Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերի հիշողությունների գրքի շնորհանդեսը, որը պետք է տեղի ունենար չորեքշաբթի օրը, Լոնդոնում չեղյալ է համարվել: Անցած շաբաթ Դուբլինում տեղի ունեցած համանման միջոցառման ժամանակ Բլերի վրա ձվեր եւ կոշիկներ էին նետվել: «Ես չէի ցանկանա, որ ցուցարարների գործողություններից մարդիկ անհարմարություններ զգային»,- գրքի շնորհանդեսը չեղյալ հայտարարելու իր որոշումն այսպես է պատճառաբանել նախկին վարչապետը: Նախատեսվում էր, որ լոնդոնյան Waterstones գրախանութում, որտեղ վաճառքի են հանվել նախկին վարչապետի գրքերը, Բլերը պետք է հանդիպեր իր ընթերցողների հետ: «Ես գիտեմ, որ Լոնդոնի ոստիկանությունը, ինչպես միշտ, ամեն ինչ կանի կարգուկանոնի ցանկացած խախտում կասեցնելու համար, բայց ես չեմ ուզում նրա համար լրացուցիչ խնդիրներ ստեղծել միայն այն բանի համար, որ կարողանամ գրքերի վրա մակագրել»,- հայտարարել է Բլերը: