եղեռնի, Առաջին ու Երկրորդ աշխարհամարտերում եւ արցախյան ազատամարտում զոհված վաղաշենցիների հիշատակի ու փառքի հուշարձանը: Կառուցվող եկեղեցուց քիչ հեռու կա միջնադարյան եկեղեցի, որը 1830 թվականից հետո նորոգել են Վաղաշենում վերաբնակված ալաշկերտցի գաղթականները: Եկեղեցին այսօր չի գործում: Պատմագիտական եւ մշակութային մեծ արժեք ներկայացող եկեղեցին հետագա քայքայումից փրկելու համար վաղաշենցիք թիթեղյա ծածկի տակ են առել այն:
Հիշեցնենք, որ Մխիթար Գոշի «Դատաստանագրքով» պատիժ էր սահմանված, եթե հանդգնեիր գործող եկեղեցին անխնամ ու անտեր թողնել ու նորը կառուցել: