Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ապագան նոր տեխնոլոգիաներինն է

Սեպտեմբեր 10,2010 00:00

Սույն թվականի հոկտեմբերի 29-31-ը Երեւանում կմեկնարկի «DigiTec-2010» 6-րդ ամենամյա միջազգային ցուցահանդեսը, որի նպատակն է Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) հատվածում գործող եւ հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունների միջեւ սերտ կապերի հաստատումն ու փորձի փոխանակումը: Ցուցահանդեսի նպատակներից են նաեւ միջազգային համագործակցության խթանումը եւ միջազգային շուկայում Հայաստանը որպես ՏՏ ոլորտը տնտեսության գերակա ճյուղ ունեցող երկիր ներկայացնելը: Բացի այդ, ցուցահանդեսին մասնակցելով, հայաստանյան ընկերությունները հնարավորություն կստանան գրավելու արտասահմանյան ներդրումներ: Ցուցահանդեսին կմասնակցի ընդհանուր թվով հայաստանյան եւ միջազգային 60 ընկերություն: Ակնկալվում է, որ ցուցահանդես կայցելի 15 հազար մարդ: «Հայաստանի հեռահաղորդակցության շուկայում առաջատար դեր խաղալով՝ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը բջջային հաղորդակցության ոլորտում կիրառում է ՏՏ վերջին նվաճումների ընձեռած հնարավորությունները: Որպես սոցիալական պատասխանատու ընկերություն, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը շատ դեպքերում նախընտրում է համագործակցել ՏՏ լուծումների հայաստանյան մատակարարների հետ եւ կոչ է անում հայաստանյան բոլոր ընկերություններին՝ հետեւել այս օրինակին: Կազմակերպիչների հետ ձեռք ձեռքի տված, մենք ցանկանում ենք մի կտուրի տակ հավաքել հայաստանյան ՏՏ ընկերություններին եւ ներկայացնել նրանց կողմից առաջարկվող լուծումները պոտենցիալ հաճախորդներին եւ ստեղծել ավելի լայն հնարավորություններ համագործակցության համար»,- այդ կապակցությամբ սեպտեմբերի 8-ին ասել է ցուցահանդեսի պլատինե հովանավոր «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Նա նաեւ տեղեկացրել է, որ ընկերության 3G ծածկույթը ներկայումս հասանելի է ՀՀ 650 բնակավայրերում՝ ընդգրկելով բնակելի տարածքի 92%-ը, եւ այժմ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը պատրաստվում է Հայաստանում ներդնել չորրորդ սերնդի (4G) LTE ցանց: «Աշխարհում շատ քիչ են երկրները, որտեղ ներդրված է 4G ցանցը, եւ Հայաստանը կլինի դրանցից մեկը»,- նշել է Ռալֆ Յիրիկյանը: Ի դեպ, տեղեկացնենք նաեւ, որ այսուհետեւ, բաժանորդագրվելով նոր «ՄՏՍ կոնեկտ 128» հետվճարային սակագնային պլանին, ընդամենը 5000 դրամ ամսավճարի դիմաց կարելի է օգտվել անսահմանափակ անլար ինտերնետից: Սակագնային պլանի շրջանակներում տվյալների փոխանցման առավելագույն արագությունն է 128 Կբիթ/վրկ: «ՄՏՍ կոնեկտ 128» սակագնային պլանին մեկ տարով բաժանորդագրվելու դեպքում «ՄՏՍ կոնեկտ» մոդեմը կտրամադրվի բոլորովին անվճար: Բացի անսահմանափակ ինտերնետից, սակագնային պլանի բաժանորդները ստանում են նաեւ անմիջապես համակարգչից SMS ուղարկելու եւ ստանալու հնարավորություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել