Լրահոս
Օրվա լրահոսը

Գերմանաբնակ լրագրող «Դաշնակ Համոն»

Սեպտեմբեր 08,2010 00:00

«Արմին Վեգներ» կազմակերպության 73-ամյա հիմնադիր Համո Պետրոսյանը ներկայացրեց իր հուշերը

Այս օրերին Հայաստանում է ծնունդով Իրաքից, բեռլինաբնակ լրագրող, Հայաստանի եւ միջազգային ժուռնալիստների միության անդամ, Յոհան Լեփսիուսի տուն-թանգարանի համահիմնադիր, «Արմին Վեգներ» կազմակերպության հիմնադիր Համո Պետրոսյանը: Երեկ Ազգային գրադարանում կայացավ նրա «Աշխարհի մեծերը» հանրագիտարանային-կենսագրական 12 հատորանոց բառարանի շնորհանդեսը: Հայազգի լրագրողը իր 12 հատորները նվիրաբերել է Ազգային գրադարանին: Բառարանը ներկայացնում է հայտնի մարդկանց կենսագրական տվյալներ: Հ. Պետրոսյանը ավելի քան 50 տարի զբաղվում է Հայաստանի պատմության, մշակույթի, քաղաքականության, Հայոց ցեղասպանության, Հայ դատի, աշխարհի նշանավոր հայերի եւ հայության մասին հրապարակումների եւ արխիվային նյութերի փաստաթղթերի ուսումնասիրմամբ:

Հ. Պետրոսյանին ընկերներն ասում են դաշնակ Համո, ինչպես ինքն է հիշում, մեկն էլ կար՝ ասում էր՝ քուրդ Համո. «Դաշնակը եղավ իմ երկրորդ անունը, որն ինձ կնքեց Սիլվա Կապուտիկյանը, երբ Գերմանիա այցելության ժամանակ օրերով մնում էր մեր տանը»:

Լրագրողը պատմեց, որ իր Բեռլինի բնակարանում ունի մի մահճակալ, որի վրա 100-ավոր մեծանուն հայեր են քնել. «Դա սովորական փայտե մահճակալ է, բայց քանի՜-քանիսն են հանգստացել դրա վրա՝ Արամ Խաչատրյան, Առնո Բաբաջանյան, Գեւորգ Էմին, Սիլվա Կապուտիկյան… Ասում էին՝ Համոյի տունը Սովետական Հայաստանի դեսպանատունն է Գերմանիայի մեջ: Տարիներ ի վեր ես հայության հետ շփվել եմ, բայց մտերիմ եմ եղել Սովետական Հայաստանի մտավորականության հետ: Ունեինք արեւմտահայ մտավորականներ՝ Փարիզ, Պոլիս եւ այլուր, բայց երբ լուրն առնում էի, թե Արամ Խաչատրյանը Բուդապեշտում է, Առնո Բաբաջանյանը՝ Վարշավայում, մարշալ Բաղրամյանն այսինչ տեղում է, Վիկտոր Համբարձումյանը՝ այնինչ, վազում էի, էլ մտավորական չմնաց, որ հետեւից չգնայի»:

Նա խոստովանում է, որ չնայած բոլորի հետ մտերմություն է արել, բայց իր ամենասիրելի անձնավորությունը եղել է Առնո Բաբաջանյանը: «Նրա պես հայ ես չեմ տեսել. սուտ է՝ Արամ Խաչատրյան, Վիկտոր Համբարձումյան,- կատակում է դաշնակ Համոն եւ շարունակում:- Առնոյի պես տղամարդ, հայրենասեր, ազգասեր չկար: 30 տարի հիվանդ էր, ոչ ոքի չէր ասում: Բայց ես գիտեի: Երբ արդեն զգաց, որ վերջին ժամանակներն են, պանդուխտի ցուպը նետեց, ասաց՝ գնամ իմ Հայաստանում մեռնեմ: Իսկ Արամն ասում էր՝ ես միջազգային կոմպոզիտոր եմ, Մոսկվա եմ մեծացել, Մոսկվա էլ կմնամ»:

Հ. Պետրոսյանը հիշում է՝ «Արամի հետ շատ եմ թափառել՝ երկու տարի հիվանդանոցե հիվանդանոց, քաղաքե քաղաք… Նրա արյունը միշտ փոխում էին, որ կարողանար երկար ապրել: 3 ամիս մնաց Արեւելյան Բեռլինի հիվանդանոցում: Այնտեղ մուտք գործելը բավական դժվար էր: Սակայն ես արտոնություն ստացա ամեն շաբաթ այցելել Արամին՝ միրգ էի տանում: Մրգերի առումով նա շատ քմահաճ էր, իր ուզածները Արեւելյան Բեռլինում չկային: Մի օր ուշացա այցելության ժամից. պահակները ժամերով ստուգում էին գրպաններս: Մի կերպ թողեցին, բարձրացա մոտը, տեսնեմ՝ տխուր, խեղճ նստած է ակնողնում. մոտ կանչեց ու կամաց ասաց՝ Համո ջան, ֆաշիստ եմ դարձել: Ասացի՝ ինչո՞ւ, ասաց՝ ֆաշիստի արյուն են լցրել մեջս… Հանգստացրի՝ ոչինչ, բան չկա: Ջղայնացավ, թե չէ՛, ես արդեն դարձել եմ ֆաշիստ»:

Հ. Պետրոսյանը ցավով հիշում է, որ չկարողացավ հասնել Արամ Խաչատրյանի թաղմանը. «1978-ի մայիսի 1-ի առավոտյան թեյում էի, մեկ էլ լսեցի, որ Արամը մահացել է: Կնոջս ասացի՝ մեռավ, Արամը մեռավ, վեր կաց, գնում ենք: Բա ո՞ւր, ասացի՝ թաղում: Մինչ այդ Գերմանիայում ինձ վիզա չէին տալիս Հայաստան գալու համար, ասում էին՝ դու փախստական ես: Բոլորին տալիս էին, հենց հերթը հասնում էր ինձ, ասում էին՝ քո համար տեղ չկա դեռ: Ասացի՝ թաղման եմ գնում Հայաստան, իր խաթեր վիզա տվեցին: Մայիսի 8-ի առավոտ, ըստ իմ պլանների, պետք է հասնեի Երեւան, այդ օրն էլ կայանալու էր թաղումը, սրիկա ռուսներն ինձ Մոսկվայում պահեցին մինչեւ գիշերվա 12-ը, միայն մեկ ժամ հետո հասա Երեւան, արդեն…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930