Մի ինքնասպանության պատմություն
ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջն անդրադարձել է տողերիս հեղինակի օգոստոսի 11-ի հրապարակմանը («Տղաս ուներ ապրելու իրավունք. մի ինքնասպանության պատմություն»)՝ Վանաձորի 33-ամյա բնակիչ Համլետ Քարհանյանի ինքնասպանության գործին: «Մենք անհրաժեշտ ենք համարում ծանոթացնել նաեւ այն արդյունքներին, որին հանգել է քրեական գործը վարող նախաքննական մարմինը։ 2009 թ. հոկտեմբերի 10-ին Վանաձոր-Ստեփանավան ճանապարհի հարեւանությամբ գտնվող «Կամակատար» մատուռի մոտ կատարվել է սպանության փորձ։ Մինչ այդ՝ տեղի ունեցած միջադեպը պարզաբանելու նպատակով, այստեղ են եկել երկու խումբ. մի կողմից՝ Վանաձորի բնակիչներ Արման Գեւորգյանը եւ Արմեն Թամարյանը, մյուս կողմից՝ նույնպես Վանաձորի բնակիչներ Բորիս Մանուկյանը, Սերժիկ Պապյանը եւ Դավիթ Ղումաշյանը։ Պարզաբանումից հետո Արման Գեւորգյանը եւ Արմեն Թամարյանը նստել են վերջինիս վարած մեքենան ու հեռացել։ Սակայն փոքր-ինչ հեռանալով՝ Արման Գեւորգյանն իր մոտ ապօրինի գտնվող «Կալաշնիկով» ինքնաձիգից կրակոցներ է արձակել տեղում մնացած հակառակորդների եւ նրանց մեքենայի ուղղությամբ։ Դավիթ Ղումաշյանը ստացել է հրազենային վնասվածք։ Մեքենան գնդակոծվել է եւ խափանվել։ Այնուհետեւ երկու խումբն էլ փախուստի են դիմել։ Արման Գեւորգյանը եւ Արմեն Թամարյանը նույն երեկոյան Բագրատաշենի անցակետով հեռացել են Հայաստանից։
Իրավապահ մարմինները կատարվածը որակել են որպես առանձնապես ծանր հանցագործություն՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված սպանության փորձ, որն ավարտին չի հասել հանցագործի կամքից անկախ պատճառներով», -տեղեկացնում է ոստիկանությունը:
Ըստ ոստիկանության՝ նախաքննական մարմինը Համլետ Քարհանյանի գործողություններում նկատել է կատարված հանցագործությունը թաքցնելու միտում եւ գտել, որ Դավիթ Ղումաշյանին դեպքի վայրից հեռացնելով՝ նա աջակցել է վերջինիս փախուստին։ «Առավոտի» հրապարակման հետ կապված՝ ոստիկանությունը հանդես է եկել երկու ճշգրտմամբ։ «Առավոտը» գրում է, թե «կրակոցների գործը փակել են Համլետի մահվան պատճառաբանությամբ»։ Իրականում Համլետ Քարհանյանի ինքնասպանությունից հետո որոշում է կայացվել նրա նկատմամբ հարուցված քրեական գործի հետապնդումը դադարեցնելու եւ խափանման միջոց գրավը վերացնելու մասին։
Կասեցվել է Արման Գեւորգյանի եւ Արմեն Թամարյանի նկատմամբ հարուցված քրական գործի վարույթը, առաջինի՝ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվելու, եւ երկրորդի՝ վարույթն իրականացնող մարմնից թաքնված լինելու պատճառաբանությամբ։
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ Արման Գեւորգյանը հայտնաբերվել եւ ձերբակալվել է Ռուսաստանում։ 2010 թվականի օգոստոսի 5-ին նա բերվել է Հայաստան։ Քրեական գործով կասեցված վարույթը նույն օրը վերսկսվել է։ Արման Գեւորգյանին մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրօրի 34-104 եւ 235 հոդվածներով։ Մեղադրյալ Արման Գեւորգյանը մանրամասն ցուցմունքներ է տվել կատարվածի վերաբերյալ։
Ի դեպ, Արման Գեւորգյանը հայտնել է նաեւ, որ իր օգտագործած «Կալաշնիկով» ավտոմատը 2009թ. փետրվար կամ մարտ ամսին ապառիկ գնել է Համլետ Քարհանյանից՝ վերջինիս առաջարկով։