Ծրագիրը շուտով կլինի, մնում է գումարներ հայթայթել
«Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոն» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը ԵԱՀԿ-ի ֆինանսավորմամբ, Կապան քաղաքում իրականացնում է համայնքի շրջակա միջավայրի բնապահպանական պլանի մշակում: «Կապանը մենք ենք առաջարկել, քանի որ արդյունաբերական քաղաքն ունենալով էկոլոգիական բազմաթիվ խնդիրներ՝ չուներ մշակված բնապահպանական պլան: Մեր մասնագետների օգնությամբ, տեղական ներկայացուցիչների անմիջական մասնակցությամբ ու նրանց առաջ քաշած համայնքի գերակա խնդիրների հիման վրա կստեղծվի պլան, որը կօգնի հետագայում ավելի կոնկրետ եւ հստակեցված ծրագրեր մշակել Կապանի խնդիրների լուծման համար: «Leaps» ծրագրի շրջանակում իրականացվող նախաձեռնությունը ավարտին որպես բանալի կծառայի համայնքին՝ խնդիրների լուծման համար»,- նշում է «Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոն» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Նունե Հարությունյանը:
«Մեր ծրագիրը նախատեսում է աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ բոլոր շահագրգիռ կողմերի համագործակցությամբ: Կապանը էկոլոգիական խնդիրների լուծման եւ ավելի լավ կառավարման կարիք ուներ, ուստի խորհուրդը որոշեց ընտրել հենց Կապանը: Քաղաքացիական հասարակությունը, տեղական իշխանությունները եւ հասարակական կազմակերպություններն իրենք են տեղում որոշելու, թե որ խնդիրներն են առաջնային համայնքի համար եւ հետագա աշխատանքները կտարվեն այդ ուղղությամբ»,- ավելացնում է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի տնտեսական եւ շրջակա միջավայրի հարցերով միջազգային խորհրդատու Վիլիամ Հանլոնը:
Հայաստանում բնապահպանական պլան է մշակվել նաեւ Արարատ, Գյումրի, Վարդենիս եւ Սյունիքի Քաջարան քաղաքների համար: Ըստ Քաջարանի ներկայացուցչի, ծրագիրը հաջողված էր եւ համայնքի կողմից 70%-ով իրականացվել է: Քաջարան քաղաքում ծրագրի իրականացման համար ֆինանսական հարցեր չծագեցին, քանի որ բնապահպանական խնդիրների համար նախատեսված հատկացումները նպատակաուղղվեցին ծրագրի իրագործմանը: Իսկ ահա Կապանի համար անհրաժեշտ ֆինանսներ գտնելու խնդիր է առաջանալու:
Կապանի շրջակա միջավայրի պահպանության տեղական գործողությունների պլանի ստեղծման համար ծրագրով 8 ամսում 15 հազար եվրո կծախսվի, որը, ըստ ծրագրի պատասխանատուների, կուղղվի կազմակերպչական աշխատանքների ու փորձագետների վարձատրությանը: Իսկ ահա ստեղծված պլանում ընդգրկված գերակա խնդիրների լուծումը համայնքն ինքն է իրականացնելու:
Ծրագրի պատասխանատուները հավաստիացնում են, որ պլանի մշակումից հետո էլ կշարունակեն հետեւողականություն ցուցաբերել ծրագիրը իրականացնելու հարցում: