Վերջին ամիսներին ԼՂ հիմնախնդրի համատեքստում միջազգային հանրության ակտիվությունը Հայաստանի ազատական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը ընդամենը հերթական դիվանագիտական պիկ է որակում:
– Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ «ֆուտբոլային» դիվանագիտության տապալումից հետո միջազգային հանրությունն ու նաեւ գերտերությունները՝ ի դեմս իրենց առաջին դեմքերի, կարծես վերստին ու լրջորեն սկսել են զբաղվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրով: Նշանակո՞ւմ է դա, որ հակամարտության կարգավորումն այլեւս մոտ է իր հանգուցալուծմանը:
– ԼՂ խնդրի կարգավորման սրացման փուլեր մենք պարբերաբար ունեցել ենք: Անցած տարիների ընթացքում էլ եղել են ինչ-որ փուլեր, երբ տպավորություն է ստեղծվել, թե միջազգային դիվանագիտությունը շատ ինտենսիվ է աշխատում այդ ուղղությամբ. էլի բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ են այցելել տարածաշրջան, բարձրաստիճան դիվանագետներ հայտարարություններ են արել: Հիմա, կարծես, մենք հայտնվել ենք նման մի շրջանում, երբ տարածաշրջան են այցելում ԱՄՆ պետքարտուղարը, այս տարվա ընթացքում, ՌԴ նախագահի մասնակցությամբ, 3 կամ 4 եռակողմ հանդիպումներ եղան, Երեւան եկան ԵՄ ղեկավարության ներկայացուցիչները, հիմա գալու է նաեւ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը, ԵՄ հատուկ ներկայացուցիչը, ԵԱՀԿ համանախագահներն աննախադեպ քայլ արեցին եւ Բաքվից ցամաքային ճանապարհով ԼՂ մեկնեցին, հիմա Երեւանում են, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում է քննարկվում Ղարաբաղի հարցը: Այսինքն՝ կա դիվանագիտական սրացումների մի ամբողջ շարք, որը հիմք է տալիս ենթադրելու, որ միջազգային հանրությունը շատ անհանգստացած է եւ նորից ձեռնամուխ է եղել ԼՂ հակամարտության կարգավորմանը, որը տեղի է ունենալու ԵԱՀԿ ՄԽ միջնորդությամբ եւ Մադրիդյան սկզբունքների շրջանակներում: Բայց որքան ժամանակն անցնում է, ես սկսում եմ համոզվել, որ սա, ցավոք, այդ հերթական դիվանագիտական պիկերից մեկն է, որը եւս ինչ-որ մի տեղ կա՛մ կանգ կառնի, կա՛մ կսառեցվի, կա՛մ ինչ-որ մի երկրի կողմից ոչ ադեկվատ մոտեցումների արդյունքում նորից կընդհատվի: Ես հասկանում եմ մի բան՝ որքան էլ որ խոսվում է, թե ԼՂ խնդիրը պետք է կարգավորվի բանակցային եւ խաղաղ ճանապարհով, բայց ոչ մեկն էլ՝ ո՛չ միջազգային հանրությունն ու համանախագահող երկրները եւ ո՛չ էլ հակամարտության կողմերը լրջորեն պատրաստ չեն ԼՂ խնդրի բանակցային ընթացքը վերջնակետին հասցնելու եւ կարգավորման սկիզբը, ըստ էության, դնելու համար: Մեկ կամ երկու տարին մեկ հաճախականությամբ մենք էլի գալիս ենք այդ եզրակացության: Կարծում եմ՝ մոտ հեռանկարում ԼՂ հարցն էլի կա՛մ չի լուծվի, կա՛մ կլուծվի պատերազմի ճանապարհով: Այստեղ արդեն ժողովուրդներն իրենք պետք է որոշեն՝ համաձա՞յն են, որ իրենց իշխանություններն իրենց տանում են պատերազմի ճանապարհով, թե՞ ոչ:
– Ասում եք՝ ժամանակ առ ժամանակ դիվանագիտական ակտիվության պիկեր են եղել: Դրանք ինչո՞վ են պայմանավորված:
– Դրանք ունեն մեկ-երկու հիմնական նախապայման. տարածաշրջանային քաղաքական զարգացումներ եւ գերտերությունների տարածաշրջանային՝ նաեւ գազային, նավթային ծրագրերի գործոնով պայմանավորված շահեր:
– Արդյոք այդ պիկը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման տապալմա՞մբ, Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հայտարարություններո՞վ, որոնք վերջին շրջանում դրսեւորվում են հրադադարի պարբերական խախտումով եւ դիվերսիոն հարձակումներով, թե՞ Հայաստանում եւ տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերի էլ ավելի ամրապնդման լուրջ փորձերով են պայմանավորված: Դրանք կա՞ն ձեր մատնանշած պատճառների մեջ:
– Այդ պատճառներն, իհարկե, կան, բայց ամենախորը պատճառն այլ է. այն, որ հակամարտող երկրներում՝ Հայաստանում եւ Ադրբեջանում, չկա ժողովրդավարություն, չկան քաղաքացիական հասարակություններ, իշխանությունները լեգիտիմ չեն, եւ նրանք ԼՂ խնդիրը, որպես շանտաժի միջոց, օգտագործում են ոչ միայն սեփական ժողովուրդների դեմ՝ իրենց իշխանության վերարտադրման նպատակով, այլեւ հարեւան երկրների ու գերտերությունների: Ակնհայտ է, որ հակամարտող երկրների իշխանությունները պարզապես չեն ուզում հիմնախնդիրը լուծել, որովհետեւ այդ դեպքում նրանք չեն կարողանա ԼՂ գործոնն օգտագործել՝ վերարտադրվելու համար: Ուստի՝ նույն գերտերությունները, մանավանդ նրանք, որոնք առանձնապես աչքի չեն ընկնում իրենց ժողովրդավարությամբ կամ քաղաքացիական հասարակությամբ, կարողանում են թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում առկա իրավիճակն օգտագործել՝ աջակցել կամ ձեւավորել մի կառավարություն, որոնց միջոցով կարողանում են իրենց աշխարհաքաղաքական շահերը փաթաթել ե՛ւ այս երկրների, ե՛ւ տարածաշրջանի ու նաեւ՝ ԼՂ հակամարտության վրա:
– Ռուսաստանն ակնհայտորեն, թերեւս, նաեւ ՀՀ-ում իր ռազմաբազաների շնորհիվ ձգտում է ԼՂ հակամարտության գոտում իր խաղաղապահներին տեղակայել: Այդ հեռանկարի մասին օրերս բաց տեքստով ասաց նաեւ ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը: Հիմա էլ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին է կարծիք հայտնել, թե շփման գոտում լարվածությունը թուլացնելու եւ իրավիճակը վերահսկողության տակ պահելու համար անհրաժեշտ է միջազգային ավելի մեծ թվով դիտորդներ տեղակայել: Դրանում արդյոք դիմակայության կամ տարածաշրջանում նախաձեռնությունը իրար ձեռքից փախցնելու տարրեր չկա՞ն:
– Այդ պայքարը կա, եւ դա նոր չէ, ու դա բնական է: Ռուսաստանն ուզում է վերջնականապես ամրապնդվել Հարավային Կովկասում՝ ձգտելով, որ ԼՂ-ում 100 տոկոսով ռուսական խաղաղապահ ուժեր տեղակայվեն:
– Հնարավո՞ր է, որ ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում տեղի ունեցող վերջին միջադեպերը ՌԴ-ն օգտագործի իր ուժերը «դիտորդների» անվան տակ այդ գոտում տեղակայելու համար՝ ասելով, թե փորձում է թուլացնել լարվածությունը կամ կանխել մեծամասշտաբ ռազմական գործողությունները:
– Կարծում եմ՝ եթե շփման գծում որոշակի իրավիճակ ստեղծվի, կարող է ուղղակի խաղաղապահ ուժերի տեղակայման հարց բարձրացվել: Կարծես թե ամեն ինչ դրան է գնում: Ռուսաստանը մի անգամ՝ երկու տարի առաջ, դա արեց Վրաստանում, եւ պետք է ասեմ, որ առանձնապես մեծ հակահարված չստացավ միջազգային հանրության կողմից:
– Այսինքն՝ այդպիսի հեռանկարը չե՞ք բացառում:
– Իհարկե, չեմ բացառում: Կարծում եմ, որ եթե Ադրբեջանը տեսականորեն համաձայնի դրան, մի երկու օր հետո այդ հարցը գործնականում լուծված կլինի: Եթե չհամաձայնի՝ մի քիչ ավելի բարդ կլինի:
– Ե՛վ Ադրբեջանի, ե՛ւ Հայաստանի ընդդիմությունը, այս դեպքում՝ ի դեմս Լեւոն Տեր-Պետրոսյանի, հայտարարում են, թե Արեւմուտքը ձեռքերը լվացել է Հարավային Կովկասից, որ ավելի լուրջ խնդիրներ ունի, եւ հիմա տարածաշրջանը գտնվում է Ռուսաստանի «տիրապետության» կամ վերահսկողության ներքո: Ձեր դիտարկմամբ, դա իրականում այդպե՞ս է, եւ արդյոք հակառակի մասին չի՞ փաստում, ձեր ձեւակերպմամբ՝ դիվանագիտական ակտիվության այս հերթական պիկը:
– Իհարկե, Արեւմուտքն իր հետաքրքրությունն այս տարածաշրջանի հանդեպ ոչ միայն չի կորցրել, այլեւ նրա ամբողջ քաղաքականությունն ու դիվանագիտությունն այս տարածաշրջանում շատ հետեւողական են: Ճիշտ է՝ այդ հետեւողականության մեջ լինում են սրացումներ եւ պասիվ շրջաններ, բայց նրանք շատ հետեւողական են: Պետք է նաեւ ընդունել, որ անցած 15-20 տարում նույն Եվրոպան, ԱՄՆ-ն տարբեր խողովակներով տասնյակ միլիարդավոր դոլարներ են ներդրել այս տարածաշրջանում՝ թե՛ Հայաստանում, թե՛ Վրաստանում, թե՛ Ադրբեջանում, ու չեմ կարծում, թե Արեւմուտքը, որն, իհարկե, ի դեմս Եվրոպայի, զբաղված է ներքին խնդիրներով, ԱՄՆ-ն՝ Իրաքի, Աֆղանստանի, Իրանի եւ այլ խնդիրներով, այնքան շատ է զբաղված, որ իր հարկատուների միլիարդները ներդնելով տարածաշրջանում՝ կարող է այսպես հեշտ այն զիջել Ռուսաստանին: Եթե զիջի էլ, ապա դրա դիմաց Ռուսաստանից լուրջ ակնկալիքներ պետք է ունենա եւ փոխհատուցում ստանա: Դա մեծ քաղաքականություն է, բայց չեմ կարծում, որ Արեւմուտքը ձեռքերը լվանալու է Հարավային Կովկասից: