Հասարակական դիտորդների խումբը երեկ հրատապ հաշվետվություն է ուղարկել արդարադատության նախարարին
Դիտորդները տեղեկացնում են, որ 28 օր «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահել են ՀՀ քաղաքացի Սարգիս Պողոսյանին։
Հասարակական դիտորդների խմբի անդամներ Ավետիք Իշխանյանը, Արթուր Սաքունցը եւ Արման Դանիելյանը դեռ սեպտեմբերի 2-ին այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ։ Այցելության ընթացքում պարզվել է, որ հիմնարկում օգոստոսի 5-ից մինչեւ սեպտեմբերի 1-ը, առանց օրենքով նախատեսված հիմքերի, պահվել է ՀՀ քաղաքացի Սարգիս Մանուկի Պողոսյանը։
Ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են հետեւյալ փաստաթղթերը: Ազատազրկվածի քարտում նշված է. «Մուտք է եղել հիմնարկ 05.08.2010 թվականին եւ ազատվել է 01.09.10 թվականին՝ ՀՀ գլխավոր դատախազության թիվ 21/32-570-10 գրության համաձայն:
ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից 1344 եւ 1349 հոդվածներով հանցագործություններ կատարելու մեջ կասկածվող, 29.07.10 թվականից հետախուզվող Սարգիս Մանուկի Պողոսյանը՝ ՀՀ Քրդատօրով սահմանված 72-ժամյա ժամկետը լրանալու կապակցությամբ, ազատ է արձակվել, քանի որ չի ստացվել խափանման միջոց կալանք ընտրելու մասին որոշումը: Հաշվի առնելով Ս. Պողոսյանի կողմից կատարված արարքի ծանրությունը, ինչպես նաեւ ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով հանձնարարվում է, հիմք ընդունելով ԱՄՆ ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից 28.07.2010թ. հրապարակված շրջաբերականի տեքստով, կալանքի վերցնել Ս. Պողոսյանին՝ մինչեւ ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից համապատասխան փաստաթղթերի ստացումը»։
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հ. Թամամյանի 05.08.2010 թվականի N 373-32-98 գրությամբ, որն ուղղվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետ Տ. Նավասարդյանին, ասվել է. «Ուղարկվում է՝ բանկային խարդախության փորձ կատարելու համար ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից հետախուզվող ՀՀ քաղաքացի Ս. Պողոսյանը, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ՝ պահման ընդունելու եւ ՀՀ գլխավոր դատախազության վրա հաշվարկելու համար»: ՔԿՀ պետ Տ. Նավասարդյանն իր գրությամբ (06.08.2010) դիմել է ՀՀ գլխավոր դատախազության վարչության պետ Վ. Ավետիսյանին. «Հայտնում ենք, որ 05.08.10 թվականին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ է տեղափոխվել ԱՄՆ քրեական օրենսգրքի 18 պարբերության 1344 եւ 1349 հոդվածներով հետախուզվող Ս. Պողոսյանը:
2010 թ. սեպտեմբերի 1-ին Ս. Պողոսյանը ազատ է արձակվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Դանիելյանի՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետ Տ. Նավասարդյանին ուղղված գրության հիման վրա»:
Հասարակական դիտորդների խումբը գտնում է, որ Սարգիս Պողոսյանը 28 օր ապօրինի պահվել է կալանքի մեջ, ինչը Քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածով նախատեսված հանցանք է։ Դիտորդները նախարարից խնդրում են տեղի ունեցածի կապակցությամբ ձեռնարկել համապատասխան միջոցներ եւ պատժել մեղավորներին։