Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եվս մեկ համալիր՝ այս անգամ Վայոց ձորում

Սեպտեմբեր 10,2010 00:00

Կառավարության երեկվա նիստում ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանի կողմից քննարկման ներկայացված Վայոց ձորի մարզի Վայք քաղաքային համայնքի Պասկեւիչի կամրջի հարակից տարածքում ագրոզբոսաշրջային մասնագիտացված համալիրի ստեղծման ծրագիրը հավանության արժանացավ: Վարչապետ Տիգրան Սարգսյանը նիստի ժամանակ համալիրի կառուցման աշխատանքների իրականացման համար հրավիրեց մասնավոր ներդրողների ուշադրությունը:

Վ. Վարդանյանը նշեց, որ ծրագրի մշակման նպատակն է տեղական ռեսուրսների արդյունավետ օգտագործմամբ նպաստել տարածքային համաչափ զարգացմանը եւ բնակչության կենսամակարդակի բարձրացմանը: Նրա խոսքով՝ ագրոզբոսաշրջային այդ համալիրը, տուրիզմի զարգացմանը զուգահեռ, նպաստելու է տեղական գյուղատնտեսական արտադրանքի սպառմանը: Ինչպես նիստին հաջորդած ճեպազրույցում լրագրողներին տեղեկացրեց քաղաքաշինության նախարարը, այդ ուղղությամբ գործնական քայլեր կարվեն առաջիկա 3 ամիսների ընթացքում։ Ըստ նախարարի՝ նախատեսվում է այս տարածքում կառուցել 150 տեղանոց հյուրանոց, ինչպես նաեւ զարգացնել գյուղմթերքների արտադրությունը։ Այդ նպատակով տարածքում կկառուցվեն փոքր արտադրամասեր, որոնք կզբաղվեն, մասնավորապես, կաթնամթերքի եւ հայկական լավաշի արտադրությամբ։ Ծրագրի նախնական արժեքը 10 մլն դոլարին համարժեք դրամ է, սակայն, ինչպես նշեց Վ. Վարդանյանը, անհրաժեշտության դեպքում հետագայում կավելացվի ֆինանսավորման չափը։

Վարդան Վարդանյանի խոսքով՝ ընտրվել է այդ տարածքը, քանի որ այն գեղատեսիլ վայր է, կհետաքրքրի զբոսաշրջիկներին եւ մոտ է Երեւան-Մեղրի մայրուղուն։ Նախարարը նաեւ հավաստեց, որ այն վայրը, որտեղ ծավալվելու է շինարարությունը, անտառապատ չէ, եւ ծառեր չեն հատվի։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել