ՊԵԿ լրատվական վարչությունը երեկ ուղարկել է իր պարզաբանումը «Առավոտ» օրաթերթի սեպտեմբերի 3-ի համարում տեղ գտած «Ֆուտբոլային գործարարությո՞ւն» հրապարակման վերաբերյալ, որում մասնավորապես ասվում է. «Իր հոդվածում «Պապիռուս Գլոբալ» ՍՊԸ գործադիր տնօրեն Վաղարշակ Ղարիբյանը ընթերցողից թաքցրել է իր իսկ կատարած կեղծիքը եւ մեղքը բարդել մաքսային մարմինների վրա: Միաժամանակ ողջունելի է այն փաստը, որ հոդվածագիրը գոնե ազնվություն է ունեցել նշելու, որ բավարար փաստաթղթերի առկայության դեպքում իր դիմումներին տրվել է դրական պատասխան:
Այսպես, ընկերությունը 12.08.10թ. դիմել է վերադաս մաքսային մարմին՝ ներմուծված ապրանքների մաքսային արժեքը Մաքսային օրենսգրքի 87-րդ հոդվածով սահմանված մեթոդով որոշելու համար, եւ 13.08.10թ. 24691/8-1 գրությամբ հանձնարարվել է Արարատյան տարածաշրջանային մաքսատան պետին: Մաքսային ձեւակերպումների ժամանակ «դեղին ուղի» ընթացակարգով ընտրված ապրանքների փաստաթղթային ստուգման արդյունքում պարզվել է, որ Մաքսային օրենսգրքի 87-րդ հոդվածով սահմանված գործարքի գնի մեթոդով հաշվարկելու նպատակով ՀՀ ԿԱ ՊԵԿ ներկայացված փաստաթղթերի եւ մաքսային սահմանով անցած փաստաթղթերի միջեւ կա անհամապատասխանություն, ինչի պատճառով նյութերն ուղարկվել են ՊԵԿ հետաքննության վարչություն: Կատարված քննությամբ պարզվել է, որ ընկերության տնօրեն Վ. Ղարիբյանը ապրանքներն ուղեկցող փաստաթղթերը մաքսային մարմնի կողմից հաստատված տեսքով վերցրել է «Կարմիր բլուր» երկաթգծի կայարանից, որից հետո այդ փաստաթղթերից կատարել է լուսապատճեն եւ, կեղծելով փաստաթուղթը, ավելացրել մատակարար ընկերության տվյալները ու կեղծված փաստաթուղթը ներկայացրել մաքսային ձեւակերպումներ կատարելու համար: Նշված փաստը հաստատվել է Վ. Ղարիբյանի բացատրությամբ եւ փորձագետի եզրակացությամբ:
Այս պարզաբանման մեջ մատնանշվող բոլոր փաստաթղթերը հարկ եղած դեպքում պատրաստ ենք ներկայացնել»: