Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԼԱՎԻՆ ԼԱՎ ԵՆՔ ԱՍՈՒՄ, ՎԱՏԻՆ՝ ՎԱՏ»

Սեպտեմբեր 10,2010 00:00

\"\"ՕԵԿ-ը պատրաստվում է ԱԺ ընտրություններին, բայց Արթուր Բաղդասարյանը չի ուզում դառնալ ԱԺ նախագահ

Չնայած ԱԺ ընտրություններին դեռ բավականին ժամանակ կա, սակայն կուսակցությունները սկսել են ամենայն լրջությամբ նախապատրաստվել դրանց: Որոշները մարդկային ռեսուրսների «ինվենտարիզացիա» են անում, որոշները նոր գրասենյակներ են բացում, որոշները փորձում են հասարակական լսարան ստեղծել… Մի խոսքով՝ աշունը սկսել է թեժանալ: Այս կապակցությամբ փորձեցինք ճշտել ՕԵԿ-ի տրամադրությունները: ՕԵԿ փոխնախագահ Հովհաննես Մարգարյանը, սակայն, չէր կարծում, որ աշունն արդեն թեժանում է: Ըստ նրա՝ «Նախընտրական տրամադրությունները գտնվում են սաղմնային վիճակում, եւ բնական է, որ առաջիկայում դրանք կակտիվանան: ՕԵԿ-ը, որպես ՀՀ քաղաքական կառույցի կայացած ուժերից մեկը, մշտապես իր գործունեությամբ ակտիվ է քաղաքական դաշտում»: Պարոն Մարգարյանի խոսքերից ակնհայտ էր, որ այս կուսակցությունն անգիր գիտի իր ռեսուրսները. «ՕԵԿ-ում գործում է շուրջ 150 գրասենյակ, եւս 40-ը կբացվի մինչեւ տարեվերջ: Կուսակցությունում կա 112 հազար անդամ, որից մոտ 10 000-ը անդամագրվել են այս տարվա ընթացքում: ՕԵԿ-ը եղել եւ մնում է ռեֆորմիստական, բարեփոխումների համար պայքարող քաղաքական ուժ, որի առհավատչյան մեր աշխատանքն է եւ մեր կողմից ԱԺ-ում ներկայացվող օրինագծերն են, որոնք լուծում են գլոբալ խնդիրներ տարբեր խավերի համար՝ սոցիալական, տնտեսական եւ այլ բնույթի: Մենք գործնականում միշտ էլ ապացուցել ենք, որ տեր ենք մեր որդեգրած սկզբունքներին եւ առաջնորդվել ենք լավին՝ լավ, վատին՝ վատ, ժողովրդի հետ եւ ժողովրդի համար գաղափարախոսությամբ, որի արդյունքում ՕԵԿ-ը միշտ էլ ստացել է մեր ժողովրդի աջակցությունն ու վստահության քվեները»:

ՕԵԿ-ը արդեն հստակ տեսնում է այն ուղին, որով գնալու է առաջիկայում. «Մենք ռազմավարական դաշնակիցներ ենք ՀՀԿ-ի հետ, ջերմ ու գործնական հարաբերություններ ունենք ԲՀԿ-ի հետ, Սերժ Սարգսյանին էլ աջակցում ենք այսօր եւ աջակցելու ենք նաեւ վաղը նախագահական ընտրությունների ժամանակ, որովհետեւ մենք հստակ ենք մեր քաղաքական պայմանավորվածությունները պահելու խնդրում: Բացի այդ, ՀՀԿ եւ ՕԵԿ առաջնորդները թե լավ քաղաքական դաշնակիցներ են եւ թե լավ բարեկամներ կյանքում: Մենք պատրաստ ենք մասնակցել եւ հաղթել առաջիկա խորհրդարանական ընտրություններում ինչպես առանձին, ինչը բազմիցս ապացուցել ենք վերջին բոլոր խորհրդարանական ընտրություններում, այնպես էլ դաշինքով, եթե դրա անհրաժեշտությունը հասունանա»: ՀՀ նախագահի եւ կուսակցության ղեկավարի հարաբերությունների մասին լսելուց հետո՝ մամուլում տեղ գտած խոսակցությունները, թե Արթուր Բաղդասարյանը հավակնում է դառնալ ՀՀ ԱԺ նախագահ, կարծես անհիմն չեն թվում: Այս կապակցությամբ պարոն Մարգարյանն ասում է. «Պարոն Բաղդասարյանի ղեկավարած Անվտանգության խորհուրդը որակական նոր հարթության վրա է: Արթուր Բաղդասարյանը որակապես նոր աստիճանի վրա բարձրացրեց այս կառույցը, որի մասին վերջին 18 տարիներին ժողովրդի գերակշիռ մասը ոչինչ չգիտեր: Միջազգային կապերի խորացնելն այլ երկրների համանուն կառույցների հետ, կազմակերպված փոխայցելությունները եւ համագործակցության փաստաթղթերի ստորագրումն այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Բելառուսը եւ այլն, ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի ձեռքբերումները, էական առաջընթացը ՀՀ-ԵՄ հարաբերություններում ցույց են տալիս, որ Անվտանգության խորհուրդն արդյունավետ է կատարում իր առաքելությունը: Ինչ վերաբերում է Արթուր Բաղդասարյանի՝ ԱԺ նախագահ դառնալու լուրերին, ապա դրանք անհեթեթ բամբասանքներ են եւ իրականության հետ ոչ մի կապ չունեն, քանզի նա արդեն եղել է ՀՀ ԱԺ նախագահ եւ ներկայումս, որպես ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար՝ իր ամենօրյա հետեւողական աշխատանքով նպաստում է մեր երկրի անվտանգության ոլորտի բարեփոխումների իրականացմանը»:

Հովհաննես Մարգարյանը անդրադարձավ նաեւ ԱԺ՝ իր ղեկավարած տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի գործունեությանը. «Նախորդ նստաշրջանի ընթացքում հանձնաժողովը բավականին ակտիվ գործունեություն իրականացրեց: Օրինակ՝ «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները հնարավորություն տվեցին ՀՀ 915 համայնքներին հանձնել մարզային ենթակայության տակ գտնվող պետպահուստի գյուղատնտեսական հողերը, ինչով համայնքներին հնարավորություն ընձեռեցինք այդ հողերի օգտագործումից ստացված միջոցներով համալրել իրենց տեղական բյուջեները: 1-ին ընթերցմամբ ընդունվել է «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքը, որը հնարավորություն կտա պետության կողմից համայնքների բյուջեներին որպես դոտացիա տրվող պատվիրակված լիազորությունների համար հատկացվող գումարները հաշվարկել նոր բանաձեւով, ինչի արդյունքում հաշվի են առնվելու մի շարք գործոններ, այդ թվում՝ համայնքի հեռավորությունը շրջկենտրոններից, բնակչության միջին տարիքը, աշխարհագրական դիրքը եւ այլն: Ընդունվել է նաեւ ինքնակամ շինությունների վերաբերյալ օրենքի նախագիծ, որը տասնյակ հազարավոր բնակիչների հնարավորություն կտա օրենքի ուժով օրինականացնել իրենց իսկ կողմից կառուցված ապօրինի շինությունները: Զգալի թվով նմանատիպ շինություններ կային աղետի գոտում, մասնավորապես Գյումրիում»: Քանի որ խոսք գնաց Գյումրիից՝ հետաքրքրվեցինք, թե որպես աղետի գոտուց ընտրված պատգամավոր՝ ի՞նչ խնդիր է տեսնում այդ տարածքում: «Հիմնական խնդիրներն են անօթեւանությունն ու գործազրկությունը: Ըստ պաշտոնական տվյալների՝ աղետի գոտում դեռ կան շուրջ 7000 անօթեւաններ: Այդ խնդիրը մշտապես եղել է ՕԵԿ-ի ուշադրության կենտրոնում, եւ պատահական չէր, որ 2008-ի նախագահական ընտրություններից հետո Սերժ Սարգսյանի եւ Արթուր Բաղդասարյանի համագործակցության հուշագրով ամրագրվեց պետական բյուջեի միջոցներով մինչեւ 2013 թ.-ը բնակարանաշինության շարունակական իրականացումը: Դրա արդյունքում 2008-2009թթ.-ին հատկացվեց 27 մլրդ, եւ վերջերս, արդեն միայն Գյումրիում, 1100 անօթեւան ընտանիքներ ստացան բնակարաններ: Չնայած ֆինանսատնտեսական ճգնաժամին՝ նույնչափ գումար հատկացվել է նաեւ 2010 թ.-ի բյուջեով: Համոզված եմ, որ այս տեմպերով շարունակելու դեպքում մինչեւ 2013 թ.-ը աղետի գոտում վերջնականապես կլուծվի անօթեւանության հարցը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել