Իր դեմ ուղղված հաճախակի դարձած հրապարակումների վերաբերյալ այս տարբերակն «Առավոտի» հետ զրույցում չբացառեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Լրագրողների հետ ճեպազրույցից
Կառավարությունը երեկ որոշում կայացրեց Երեւանի Թումանյան, Նալբանդյան, Ավագ Պետրոսյան փողոցներով եւ Սայաթ-Նովայի պողոտայով պարփակված տարածքը ճանաչել բացառիկ՝ գերակա հանրային շահ։ Տվյալ թաղամասի համար նախատեսված է «բակային տարածքում գտնվող մանկապարտեզի ու խարխուլ շենքերի եւ շինությունների իրացում՝ տեղում նոր բազմահարկ շենքի եւ ստորգետնյա ավտոկայանատեղիի կառուցմամբ»։ Գործադիրը Երեւանի քաղաքապետին լիազորեց պետության անունից «Ավագշին» ՍՊԸ-ի հետ կնքել այդ տարածքում գտնվող սեփականատերերին պատկանող հողամասերի եւ անշարժ գույքի օտարման պայմանագիր։
Այս որոշման նախօրեին էին արդեն մամուլում լուրեր հրապարակվել, թե ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն է ձեռք բերել այդ մանկապարտեզը՝ էլիտար շենք կառուցելու նպատակով: Երեկ «ՆՏ»-ի թղթակցի խնդրանքով անդրադառնալով այդ լուրերին՝ ԱԺ նախագահն ասաց. «Ճիշտն ասած, զարմացած եմ: Ընդհանրապես, ես Երեւան քաղաքում ոչ մի էլիտար շենքի կառուցմանը ո՛չ մասնակցել եմ մինչեւ այսօր, ո՛չ էլ նման ծրագիր կա, որ պետք է մասնակցեմ»: Նաեւ հավելեց. «Բայց ոչ մի վատ բան չեմ տեսնում, որ որեւէ մեկը շենք կառուցի: Թե ինչո՞ւ են փորձում իրական տերերը խուսափել իրենց ականջները ցույց տալուց՝ դրա վրա եմ զարմացած: Նորմալ գործ է՝ թող կառուցեն շենք: Վատ բան է ուղղակի, որ փորձում են իրենց ականջները ծածկել իմ հետեւում»:
«Ժամանակի» թղթակիցը խնդրեց անդրադառնալ հրապարակված այլ լուրերի, թե ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայության Արտաշատի ստորաբաժանմանը օրերս հանձնարարվել է ստուգումներ սկսել Հովիկ Աբրահամյանին պատկանող ձեռնարկություններում: Ի հավելումն Պետեկամուտների կոմիտեի արդեն հրապարակված պնդման, թե նման հանձնարարագիր չկա՝ Հովիկ Աբրահամյանն ասաց. «Ես չունեմ այդպիսի ձեռնարկություն, որ պիտի գնան-ստուգեն: Ընդհանրապես՝ հարկային տեսչություն-Ազգային ժողովի նախագահ, դրանք, կարծում եմ, տարբեր բարձունքների վրա են, եւ Պետական եկամուտների կոմիտեի հետ մենք չենք առնչվում: Առնչվում ենք այնքանով, երբ նրանք օրենքներ են ներկայացնում ԱԺ-ում»: Հերքեց նաեւ հրապարակված լուրը, թե երբ ստուգողները մտել են Մխչյանի գինու գործարան՝ ԱԺ նախագահի եղբայր Ջոնիկ Աբրահամյանը նրանց դիմավորել է կրակոցներով: «Ընդհանրապես՝ ես շատ լավ եմ նայում, որ հարկային տեսչությունը ստուգում է ձեռնարկությունները: Յուրաքանչյուր ձեռնարկություն, գործարար, որն ազնիվ, արդար հարկերը վճարում է՝ ի՞նչ ունի վախենալու ստուգումներից: Թող ստուգեն: Հիմա նույնը ես ասում եմ իմ մոտիկներին կամ իմ եղբորը՝ եթե իրենք նորմալ հարկերը վճարում են, ուրեմն վախենալու ոչ մի բան չունեն»,- ասաց պրն Աբրահամյանը:
«ՀԺ»-ի թղթակիցն էլ խնդրեց անդրադառնալ այն լուրերին, թե ԱԺ հաջորդ նախագահ է դառնալու ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը: ԱԺ նախագահի արձագանքն էր. «Ընդհանրապես, Ազգային ժողովի նախագահին որոշում են ընտրողների քվեների արդյունքները: 2007 թվականի խորհրդարանական ընտրություններում Հանրապետական կուսակցությունը ստացել է քվեների մեծամասնությունը: ՀՀԿ-ն այնուհետեւ որոշել է, որ պարոն Թորոսյանը ղեկավարի Ազգային ժողովը, այնուհետեւ ընտրվել եմ ես: Համոզված եմ, որ 2012 թվականին ՀՀԿ-ն ընտրությունների արդյունքում կունենա մեծամասնություն: Իսկ ո՞վ կլինի խորհրդարանի նախագահ՝ կորոշի կուսակցությունը եւ կուսակցության նախագահը»:
«Առավոտի» հետ առանձնազրույցից
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հավելյալ մանրամասներ հայտնեց «Առավոտին»:
– Բացի այդ էլիտար շենքի կառուցման մասին եւ այլ լուրերից՝ ես տեղեկություններ ունեմ, որ նույնիսկ կան մարդիկ, որոնք Արարատի մարզում, գյուղերում մարդիկ են «ճարում»: 20-30 հազար դրամ փող են տալիս ու ուղարկում թերթերի խմբագրություններ եւ հերյուրանքներ տարածում իմ հասցեին: Նման անբարոյական մարդկանց ինչպե՞ս է պետք վերաբերվել:
– Ձեզ հայտնի՞ են այդ մարդկանց անունները:
– Այո՛, հայտնի են, բայց հիմա նպատակահարմար չեմ գտնում դրանք հայտարարել: Ապագայում մի օր պատվիրատուների անունները կհնչեցնեմ, եթե հարմար գտնեմ:
– Ինչո՞վ եք պայմանավորում, որ միաժամանակ տարբեր լրատվամիջոցներում Ձեզ վերաբերող այսքան հրապարակումներ կան:
– Դրանք պատվերներ են: Սա նախանձի արտահայտություն է: Եվ իմ կարծիքով, խառնաշփոթ ստեղծելու փորձեր են: Բայց նրանք չեն հասկանում, որ այդ փորձերն իրենց չեն հաջողվի: Եվ ավելի ճիշտ կլինի, որ իրենց ջանքերն օգտագործեն մի լավ բան անելու մեր երկրի համար:
– Իսկ ո՞ր ճամբարում եք տեսնում պատվիրատուներին՝ ընդդիմությա՞ն, թե՞ իշխանության:
– Երկու տեղում էլ՝ ե՛ւ իշխանության մեջ կան, ե՛ւ ընդդիմության:
– Իշխանական դաշտում կարծես յուրօրինակ մրցակցություն կա:
– Այո՛: Բայց ես ոչ մեկի հետ մրցակցելու ցանկություն չունեմ: Եվ կարծում եմ՝ որեւէ մեկին առիթ չեմ տվել, որ մրցակցի կամ իմ դեմ պատերազմ հայտարարի: Ես սիրում եմ պահել խաղի կանոնները եւ աշխատում եմ թիմի հետ միասին՝ անում եմ իմ գործը: Բայց կրկնում եմ՝ իմ կարծիքով, նաեւ իշխանության մեջ էլ կան մարդիկ, որոնք անհիմն լուրեր տարածելով՝ փորձում են խառնաշփոթ ստեղծել:
– Այդ լուրերն ավելացան, երբ տեղեկություններ հրապարակվեցին, թե իշխանական մի թեւի դիրքորոշումը հօգուտ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի է, եւ Ձեզ դիտեցին առավել այդ թեւում:
– Կարող եմ վստահեցնել՝ մենք որեւէ խնդիր չունենք գործող նախագահի հետ: Եվ չեմ էլ կարծում, թե նման որեւէ խնդիր կարող է կապվել ՀՀ նախագահի հետ: Ուղղակի սա ավելի ներքեւի շրջանակների նախանձի արտահայտությունն է. փորձում են սեպ խրել իմ եւ ՀՀ նախագահի միջեւ, ինչը, իմ կարծիքով, իրենց չի հաջողվի: Նորից եմ հորդորում այդ մարդկանց՝ ավելի լավ է թող մի նորմալ գործ անեն երկրի եւ ժողովրդի համար: