Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՆԵՆՔ ԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ՌԵԺԻՄԸ»

Սեպտեմբեր 08,2010 00:00

\"\"«Հովեր» կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար Սոնա Հովհաննիսյանն առաջարկում է հրաժարվել մեծաթիվ ադմինիստրատիվ աշխատողներ պահանջող կենտրոնի հիմնումից:

Երեկվա «Առավոտում» Կոմիտասի անվան կամերային տան տնօրեն Արման Ծատուրյանը հայտարարեց, որ հիմնվում է Կամերային երաժշտության ազգային կենտրոն, որտեղ ընդգրկվելու են հետեւյալ պետական կոլեկտիվները. Սոնա Հովհաննիսյանի, Ռոբերտ Մլքեյանի, Հարություն Թոփիկյանի ղեկավարած երգչախմբերը, Զավեն Հարությունյանի, Երվանդ Երկանյանի անսամբլները եւ շուրջ մեկ տարի գեղարվեստական ղեկավար չունեցող Հայաստանի պետական կամերային նվագախումբը:

Մեր հարցախույզից պարզվեց, որ կառավարության եւ նախարարության այս «բարեփոխումը» առաջ է բերել նշված կոլեկտիվներից մի քանիսի անհանգստությունը, ինչն էլ վկայությունն է այն բանի, որ ոչ բոլոր գաղափարներն են հիմնավորված ու արժանի շուտափույթ իրականացման: Հերթական անգամ բացահայտվեց, որ արվեստագետների թիկունքում ընդունված որոշումները չեն բխում նրանց ստեղծագործական շահերից:

Զրույցի հրավիրեցինք 1992թ. հիմնված, բազում միջազգային մրցույթ-փառատոների, հայտնի ձայնագրման ֆիրմաներում CD-ներ թողարկած, Հայաստանի մշակութային կյանքում բուռն գործունեություն ծավալած, 2009թ. «Զուգահեռ» խմբերգային ներկայացման համար պետական մրցանակի արժանացած «Հովեր» կամերային երգչախմբի ղեկավար Սոնա Հովհաննիսյանին: Հիշեցնենք, որ նախարարության որոշմամբ մեկուկես տարի «Հովերը» կցված է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբին: Ս. Հովհաննիսյանը հայտնեց, որ Ֆիլհարմոնիկի հետ համագործակցությունը սկսվել է 2005թ., որի արդյունքում հնչել են Մոցարտի, Քերուբինիի ռեքվիեմները, Դ. Հալաջյանի «Մեսսան» եւ այլն: Երգչախմբի անմիջական մասնակցությամբ Ֆիլհարմոնիկն իրականացրել է Պուչինիի «Մադամ Բաթերֆլայ», Լեոնկավալոյի «Պայացներ», Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերաների բեմադրությունը… «Ընդամենը մեկուկես տարի է՝ ինչ գործում ենք պետական համակարգում: Այսօր փաստորեն ուզում են մեզ տեղափոխել այլ համակարգ (նկատի ունի Կամերային երաժշտության ազգային կենտրոնը): Կարծում եմ՝ կենտրոնը ստեղծելուց առաջ հարկավոր էր խորհրդակցել կամերային ժանրի կոլեկտիվների ղեկավարների հետ եւ, որքան էլ մեր վերաբերմունքը հարգալից է նախարարության որոշումներին, այնուամենայնիվ, պետք էր մեզ նախապես տեղյակ պահել դրա մասին»,- ասաց խմբավարը: Իր խոսքերով՝ թեեւ բացասական ոչինչ չի տեսնում կենտրոնի հիմնման ու գործունեության մեջ, սակայն մի բանում վստահ է. «Կենտրոնի գործունեության համար պահանջվում են մեծ թվով ադմինիստրատիվ աշխատողներ, նշանակում է՝ ֆինանսական միջոցներ: Գիտակցում եմ, որ մեր երկիրը ապրում է «խնայողական ռեժիմով», վարձատրելով, օրինակ, «Հովերի» արտիստին 37 հազար դրամ… Մինչդեռ գումարը, որ պահանջվում է կենտրոն ստեղծելու համար, նպատակահարմար չէ՞ր լինի ուղղվեր կոլեկտիվներից յուրաքանչյուրին»:

Մեր զրուցակիցը հավելեց նաեւ, որ կենտրոնում ընդգրկված կոլեկտիվները, բնականաբար, ունենալու են տնօրեն, վերջիններս էլ ենթարկվելու են գլխավոր տնօրեն Ա. Ծատուրյանին, որն իր հերթին կունենա հավանաբար երկու փոխտնօրեն… «Արդեն սա, գումարի տեսքով, ահավոր չափերի է հասնում: Եկեք իրականություն դարձնենք «խնայողական ռեժիմը» եւ ոչ ընդամենը խոսենք դրա մասին: Իսկ գումարներն էլ ուղղենք աշխարհում թանկ հաճույք համարվող դասական, մասնավորապես՝ հայ երաժշտաարվեստի զարգացմանն ու պրոպագանդմանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել