Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ, նշանակվել էր Թումանյան փողոցում գտնվող լոմբարդի պատասխանատու Աշոտ Կրոյանի դեմ հայցադիմումի քննության նախնական նիստը: Պատասխանողը տեղեկացվել էր նիստի օրվա եւ տեղի մասին, սակայն չէր ներկայացել դատարան:
Հայցվոր Հայկ Մարտիրոսյանը դատարան էր եկել իր ներկայացուցչի՝ փաստաբան Լեւոն Ղազարյանի հետ: Հայկ Մարտիրոսյանը դատարանին տեղեկացրել էր, որ իր եւ լոմբարդի աշխատակից Աշոտ Կրոյանի միջեւ այս տարվա հունիսի 22-ին կնքվել է փոխառության պայմանագիր, որի համաձայն Կրոյանը պարտավորվել է, որ առանց տոկոսի ստացած 15 000 դոլար գումարը կվերադարձնի Հայկ Մարտիրոսյանին մի քանի օր հետո՝ հունիսի 28-ին: Աշոտ Կրոյանն իր ստանձնած պարտավորությունը չի կատարել, չի վճարել գումարը մինչ օրս:
Հայցվորը մի քանի անգամ դիմել է լոմբարդի աշխատակցին, սակայն նա շարունակ խաբել է, «փախել», բերել պատճառաբանություններ՝ «պապիկս է մեռել, մորաքույրս է մեռել», «հիվանդանոց եմ ընկել», ասել, որ կտա նշված գումարը: Լոմբարդի աշխատակիցը, որը իր տանիք է համարել ՀՀ գլխավոր դատախազության աշխատակից ոմն Կրոյանի, շարունակ ֆռռացրել է ոչ միայն հայցվորին, այլեւ տասնյակ քաղաքացիների՝ խարդախությամբ տիրանալով նրանց գույքին:
Հայցվորը վկայակոչել էր ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 877 հոդվածը, որի համաձայն, փոխառության պայմանագրով, մեկ կողմը մյուս կողմի սեփականությանն է հանձնում դրամ կամ տեսակայանի հատկանիշով որոշվող գույք, իսկ փոխառուն պարտավորվում է փոխատուին վերադարձնել միեւնույն գումարի դրամ կամ փոխատուից ստացված գույքին հավասար քանակի եւ տեսակի գույք:
Նորահայտ «հարուստ» Աշոտ Կրոյանից Հայկ Մարտիրոսյանը դատարանի միջոցով պահանջել էր նաեւ արգելանք դնել նրան պատկանող գույքի եւ դրամական միջոցների վրա՝ հայցագնի չափով:
Դատական հաջորդ նիստի օրվա նշանակման մասին կհայտնվի լրացուցիչ: