Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԳՅՈՒՏ Է ԱՐԵԼ՝ ՏԵՐ ԿԱՆԳՆՈՂ ՉԿԱ

Սեպտեմբեր 10,2010 00:00

Օրերս «Առավոտին» էր դիմել ինժեներ Համլետ Դավթյանը: Նա մի գյուտ է արել, սակայն որքան ջանում է այն ներկայացնել գիտնականների եւ մեր երկրի համար պատասխանատու անձանց ուշադրությանը՝ չի ստացվում: Երբ իր գյուտի մանրամասները փորձել է նաեւ ՀՀ նախագահին ներկայացնել, նախագահականից Համլետ Դավթյանին պատասխանել են՝ նախագահը նման բաներով չի զբաղվում: Գյուտարարը ստեղծել է մի շարժիչ, որը կարող է վառելիքը տնտեսել 3 անգամ: Ընդ որում, շարժիչը կարող է աշխատել 20-ից մինչեւ 300 կվ հզորությունով: Ինչպես պարոն Դավթյանն է ասում, անհրաժեշտ է ընդամենը շարժիչի «գաբարիտները» մեծացնել, որպեսզի ստանան ցանկալի հզորությունը: Շարժիչը կարելի է կիրառել ինչպես սովորական ավտոմեքենաների, այնպես էլ ինքնաթիռների արտադրությունում:

Մեր այն հարցին, թե ինչո՞ւ չի դիմել գյուտը գրանցելու, Հ. Դավթյանն ասաց. «Այս երկրում շատ հաճախ դժվար է ապացուցել անգամ, որ մածունը սպիտակ է: Ինձ անհրաժեշտ են մասնագետներ մեխանիկայի ինստիտուտից, որպեսզի կարողանամ արդյունքի հասնել: Բացի այդ, աչքերս գրեթե չեն տեսնում, այնպիսի մասնագետ է ինձ պետք, որ ինչ ասեմ՝ հասկանա ու գրի առնի: Դիմել եմ նաեւ գյուտերի եւ հայտնագործությունների գրանցման կոմիտե: Փաստաթղթերի այնպիսի ցուցակ պահանջեցին, որ ես ի վիճակի չեմ ներկայացնելու: Ես ընդամենը ուզում եմ այս երկրին օգուտ տալ: Եթե կա ինչ-որ գործարար, կամ մեկ այլ ոլորտի մարդ, որը կաջակցի ինձ, ես շատ շնորհակալ կլինեմ»: Հ. Դավթյանը մեկ այլ առաջարկ էլ ուներ. «Կան բազմաթիվ անապահով ընտանիքներ եւ թոշակառուներ, որոնք օգտագործում են պարսկական գազի վառարաններ: Իսկ գազի թանկացումից հետո նրանց ձեռնտու չէ գազ օգտագործել: Էլեկտրաէներգիա օգտագործելն այս պարագայում ավելի օգտակար է: Ես դա սեփական փորձով եմ համոզվել: Նախ այդ վառարանները օդը բավականին աղտոտում են, քանի որ գազը մաքուր չէ, բացի այդ, որպեսզի գազը վառվի՝ նաեւ օդ է ծախսվում: Պարսկական վառարանները մի քանի ժամ վառելուց հետո, բավականին երկար ժամանակ է պետք սենյակը օդափոխելու համար: Պետք է պատուհանները բացել, իսկ այդ դեպքում էլ տաքացրած սենյակը նորից սառը օդով է լցվում: Ստացվում է՝ անտեղի ենք վառում այդ գազը: Ուստի շատ ավելի շահավետ է օգտագործել էլեկտրաէներգիա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել