Պարզվում է՝ ոստիկանները սերտորեն համագործակցում են «ֆայլաբազարի» արհեստավորների հետ եւ մի քանի հազար դրամ վճարելով՝ ում դեմ ուզում՝ ցուցմունքներ են կորզում:
Ոստիկան-«ֆայլաբազարչի» համագործակցությունը բացահայտվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում օգոստոսի 26-ին տեղի ունեցած Ռոման Սարգսյանի հերթական դատավարության ժամանակ: Շուրջ 2 ամիս ձգվող այս դատավարությունը մի մութ պատմություն է, որի հանգուցալուծումը ոչ մի կերպ չի երեւում: Նշենք, որ Ռոմանը ԱԱԾ-ի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի՝ Սամվել Սարգսյանի եղբայրն է, որն այս տարվա հունվարից գտնվում է կալանքի տակ՝ մեղադրվելով թմրանյութ պահելու եւ տարածելու մեջ: Ռոմանը եւ նրա հարազատները համաձայն չեն նրան առաջադրված մեղադրանքի հետ եւ գտնում են, որ այդ ամենը ոստիկանության կողմից «սարքած գործ է» եւ ուղղակիորեն կապված է Ռոմանի եղբոր գործունեության հետ: Գործի՝ սարքված լինելու մասին ամեն անգամ վկայում են նաեւ նախաքննական մարմնի եւ դատարանի դահլիճում հնչած հակասական ցուցմունքները:
Օգոստոսի 26-ին տեղի ունեցած դատական նիստի ժամանակ «Ֆայլաբազարից» դատարան հրավիրված 2 քաղաքացի՝ Վարդան Մանուկյանը եւ Նվեր Խունդկարյանը, որոնք այս անգամ էլ Ռոմանի գործով են որպես ընթերակա անցնում, դատարանում խոստովանել են, որ իրենք մի քանի հազար դրամի դիմաց մշտապես համագործակցում են ոստիկանների հետ եւ տարբեր առիթներով հանդես են գալիս որպես ընթերականեր, եւ ինչ որ գրում են ոստիկանները՝ իրենք տակը ստորագրում են: Այս գործով նախաքննական մարմնի պատրաստած նյութերում ասվում է, որ այս ընթերակաները ներկա են գտնվել Ռոմանի գործով անցնող Տիգրան Ղարիբյանի եւ Սմբատ Կարա-Պողոսյանի խուզարկության ժամանակ, որոնք նույնպես մեղադրվում են թմրանյութ պահելու եւ տարածելու մեջ: Մինչդեռ դատարանում արդեն «ֆայլաբազարչի»-ընթերակաները պնդել են, որ Տիգրան Ղարիբյանի եւ Սմբատ Կարա-Պողոսյանի երեսն անգամ չեն տեսել, հետեւաբար չեն տեսել, թե ոստիկանները Տիգրանի եւ Սմբատի խուզարկության ժամանակ նրանց գրպաններից ինչ են հայտնաբերել: Ընթերակաների ներկայացմամբ, իրենք 6-րդ վարչության բաժնում միայն տեսել են սեղանի վրա դրված ներարկիչներ եւ հեռախոս, բայց թե դրանք ումից է առգրավվել՝ ոչինչ չգիտեն: Նշենք, որ Ռոմանի գործով ոչ մի վկա չկա, եւ Տիգրանն ու Սմբատը միակ ցուցմունք տված անձինք են, որոնք վկայում են, թե իբր իրենք թմրանյութը գնել են Ռոմանից:
Երեկ տեղի ունեցած դատական նիստի ժամանակ կրկին վկաներ հարցաքննվեցին:
Ռոմանի գործով անցնող մեկ այլ մեղադրյալի՝ Արթուրի դեմ վկայություն տված ՌԴ քաղաքացի Օլեգ Ապրելովը, որը դատապարտված է ավտովթարի արդյունքում քաղաքացուն մահ պատճառելու համար, միանգամայն այլ ցուցմունք տվեց՝ հերքելով նախնական ցուցմունքները, սակայն երբ նրան հիշեցրին, որ խնդիրներ կունենա, եթե ճիշտը չասի, ապա նա ասաց, որ չէր հիշում, եւ պնդեց այն, ինչ գրել էր 1-ին անգամ: Ուշագրավ է, որ Տիգրան Ղարիբյանի դեմ ցուցմունք տված տաքսու վարորդ Արծրուն Բոյախչյանը ընդհանրապես չէր ներկայացել դատարան: Նա գտնվում էր ՌԴ-ում: Նրա ցուցմունքները դատարանում կարդաց մեղադրող դատախազ Մարատ Հակոբյանը: Տաքսու վարորդն էլ սկզբում գրել էր, որ Տիգրանն իրեն էլ է թմրանյութ հյուրասիրել, ապա Տիգրանի հետ առերես հարցաքննության ժամանակ ցուցմունքը փոխել էր, թե նման բան չի եղել, ինքը պարզապես այդպես է գրել, քանի որ գիտի ոստիկանների ձեռքից պրծնելու միակ միջոցը «մի բան գրելն» է: Վկաների ցուցմունքները լսելուց հետո դատարանից խոսքի իրավունք խնդրեց Ռոմանը: Ըստ նրա, երբ 6-րդ վարչության աշխատակիցները խուզարկել են իր բնակարանը, այդ ժամանակ իր տնից հայտնաբերել են ոսկու կշեռք, որի կշռաքարերի վրա փորձաքննության արդյունքներով իբր թմրանյութ է հայտնաբերվել: Ռոմանը դիմելով դատավոր Գագիկ Ավետիսյանին՝ ասաց. «Հետաքրքիր էր, որ երբ այդ կշեռքը մեր տանը գտան, շունը ոչ մի ռեակցիա չտվեց այդ կշեռքին՝ չնայած այն բանին, որ ոստիկանները նրա քիթը 5 անգամ մոտեցրին այդ կշեռքին, բայց կշեռքի կշռաքարերի վրա, որոնք իրենց հետ վերցրին 6-րդ վարչության աշխատակիցները, հետո հայտնաբերեցին թմրանյութի ալկալոիդներ: Շատ տարօրինակ է, որ կշռաքարերը տարան, իսկ կշեռքը՝ ոչ, այն դեպքում, երբ հենց կշեռքն է անմիջական առնչություն ունեցողը թմրանյութի հետ, բայց փորձաքննության տարել են կշռաքարերը, որոնք դրվում են մյուս կողմում»: Ռոմանի խոսքերով, իրեն ձերբակալել են հունվարի 26-ին, իսկ կշեռքը փորձաքննության են ուղարկել մարտին. «Երբ ինձ բուժկենտրոն են տարել՝ հետազոտման համար, փետրվարի 3-ին ինձ քննիչն ասել է, որ ինձ մոտ ամեն ինչ կարգին է, իսկ օրեր անց՝ փետրվարի 23-ին ասացին, որ ես նարկոման եմ: Դրանից հետո ես պնդել եմ, որ լրացուցիչ անալիզներ անեն համալիր՝ մեզի, եւ արյան եւ այլն, բայց ինձ ոչ ոք չլսեց: Բացի այդ, քննիչը հաշվի չի առել նաեւ բանկի տրամադրած փաստաթուղթը, որը վկայում է, որ իմ տանը հայտնաբերած գումարը ոչ թե թմրանյութեր վաճառելուց է գոյացել, այլ բանկից վարկ եմ վերցրել. ստացվում է, որ բանկը ինձ գումար է տվել, որ ես նարկոտիկի գո՞րծ անեմ»:
Ռոմանը դատավորին հարց ուղ ղեց. «Եթե Կարա-Պողոսյանը ցուցմունք է տվել իմ դեմ, որ ինձանից թմրանյութ է գնել, ինչո՞ւ 6-րդ վարչության աշխատակիցները գումար չտվեցին Կարա-Պողոսյանին, որպեսզի կրկին ինձանից թմրանյութ գնի ու ինձ գործի վրա բռնեն: Մեր տանը խուզարկության ժամանակ մանրահատակից սկսած՝ տակնուվրա արեցին, պատերը քերեցին, մինչեւ անգամ նկուղն ու հարեւանի նկուղը քանդեցին, բայց ոչինչ չգտան»:
Դատական նիստը հետաձգվեց մինչեւ հոկտեմբերի 8-ը: