Վճարովի պարապմունքներ անցկացնող շատ կենտրոններ յոգա ասելով՝ հասկանում են սովորական ֆիզկուլտուրա
Այսօր Հայաստանում մոտ 2 տասնյակ կենտրոններ կան, որոնք իբրեւ թե յոգայի պարապմունքներ են անում ու բուժում մարդկանց: Հաշվի առնելով, որ յոգան մեծ ուսմունք է եւ միայն տարիների փորձառություն է պետք յոգայի միջոցով մարդկանց առողջական խնդիրները լուծելու համար՝ մենք ուսումնասիրություններ կատարեցինք այդ դաշտում՝ պարզելու, թե ովքե՞ր են յոգայի պարապմունքները գովազդողները եւ ի՞նչ նպատակներ են նրանք մեր երկրում հետապնդում:
Ի սկզբանե էլ պարզ էր, որ գործող կենտրոնների գերակշիռ մեծամասնությունը զուտ բիզնես է անում՝ մարդկանց առողջության հաշվին, որովհետեւ դրանք ոչ թե մասնագիտացված կենտրոններ են, այլ՝ ֆիթննես մակարդակի ակումբներ ու օբյեկտներ:
«Հարմոնիա» կոչվող կոոպերատիվում, որտեղ յոգայի պարապմունքներ են անցկացվում, պարզվում է՝ դրանց ժամանակ պարզապես սովորական ֆիզկուլտուրայի վարժություններ են կատարվում եւ մեկ-երկու յոգայի վարժություն էլ՝ արանքում: Ներկայանալով որպես հաճախորդ՝ ընկերությունից հետաքրքրվեցինք, թե ո՞վ է զբաղվելու մեր առողջությամբ: «Հարմոնիայի» ներկայացուցչի խոսքերով՝ «Նա ֆիզկուլտուրայի մասնագետ է, ավարտել է ֆիզկուլտինստիտուտը եւ կարողանում է յոգայի էլեմենտներով տարբեր վարժություններ կատարել ու առողջացնել մարդկանց: Բայց պարապմունքների մեջ մտնում է աերոբիկան, շեյփինգը»: Այս կենտրոնում, այսպես ասած՝ յոգայի պարապմունքներ անելու համար մարդիկ ամսական վճարում են 9-11 հազար դրամ, ընդ որում՝ գնի տարբերությունը կախված է մարզասարքերից օգտվելուց:
«Գոլդս Ջիմ» ֆիտնես-կենտրոնը նույնպես տեղեկատուներին հայտնել է, որ յոգայի պարապմունքներ է անցկացնում, ինչպես պարզեցինք, իրականում յոգայի մեջ են մտնում սովորական պարը, մարզասարքերը, լողավազանից օգտվելը եւ ֆիզկուլտուրայի վարժությունները, որոնց հետ նաեւ յոգայի վարժություն կանեն՝ ընդամենը դա է ստիպել ընդգծել, թե յոգայի պարապմունքներ են անցկացնում: Երբ ցանկացանք գներին ծանոթանալ ու միայն յոգայի պարապմունքների հաճախել՝ մերժեցին, ասելով, որ դրանք փաթեթներ են ու յոգայի հետ ուզես-չուզես՝ պետք է պարես էլ, վճարես լողավազանի համար, մի խոսքով՝ սովորական ֆիտնես այցելություն կատարես:
«Մերը ֆիտնես-յոգա է»,- այսպես ասացին «Ակվատեկ» համալիրից, որտեղ նույնպես յոգայի պարապմունքներ են անցկացվում. «Մեզ մոտ մեդիտացիա չկա, պարապմունքներ անցկացնողը ֆիզկուլտուրայի դասախոսներից է, որը վարժությունների միջոցով մարմնի ձգում է կատարում, վարժեցնում մկանները, եթե կասկածում եք՝ կարող եք մեկօրյա տոմսեր գնել՝ 2000 դրամ ու պատկերացում կկազմեք: Հետո, եթե հավանեք՝ ամսական 12-17 հազար դրամ կվճարեք ու աբոնեմենտ ձեռք կբերեք»:
Պատահական չէ, որ ֆիտնես ակումբները տեղեկատուներում, գովազդներում անպայման նշում են յոգայի մասին, անկախ նրանից, թե որքան հեռու են յոգայից: Պարզապես վերջին շրջանում յոգայով զբաղվելը, տանը յոգայի գորգ ունենալը եւ նման պարապմունքների հաճախելը շատ մոդայիկ է դարձել, ինչն էլ նպաստել է «կեղծ» յոգայի կենտրոնների բիզնեսին: Այս առնչությամբ «Էկո այուրվեդայի կենտրոնի» մենեջեր Անի Նազարյանը «Առավոտի» հետ զրույցում իր մտահոգությունները հայտնեց Հայաստանում յոգայի պարապմունքներ անցկացնող ֆիտնես ակումբների հետ կապված՝ վստահեցնելով, որ շատերն իսկապես առնչություն չունեն յոգայի հետ. «Սրանից 5 տարի առաջ, երբ մեր կենտրոնը նոր էր բացվել եւ առաջինն էր՝ որպես այդպիսին, մարդիկ մտածում էին՝ յոգայի պարապմունքը կրոնափոխություն է, աղանդ է, վախենում էին հաճախել պարապմունքների, հետո՝ երբ դերասանները, երգիչ-երգչուհիները, շոու-բիզնեսի «գլամուր» զանգվածը սկսեց հաճախել, յոգան մոդա դարձավ ու պահանջարկի հետ շատ արագ յոգայի այնպիսի կենտրոններ ստեղծվեցին Հայաստանում, որտեղ հազարից մեկն է սովորել ու վերապատրաստվել Հնդկաստանում, որտեղ յոգան սկիզբ է առել: Յոգայից 1-2 վարժություն են կատարում ու անունը դնում յոգայի պարապմունք: Յոգա թարգմանաբար նշանակում է ներդաշնակություն՝ մարմնի, հոգու եւ մտքի, չի կարելի յոգայի վարժությունների հետ խաղ անել ու ասել, թե առողջացնում է: Յուրաքանչյուր մկանի, օրգանի վարժություն պետք է ճիշտ լինի, որ օգնի, այդ վարժությունները մարդու դիմադրողականությունն են բարձրացնում, սրտի, աղեստամոքսային տրակտի համար են, անգամ վարժություններ կան, որոնք կանացի օրգանների հորմոնալ բալանսի համար են»: Հայտնի է, որ յոգայի միջոցով մարդիկ նիհարում են: Ա. Նազարյանի խոսքերով՝ «Երբեմն հաճախորդները գալիս են ու ասում՝ կլինի՞ մի ամիս գալ, նիհարել ու վերջ: Նման բան չի լինի, որովհետեւ յոգան 1 ամսվա համար չէ, դա ապրելակերպ է: Հաճախ, երբ նիհարները գալիս են, վախենում են, որ էլ տեղ չունեն նիհարելու, մինչդեռ յոգայի միջոցով նիհարում են նրանք, ովքեր ճարպեր ունեն, այն բալանսավորում է, ոչ թե նիհարից թողնում ոսկորները»: Նշենք, որ «Էկո այուրվեդայի» տնօրենը եւ պարապմունքներ անցկացնողը Զառա Ակունցն է, որը 15 տարի սովորել է Հնդկաստանում եւ հիմա էլ մշտապես վերապատրաստվում է:
Մենք զրուցեցինք նաեւ 12 տարի յոգայով զբաղվող մասնագետի՝ Սամվել Սարգսյանի հետ, պարզելու, թե ի՞նչ վնաս կարող են տալ մարդկանց յոգայից հեռու, բայց յոգայի պարապմունքներ անցկացնող ֆիզկուլտուրնիկները: Նրա խոսքերով՝ «Յոգայի ուսմունքով շնչառական վարժություններ կատարելը շատ բարդ է: Սխալ շնչառական վարժություններ կատարելը կարող է վնասել մարդու շնչառական օրգանները, այլ վարժությունները կարող են օգնելու փոխարեն մարդու հոդերը ցավեցնել: Բայց ես ողջունում եմ, որ Հայաստանում նման կենտրոններ են բացվել, ոչինչ, որ նրանք հիմա բիզնես են անում, կգա ժամանակ, որ դաշտը կմաքրվի ու կմնան որակյալ մասնագետները, հիշենք, որ փոքրիկ կրպակները մեր երկրում հիմա սուպերմարկետներ են դարձել, դա շարժ է, որը կտանի միասնության»: Սամվել Սարգսյանը գտնում է, որ յոգան առաջին աղբյուրն է, որը կապում է մարդուն Աստծո հետ. «Յոգա նշանակում է՝ ճանապարհ դեպի Աստված, այն օգնում է, որ մարդիկ ավելի անհոգ, անվախ ու սիրով ապրեն, մաքրվեն ու միանան Աստծուն»: