Հայաստանյան քաղաքական կուլիսներում երեկ խոսում էին այն մասին, որ Ադրբեջանը ետ է վերցնելու իր ներկայացրած նախագիծը
Երեկ, ԱՄՆ-ի ժամանակով ժամը 11. 30-ին, Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանում քվեարկության էր դրվելու Ադրբեջանի ներկայացրած փաստաթուղթը՝ «Ադրբեջանի գրավյալ տարածքներում մարդու իրավունքների ոլորտում միջազգային հումանիտար իրավունքի եւ միջազգային ստանդարտների նորմերի պահպանումը» վերնագրով: Ըստ բանաձեւի նախագծի՝ հակամարտության գոտի հանդիսացող տարածքների կարգավիճակի, կազմակերպական կառուցվածքի եւ ժողովրդագրական կազմի միակողմանի փոփոխությունները «իրավաբանական ուժ չունեն եւ լրջորեն խոչընդոտում են բանակցությունների հիման վրա հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը»: Նախագծում նաեւ նման ձեւակերպում կա. «ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կարեւորում է Լեռնային Ղարաբաղից, ինչպես նաեւ դրա հարակից շրջաններից արտաքսված բնակչության՝ նախկին բնակավայրերը վերադառնալու անքակտելի իրավունքը»:
Երեկ կեսօրից արդեն հայաստանյան իշխանական քաղաքական շրջանակներում կուլիսային խոսակցություններ էին պտտվում, որ քվեարկության ժամանակ Ադրբեջանը ետ է վերցնելու բանաձեւի նախագիծը: Իսկ Ադրբեջանի նման հավանական որոշման պատճառների մասին հայաստանյան իշխանական քաղաքական միտքը լռում էր: Եթե այս տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, ինչն այսօր արդեն պաշտոնապես հայտնի կդառնա, պարզ կլինի, թե մեր հարեւանն ինչու եւ ինչքան ժամանակով է փոխել իր մտադրությունը: Համենայնդեպս, երեկ, Նյու Յորքի ժամանակով ժամը 10.00-ին, ՄԱԿ-ի կայքում փոփոխությունների մասին որեւէ տեղեկություն տեղադրված չէր: Կա նաեւ հետաձգման մեկ այլ՝ տեխնիկական պատճառ: Ասենք՝ եթե մնացյալ քննարկումներն ու քվեարկությունները ձգձգվեն, եւ ժամանակի սղության պատճառով որոշ հարցեր տեղափոխվեն հաջորդ նիստ կամ նստաշրջան: Ի դեպ, ՄԱԿ-ի ընթացիկ՝ 64-րդ նստաշրջանն ավարտվում է սեպտեմբերի 13-ին, իսկ 14-ին արդեն մեկնարկելու է 65-րդ նստաշրջանը: Այնպես որ, ոգեւորվել բանաձեւի հնարավոր տեխնիկական պատճառներով հետաձգման առիթով՝ թերեւս չարժե:
«Առավոտի» հարցին՝ եթե Ադրբեջանն իսկապես ետ վերցնի նախագիծը, դա կարելի՞ է որակել հայկական դիվանագիտության ձեռքբերում, ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը երեկ պատասխանեց՝ ինքը հարցն ավելի շատ կդիտարկեր իբրեւ հայկական լոբբիստական շրջանակների աշխատանքի արդյունք: Նա դժվարացավ ասել, որ Հայաստանի դիվանագիտական կորպուսը եւ ՀՀ արտաքին գերատեսչությունն ու արտաքին քաղաքականության պատասխանատուները նման ձեռքբերումներ կարող են ունենալ: Իսկ բանաձեւի հետաձգումը դրական որեւէ բան կտա՞ հայկական կողմերին, եւ եթե այո՝ ի՞նչ, հարցին մեր զրուցակիցն այսպես պատասխանեց. «Հետաձգումն, ինքնին, արդեն կնշանակի, որ համենայնդեպս ադրբեջանանպաստ որեւէ որոշում, գոնե այս պահի դրությամբ, չի կայացվի, եւ այդ առումով ժամանակը մեզ հնարավորություն կտա այդ ուղղությամբ ավելի համախմբվել եւ կոնկրետ քայլեր կատարել: Իսկ ընդհանրապես, բանաձեւի ի հայտ եկած օրվանից բանաձեւն անհանգստացրել է մեզ, եւ Դաշնակցությունն իր մտահոգությունները տարբեր առիթներով եւ առումներով հայտնել է, ինչպես նաեւ տարբեր աշխատանքներ է տարել՝ դրան հակազդելու հնարավորությունների ուղղությամբ»: Մեր զրուցակիցը չհամաձայնեց եւ հայաստանյան, եւ ղարաբաղյան իշխանական շրջանակներից հնչող այն կարծիքների հետ, թե բանաձեւն իրական որեւէ սպառնալիք չի ներկայացնում, այն «ընդամենը թղթի կտոր է»: «Միջազգային այնպիսի կառույցի, ինչպիսին ՄԱԿ-ն է, մակարդակով երկար տարիների ընդմիջումից հետո անդրադառնալ ղարաբաղյան հարցին եւ՝ նման համատեքստում, ինքնին մտահոգող է՝ անկախ նրանից, թե ի՞նչ տեսակետներ են հնչում ղարաբաղյան կամ հայաստանյան իշխանական քաղաքական շրջանակներում: Իրենց որակումների պարզաբանումներն իրենցից խնդրեք: Իսկ սպառնալիքը միշտ էլ առկա է. ՄԱԿ-ի յուրաքանչյուր բանաձեւի ընդունումը որեւէ տարածաշրջանի որեւէ միավորի հանդեպ ունի իր ազդեցությունը, հատկապես սառեցված հակամարտությունների վերաբերյալ»,- ասաց Դավիթ Իշխանյանը: Այսքանով հանդերձ, սակայն, նա էլ նկատեց, որ միջազգային պրակտիկայում կան ՄԱԿ-ի ընդունած բանաձեւերի շրջանցման նախադեպեր, եւ տվյալ պարագայում հայկական կողմերը դա կարող են օգտագործել հօգուտ իրենց շահերի:
Հ. Գ. Երեկ ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ Ադրբեջանն իրոք հետ կանչեց ՄԱԿ ԳԱ 64-րդ նստաշրջանի օրակարգում ներառված բանաձեւի նախագիծը: Նրանք առաջարկեցին հետաձգել այն եւ ընդգրկել հաջորդ՝ 65-րդ նստաշրջանի օրակարգ: Հիշեցնենք, որ 65-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումները տեղի են ունենալու սեպտեմբերի 23-25-ին եւ 27-30-ին: