Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱՐԱՐԻՆ ԿՐԿԻՆ ԴԻՄԵԼ ԵՆ

Սեպտեմբեր 09,2010 00:00

Երեկ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին եւ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին է դիմել Արմավիր մարզի Մուսալեռ գյուղի բնակիչ Վարդուշ Մանգասարյանը: Նա տեղեկացնում է, որ որդուն՝ Նարեկ Ասատրյանին, 1 տարի առաջ զորակոչել են ՊՆ թիվ 50869 զորամաս: Որդին դեռ մանկուց ունեցել է դիմածնոտային հյուսվածքների եւ օրգանների արատ, մասնավորապես՝ խանգարված է ծամելու ֆունկցիան: Նա այդ իսկ պատճառով օրերով քաղցած է մնացել, իսկ մորը արհամարհական տոնով ասել են. «Կարո՞ղ է ուղարկել ես բանակ՝ խորոված ուտելու»: «Առավոտի» ամիսներ առաջվա հրապարակումից հետո Նարեկին զննել են զինվորական կենտրոնական հոսպիտալում, եւ նա տեւական ժամանակ բուժվել է մայրաքաղաքում:
Երեխային վերջերս ուղարկել են բանակ: Նա տառապում է որովայնի ցավերից, քաշը, ըստ մոր, կրկին նվազել է: «Նման զինվորին ինչպե՞ս կարելի է զորակոչել կամ ուղարկել բանակ», հարցնում է մայրը եւ խնդրում, որ նախարարները տղայի առողջության խնդրին վերաբերվեն այնպես, ինչպես կվերաբերվեն սեփական որդիների հետ: Նարեկի մուսալեռցի մայրը խնդրում է կրկին հետազոտել իր որդուն եւ բուժօգնություն ցույց տալ նրան: Նկատենք, որ ծառայության համար օրենքով ոչ պիտանի են համարվում բերանի խոռոչի եւ ծնոտների հիվանդությամբ տառապող անձինք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել