Կառավարությունը երեկ հաստատեց մի շարք որոշումներ
Այս «ցածրակարգ» զուգարաններին, որոնցից գրեթե ոչ ոք չի օգտվում, շուտով կփոխարինեն «բարձրակարգերը»: Տեսնենք՝ օգտվող կլինի՞…
Երեկ տեղի ունեցավ կառավարության հերթական նիստը, որի ընթացքում ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանն առաջարկեց 24 մլն խմ-ով ավելացնել Սեւանից այս տարվա համար նախատեսված ջրառի չափաքանակը եւ այն դարձնել 168,9 մլն խմ: Ըստ Ա. Անդրեասյանի, այս քայլով նպատակ ունեն ինչ-որ կերպ վերացնել այս տարվա գարնան անբարենպաստ հետեւանքները, օգնել գյուղացիներին աշնանացան ցորենի ցանքսը ժամանակին կատարելուն ու նաեւ հողի բնական խոնավության ցածր մակարդակի հետեւանքները մեղմել:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի հարցը վերաբերում էր հասարակական վայրերում զուգարանների տեղադրմանը: Նախարարը ներկայացրեց ապրանքների ձեռք բերման գործընթացն իրականացնելու մասին նախագիծը, որով նախատեսվում է ձեռք բերել 2 բարձրակարգ զուգարան: Նիստի ընթացքում Ն. Երիցյանը դիմեց քաղաքապետ Գ. Բեգլարյանին՝ զուգարաններին տարածք տրամադրելու համար: Քաղաքապետը տեղեկացրեց, որ հարցը քննարկել են, եւ արդեն հայտնի են զուգարանների տեղադրման նախնական վայրերը. «Մնում է ժամանակի ընթացքում տեսնել՝ արդարացնո՞ւմ է, թե՞ ոչ»:
Կառավարության երեկվա նիստում որոշվեց նաեւ Երեւանի Թումանյան, Նալբանդյան, Ավագ Պետրոսյան փողոցներով եւ Սայաթ-Նովայի պողոտան շրջապատող տարածքի նկատմամբ ճանաչել գերակա հանրային շահ։ Այս որոշումը հնարավորություն պետք է տա բարեկարգելու եւ կանաչապատելու շրջակայքը, կառուցելու խաղահրապարակներ: Քաղաքապետ Գ. Բեգլարյանը երեկ հավաստիացրեց, որ քաղաքապետարանն ամեն ինչ անելու է, որ բնակիչը ոչնչով չտուժի:
Կառավարությունը նաեւ հավանության արժանացրեց Նիդեռլանդների Թագավորությունում եւ Ճապոնիայում ՀՀ դեսպանություններ ստեղծելու՝ ՀՀ հրամանագրերի նախագծերը: Վարչապետը կարծում է, որ այդ որոշումը վաղուց պետք է կայացվեր, բայց խանգարել էր տնտեսական ճգնաժամը: