Քանի որ գումար չեն ունեցել, որ աբորտ անեն
Երեկ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում՝ թիվ 8 հիվանդանոցում նորածին երեխաների վաճառքով զբաղվող ամբաստանյալների դատական գործը պիտի լսվեր: Բայց այն հետաձգվեց՝ ամբաստանյալ Մարինե Հակոբյանի նոր փաստաբանի խնդրանքով: Նա խնդրեց 2 օր տրամադրել, որպեսզի ծանոթանա 2 հատորանոց գործին: Նախորդ նիստն էլ հետաձգվել էր՝ կրկին Մ. Հակոբյանի պատճառով: Ամբաստանյալը դատապաշտպան չուներ, ուստի դատարանը որոշել էր փաստաբան գտնելու համար ժամանակ տալ:
Նշենք, որ Մարինե Հակոբյանը մեղադրվում է իր նորածնին վաճառելու համար: «Առավոտի» հետ զրույցում նրա մայրը, որը չցանկացավ ներկայանալ, ասաց, թե դուստրը սկզբում երեխային վաճառելու միտք չի ունեցել. «Մարինեն ուզում էր աբորտ անել, բայց պտուղն արդեն մեծ էր, համ էլ դեղեր էր խմել, չէր ուզում ունենար այդ երեխային: Գնացել էր հիվանդանոց, որ աբորտ անեն, բժշկուհին ասել էր մի հանի, թող էրեխուն՝ ուզող կա: Ախր աբորտի համար էլ մոտ 100 հազար դրամ էին ուզում: Մենք էլ այդքան գումար չունեինք: Մինչեւ փորձում էինք փող ճարել՝ պտուղը մեծանում էր: Դե, հետո էլ ծննդաբերեց»: Մեր հարցին, թե ինչո՞ւ որոշեցին վաճառել իրենց նորածնին, արդյո՞ք գումարի կարիք ունեին, Մարինեի մայրն ասաց. «Տո չէ, հա՜: Ուղղակի մեկ է, արդեն պիտի բերեր երեխային»: Մարինեն ծննդաբերեց ու 250 հազար դրամով վաճառեց իր նորածնին: «Մեծ մասը բժշկուհին է վերցրել, մեզ ինչ է տվել, որ»,- ասաց Մարինեի մայրը:
Ամբաստանյալ մանկաբարձ-գինեկոլոգ Նաիրա Բալայանն իր փաստաբանի հետ եւս ներկայացել էր դատական նիստին: Ի դեպ, Ն. Բալայանի փաստաբանն ու մտերիմները, նկատելով, որ դատական դահլիճում ներկա է նաեւ լրագրող, խուճապի մատնվեցին: Նաիրայի դատապաշտպանը միջնորդություն խնդրեց, որպեսզի դատարանի դահլիճից լրագրողն ու նկարահանողը դուրս հրավիրվեն: Ինչին ի պատասխան՝ նախագահող դատավոր Լեւոն Ավետիսյանն ասաց՝ հիշեցրեք ինձ այն հոդվածը, որով ԶԼՄ-ները իրավունք չունեն մասնակցել քրեական գործերով դատավարություններին. «Մեր նիստերը հրապարակային են, ուստի լրատվության միջոցներն իրավունք ունեն ներկա գտնվել դատական նիստերին»: Փաստաբան էլ, իհարկե, չկարողացավ հիմնավորել իր պահանջը, ինչի համար էլ դատավորը միջնորդությունը մերժեց:
Եվ վերջապես, երբ որոշվում էր հաջորդ նիստի օրը, փաստաբաններն ու մեղադրող կողմը ոչ մի կերպ չէին կարողանում հարմար օր գտնել: Մեկ զբաղված էր Ն. Բալայանի դատապաշտպան Գեւորգյանը, մեկ՝ մյուս մեղադրյալի դատապաշտպանը: Դատավորի առաջարկած սեպտեմբերի 17-ի համար նա դիմեց մեղադրող կողմին. «Հարմա՞ր է, արձակուրդ չե՞ք լինելու»: Ինչին էլ մեղադրող կողմը պատասխանեց. «Հարմար է, արձակուրդ չեմ գնալու»: Դատավորն էլ այսպիսի ռեպլիկ արեց. «Մարինեի ձեռքին ոչ ոք արձակուրդ չի գնա»: Ամեն առաջարկած օրվա հետ անհամաձայնություններ էին լինում: Եվ ամեն անգամ, երբ կողմերից մեկին նշված օրը հարմար չէր լինում, դահլիճում ներկաները բուռն հրճվանք էին ապրում: Նույնիսկ մեղադրյալներն այնպես էին ծիծաղում, կարծես մի բան էլ իրենք էին մեղադրող կողմը եւ ամենեւին էլ իրենք չէին իրենց երեխաներին վաճառել: Ի վերջո, դատական նիստի հաջորդ օրը որոշվեց՝ սեպտեմբերի 24-ը եւ 30-ը: