Շանհայում ավարտվեց շախմատի «Մեծ սաղավարտի» խաղարկության նախավերջին փուլը, որը հայ մարզասերներին ուրախանալու առիթ չտվեց: Լեւոն Արոնյանը վերջին՝ վճռորոշ տուրում ոչ-ոքի արեց եզրափակչի ուղեգիրը ժամկետից շուտ նվաճած իսպանացի Ալեքսեյ Շիրովի հետ: Միավորը բաժանեցին նաեւ Վլադիմիր Կրամնիկն ու Վան Հաոն: Հիմնական մրցաշարում երկրորդ ուղեգրի ճակատագիրը որոշելու համար կազմակերպիչները, կանոնակարգի համաձայն, 7,0-ական միավորով 2-3-րդ տեղերը բաժանող հայ եւ ռուս գրոսմայստերների միջեւ լրացուցիչ բլից մրցամարտ անցկացրին: Առաջինում հաղթեց սպիտակներով խաղացող Կրամնիկը, երկրորդում՝ Արոնյանը, որից հետո բանը հասավ, այսպես կոչված, արմագեդոնին, որտեղ հաջողությունն ուղեկցեց աշխարհի նախկին չեմպիոնին: Հենց Կրամնիկն էլ հոկտեմբերին Շիրովի հետ կմեկնի Բիլբաո եւ աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդի ու ՖԻԴԵ-ի վարկանիշային դասակարգման առաջատար Մագնուս Կարլսենի հետ կպայքարի պատվավոր մրցանակի համար: