Մարզպետի քաղաքապետ որդին մասնակցելու է հերթական ընտրությանը, եթե անգամ հորն ազատեն պաշտոնից
Կովալենկո Շահգալդյանը Կոտայքի մարզպետն է արդեն 10 տարի, իսկ նրա որդի Հակոբը Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի քաղաքապետը՝ 2007 թվականից: 2011-ի հունվարին Չարենցավանում քաղաքապետի հերթական ընտրություն է: Քաղաքը չորս տարի ղեկավարած Հակոբ Շահգալդյանին հարցրինք՝ դժվար չէ՞ աշխատել մի քաղաքի քաղաքապետ, երբ ողջ մարզի ղեկավարը հայրդ է: «Հակառակը, դա պարտավորեցնող է: Հայրդ է, եւ, բնականաբար, պետք է այնպես անես, որ սխալներ թույլ չտաս, ամեն ինչ անես, որ մարզպետի որդի երեւաս ոչ թե վատ առումով, այլ բոլորից մի գլուխ բարձր»,- ասաց որդի Շահգալդյանը: Վերջին մի քանի օրերին համառ լուրեր ու խոսակցություններ կան, որ Կովալենկո Շահգալդյանին ազատելու են Կոտայքի մարզպետի պաշտոնից: Այս լուրերը հասել են նաեւ մարզպետի քաղաքապետ որդուն. «Իմ հայրը մոտավորապես 10 տարի մարզպետ է, եւ անցած տասը տարում ամեն ամիս մեկ-երկու անգամ նման խոսակցություններ են լինում: Բնականաբար՝ պաշտոնը որեւէ մեկին ժառանգություն տրված չէ, բայց այսօր Կոտայքի մարզպետին պաշտոնից հանելու մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում: Եթե նման բան լինի՝ բոլորն էլ կիմանան»:
Ամեն դեպքում, Հայաստանում մարզպետը նշանակովի պաշտոնյա է: Մի օր նշանակել են, մի օր էլ հանելու են: Եթե հայր Շահգալդյանին մի օր ազատեն աշխատանքից, միեւնույն է՝ որդի Շահգալդյանը փորձելու է քաղաքապետ դառնալ՝ առաջադրվելու է ընտրություններում. «Կառաջադրվեմ եւ իմ գործողությունների մեջ ավելի ազատ կլինեմ, մարզպետ-քաղաքապետ հարաբերությունները կլինեն ավելի բարձր մակարդակի վրա, որովհետեւ հայրդ քեզանից միշտ ավելի շատ է պահանջում, իսկ այլ մարզպետը միգուցե այդպիսի պահանջներ չդնի: Չարենցավանի քաղաքապետ առաջադրվել-չառաջադրվելը մարզպետի հետ կապ չունի: Ես առաջադրվել եմ ոչ թե որպես մարզպետի որդի, այլ՝ Չարենցավանի բնակիչ, մինչ այդ աշխատել եմ այնպիսի մի գործարանի տնօրեն, որի բյուջեն Չարենցավան քաղաքի բյուջեից երեք անգամ ավելի էր: Կար 400 աշխատող: Չարենցավանցիք ինձ հարգում են՝ ոչ որպես մարզպետի որդի: Իհարկե, հորս անունը դեր խաղում է: Հայրս երկար տարիներ աշխատել է արդյունաբերության ոլորտում, բրիգադավարից հասել է տնօրենի պաշտոնի, հարգանք ունի այս քաղաքում: Բայց ես առիթից չեմ օգտվում: Ես 36 տարի ապրում եմ այս քաղաքում եւ մինչեւ կյանքիս վերջ ապրելու եմ այստեղ՝ անկախ նրանից՝ կլինե՞մ քաղաքապետ, թե՞ չէ»,- հայտարարեց Չարենցավանի գործող քաղաքապետը:
Հայր Շահգալդյանը ղեկավարում է մարզը, որդի Շահգալդյանը՝ Չարենցավանը: Ու ստացվում է, որ մասնավորաբար Չարենցավանի դեպքում հայր եւ որդու խնդիրներն ու անելիքները նույնն են կամ գրեթե նույնն են: Սա նկատի ունենալով, որդի Շահգալդյանին հարցրինք՝ տանը, աշխատանքից հետո՝ իրար հետ կիսվո՞ւմ եք, խորհուրդ տալի՞ս եք: «Խորհուրդ տվողը հայրս է, քանի որ ունի կյանքի եւ աշխատանքի մեծ փորձ: Հորս կողմից նկատողություն էլ եմ ստացել, երբեմն՝ նույնիսկ բանը հասել է վիրավորանքի աստիճանի»:
Մարզպետն ու քաղաքապետը միասին են ապրում, Չարենցավանի 9 հարկանի բազմաբնակարան շենքերից մեկում: Քաղաքապետը վստահեցնում է, որ հարեւանների հետ լավ հարաբերությունների մեջ են, շենքը քաղաքի որեւէ այլ շենքի համեմատ արտոնյալ կամ առավել չէ: Ի հավելումն. «մենք մոդայի հետեւից չենք ընկնում, որ ախրաննիկներ ունենանք: Ընդհակառակը՝ սովորական կյանքով ապրող ընտանիք ենք, որ այս քաղաքից հեռանալու մտադրություն չունի»:
Թե Կոտայքի մարզում, թե Չարենցավանում շատ են խոսում, որ Հակոբ Շահգալդյանի հայրը մարզպետ է՝ դրա համար էլ որդին դարձավ քաղաքապետ: Այս պնդումներին ի պատասխան, Հակոբ Շահգալդյանը նկատեց. «Ի՞նչ կա դրա մեջ: Չարենցավանը հանրապետությունում օրինակելի քաղաք է: Եթե չարենցավանցիք կգտնեն, որ անցած չորս տարում քաղաքը չի զարգացել, 2011-ի հունվարին կարող են իրենց ընտրությունը անել: Ես պաշտոնից կպած չեմ: Ինձ թվում է՝ հունվարին պարզ կլինի՝ ճի՞շտ էր իմ քաղաքապետ լինելը, թե՞ ոչ: Ես անպայման առաջադրվելու եմ»:
Հ. Գ. Հակոբ Շահգալդյանը քաղաքապետ է ընտրվել 2007 թվականի հունվարի 28-ին՝ չունենալով ոչ մի մրցակից: Թեկնածությունը չէր առաջադրել անգամ մինչ այդ գործող քաղաքապետ՝ հանրապետական Ռուդոլֆ Մնացականյանը: Կարճ ժամանակով թեկնածու, ՄԱԿ-ական Արթուր Գալստյանը ընտրապայքարից հրաժարվելը պատճառաբանել էր բախումների մեծ հավանականությամբ: Ընտրությունների քարոզարշավի ժամանակ չարենցավանցիները նշում էին, թե մարզպետ հայրը քաղաքապետի պաշտոն նվիրեց որդուն: