Լրահոս
Օրվա լրահոսը

Հունաստանի կառավարություն են վերադարձել սոցիալիստները

Սեպտեմբեր 08,2010 00:00

\"\"Հունաստանի վարչապետ Գեորգիոս Պապանդրեուն նախարարների կաբինետում կադրային լուրջ տեղաշարժեր է իրականացրել: Կառավարության կազմում իր պորտֆելը պահպանել է միայն երկրի ֆինանսների նախարարը:

BBC-ի փոխանցմամբ, կառավարությունում առանցքային մյուս՝ զարգացման, աշխատանքի եւ առողջապահության նախարարների պաշտոնները վստահվել են նոր թեկնածուների: Նոր կառավարության երդմնակալությունը տեղի է ունեցել երեքշաբթի օրը: Վերլուծաբանների կարծիքով, հույն վարչապետը նման արմատական քայլերի է դիմել երկու՝ տնտեսական եւ սոցիալական ոլորտներում կայունություն ապահովելու եւ երկրում իրականացվող տնտեսական խիստ միջոցառումներից զայրացած ընտրողներին հանգստացնելու պատճառով:

Հիշեցնենք, որ 2010թ. սկզբին Հունաստանի պետական պարտքը հասնում էր 300 մլրդ եվրոյի՝ կազմելով ՀՆԱ-ի 12,7 տոկոսը: Պապանդրեուն հայտարարել էր, որ եթե երկիրը չկրճատի իր ծախսերը՝ կհայտնվի «պարտքերի մեջ խեղդվելու» վտանգի առաջ:

Վերջերս ֆինանսների նախարար Յորղոս Պապակոնստանտինուն, որը պահպանել է նախարարի իր պորտֆելը, հայտարարել է, թե տնտեսության առողջացման ծրագիրը կատարվում է նախանշված ժամանակացույցից ավելի արագ տեմպերով: Միաժամանակ նախկին կառավարություններում բարձր պաշտոններ զբաղեցրած եւ հույների համար «լավ ժամանակների» հետ ասոցացվող Սոցիալիստական կուսակցության շատ անդամների վերադարձը՝ նոր ձեւավորված կառավարություն, ըստ փորձագետների, նպատակ ունի նվազեցնել բնակչության ցասումը Պապանդրեուի գլխավորած կառավարության նկատմամբ, մանավանդ որ՝ նոյեմբերի 7-ին Հունաստանում տեղի են ունենալու տարածաշրջանային ընտրություններ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել