«Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի կողմից հայ գործարարների շրջանում հարցում է անցկացվել՝ պարզելու, թե որոնք են գործարարությանն առավելագույնս խոչընդոտող գործոնները։ Ինչպես տեղեկացնում է tert.am-ը, երեկ կայացած ասուլիսին այդ կենտրոնի տնօրեն Մանուկ Հերգնյանն ասել է, որ հարցված գործարարների 16,9%-ը որպես հիմնական խոչընդոտ մատնանշել է կոռուպցիան, 16,5%-ը՝ հարկային քաղաքականությունը, 11,4%-ը՝ ֆինանսավորման աղբյուրների անմատչելիությունը, 10,8%-ը՝ պետական անարդյունավետ վարչարարությունը, 10,5%-ը՝ ենթակառուցվածքների թերզարգացածությունը։ Հայաստանցի գործարարները դժգոհել են նաեւ աշխատուժի ցածր որակավորումից, գնաճից, քաղաքականության անկայունությունից, աշխատանքային օրենսդրության խստությունից եւ այլն։ Հարցվածների 0,1%-ն է միայն գործարարության զարգացման խոչընդոտ համարել երկրի իշխանության անկայունությունը։
Մ. Հերգնյանը նաեւ տեղեկացրել է, որ 2010-2011թթ. Համաշխարհային մրցունակության միջազգային զեկույցի համաձայն՝ Հայաստանը զբաղեցնում է 98-րդ տեղը աշխարհի 139 երկրների շարքում: 2009-ին նա զբաղեցրել է 97-րդ տեղը 133 երկրների շարքում: «Զեկույցը պատրաստվել է համաշխարհային տնտեսության անորոշ, մասնավորապես, ճգնաժամի երկրորդ ալիքի սպասվող վտանգի ժամանակահատվածում»,- ըստ «Արմինֆոյի»՝ ասել է Մ. Հերգնյանը: Համաձայն զեկույցի, 2009-ի նման՝ առաջատարը Շվեյցարիան է, հնգյակի մեջ մտել են Շվեդիան, Սինգապուրը, ԱՄՆ-ն, Գերմանիան: Ինչ վերաբերում է ԱՊՀ երկրներին, բացասական միտում է նկատվել Ադրբեջանի (57) եւ Ուկրաինայի (89) մոտ, իսկ Տաջիկստանը (116) եւ Ղրղըզստանը (121) բարելավել են իրենց ցուցանիշները, Վրաստանը 93-րդն է, Ղազախստանը՝ 72, Ռուսաստանը՝ 63: