Սա հայերի անվանումն է՝ էստոներեն
Որքան էլ արտերկրում գտնվելը մի տեսակ «թարմ արյուն» է ներարկում ու լայնացնում մտահորիզոնը՝ ինչ-որ պահից սկսում ես գեղարվեստի պատկերասրահի աբստրակտ գեղանկարներից մեկում եռագույնը հայտնաբերել, որոնել հայկական ռեստորաններ եւ ընդհանրապես՝ հայերին կամ հայությանը վերաբերող որեւէ բան: Եվ այդ ժամանակ օրակարգում հայտնվում է նախապես չծրագրված մի հանդիպում՝ հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Տալլինն էլ այս առումով չպիտի բացառություն լիներ:
Էստոնահայ համայնքի հավաքատեղին գտանք Տալլինի բավական ներկայացուցչական մի հատվածում՝ գլխավոր հրապարակի անմիջապես հետեւում: Սակայն եթե նույն վայրում իր ներկայացուցչությունն ունեցող Ֆրանսիայի դրոշն ու ցուցանակն անխաթար վիճակում էին՝ Հայաստանի պարագայում դրոշը բացակայում էր, միայն դատարկ ձողն էր մնացել, ցուցանակի վրա էլ մաքրված մի գրության լղոզված հետքեր էին (նկարում): Էստոնիայի հայ ազգային միության ներկայացուցիչ Հակոբ Ղազարյանը պատմեց, թե ցուցանակի վրա ինչ-որ մեկը գրել էր. «Ցեղասպանություն չի եղել», իսկ Հայաստանի դրոշը մի քանի անգամ գողացել էին: Ի վերջո՝ դադարել էին դրոշ կախել, մանավանդ որ շենքը պետական է, իսկ Հայաստանն այստեղ չունի դիվանագիտական առանձին ներկայացուցչություն:
Էստոնիայում շուրջ 1500-1600 հայեր են բնակվում: Եվ հենց այս հասցեում են գործում Տալլինում գրանցված բազմաթիվ հայկական կազմակերպություններից շատերը՝ Էստոնական-հայկական մշակութային միությունը, «Կիլիկիա» հայկական ազգային միությունը, Տալլինի հայկական ազգային միությունը, «Նաիրի» հայկական մշակույթի եւ սպորտի միությունը եւ վերջապես՝ Էստոնիայի հայ ազգային միությունը: Վերջինիս ներկայացուցիչներ Հակոբ եւ Արմենուհի Ղազարյանները դեռ 1980 թվականին այստեղ բնակության տեղափոխված ամուսիններ են: Նրանց որդին՝ Արամն ասում է, թե հայկական կազմակերպությունների մեր ցուցակն ամբողջական չէ՝ ինքն էլ 2 շաբաթ առաջ նոր կազմակերպություն է գրանցել՝ «Էրեբունի», որը զբաղվելու է միայն ուսումնագիտական կապեր ստեղծելով՝ երիտասարդության համար:
Նրանք հպարտությամբ ցուցադրում են մասնագիտությամբ պատմաբան Արմենուհի Ղազարյանի նախապատրաստած հրատարակությունը՝ «Armenlased», այսինքն՝ հայերը: Այն ու նաեւ Էստոնիայում բնակվող այլ ազգային փոքրամասնությունների մասին համանման գրքույկները ֆինանսավորել է Էստոնիայի կառավարությունը՝ Եվրոպական միության աջակցությամբ: Յուրաքանչյուր գրքույկում տվյալ ազգի մշակույթին ու պատմությանը համառոտ անդրադարձից բացի՝ նաեւ ներկայացված են մի քանի բնորոշ արտահայտությունների թարգմանություններ: Եվ մեր ուշադրությունն է գրավում, որ թեեւ «ցավդ տանեմ» արտահայտությունն ընդունված է համարել անթարգմանելի՝ այստեղ թարգմանել են, ավելի ստույգ՝ իմաստը փոխանցել եւ էստոներեն այն այսպես է հնչում. «Vօtan su valu ara»: Նույն կերպ՝ 4 բառով է ստացվել նաեւ «մեռնեմ քեզ» արտահայտության թարգմանությունը. «vօiksin sinu parast surra»:
Ղազարյան ամուսինները նաեւ շուրջ 10 տարի դասավանդում են Տալլինի կիրակնօրյա հայկական դպրոցում, որն ինչպես եւ ազգային փոքրամասնությունների համայնքները՝ աջակցություն է ստանում Էստոնիայի կառավարությունից: Այստեղ երեք դասարաններում անվճար ուսուցում են անցնում 13-15 տարեկան երեխաներ: «Մեր ամենամեծ խնդիրն է, որ հայերի մեծ մասն անտարբեր է»,- ասում է Հակոբ Ղազարյանը: Կինը՝ Արմենուհին լրացնում է, թե ծնողները չեն ցանկանում երեխաներին բերել-հասցնել դպրոց, չեն մասնակցում մշակութային միջոցառումներին եւ այլն:
Ինչպես են բացատրում՝ ինչու են հայերն արտերկրում երրորդ-չորրորդ սերնդից հետո սկսում ուծանալ, ձուլվել այլ ազգերին, իսկ օրինակ՝ ռուսները գրեթե չեն ենթարկվում ուծացման: Եվ անգամ Էստոնիայում ռուսների նկատմամբ բնավ ոչ միանշանակ վերաբերմունքի պայմաններում նրանք պահպանում են իրենց առանձնահատկությունները, շարունակում խոսել ռուսերեն: Մեր այս դիտարկումներին Հակոբ Ղազարյանն այսպես է արձագանքում, թե ռուսները Տալլինում իրենց տասնյակ պետական դպրոցներից բացի՝ նաեւ կիրակնօրյա դպրոց ունեն: «Որպես Էստոնիայի ամենամեծ ազգային փոքրամասնություն՝ նաեւ աջակցություն են ստանում, օգտվում ամեն ինչից»,- լրացնում է նրան Արմենուհին:
Բայց եւս մի սկզբունք, որի մասին ասում է Հակոբ Ղազարյանը՝ իրենց կազմակերպությունը չի զբաղվում քաղաքականությամբ, այլ միայն մշակութային գործունեությամբ. «Այ, գալիս են վրացիները, ասում՝ եկեք գնանք Ռուսաստանի դեսպանատան դիմաց գոռանք: Ասում ենք՝ գնացեք, գոռացեք»: