Այս տարվա սեպտեմբերի 19-ին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագին մասնակցելու վերաբերյալ Հայաստանում խոսում են համարյա բոլորը:
Հանուն չգնալուն հնչում են հայրենասիրական, հայրենիքի, հայերի պատիվը բարձր պահելու կոչեր:
Հիմնական շեշտը դրվում է այն բանի վրա, որ այդ միջոցառումը թուրքական կողմը օգտագործում է քարոզչական նպատակներով՝ աշխարհին ցույց տալու, որ հիմա թուրքերն ուրիշ են, ավելի լավն են, քան եղել են Աբդուլ Համիդի իշխանության օրոք կամ 1915 թվականին:
Ինչ որ ճիշտ է, ճիշտ է: Իհարկե, միայն ու միայն այդ նպատակն են հետապնդում թուրքերը եւ միամտություն է կարծել, որ նրանք գործում են հանուն քաղաքակրթության, հանուն Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատման:
Բայց այդ նոր չէ, այդպես եղել է միշտ եւ միշտ էլ մենք՝ հայերս, ցավոք, չենք կարողացել ճիշտ կողմնորոշվել եւ չենք կարողացել ճիշտ օգտագործել հօգուտ մեզ այն հնարավորությունները, որոնք եղել են եւ միշտ կան, նույնիսկ ամենաանբարենպաստ պայմաններում:
Խնդիրը մեր քարոզչության վատ լինելու կամ դրա իսպառ բացակայության մեջ է: Ճիշտ կլիներ ամենաբարձր մակարդակով եւ մշտապես ի լուր ամբողջ աշխարհի հայտարարել, որ սեպտեմբերի 19-ին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագին մասնակցելու համար Վան են գնալու այդ երկրի իրական տերերը՝ սերունդներն այն հայերի, ովքեր դարերով ապրել են այդ հողի վրա, որ իրենց երկիրն է եղել: Ոչ միայն ապրել են, այլ շենացրել են երկիրը, կառուցել են տաճարներ, այդ թվում նաեւ Սուրբ Խաչ եկեղեցին, բայց ստիպված գաղթել են իրենց Հայրենիքից՝ 1915թ. իրենց նկատմամբ թուրքական կառավարության կողմից իրագործված ցեղասպանության պատճառով:
Համոզված եմ, որ բոլոր դեպքերում շահելու էինք մենք՝ հայերս:
Հայի հետին խելք: Շահելու էինք, եթե գնայինք որպես կորուսյալ երկրի պահանջատեր, ինչը մեկ անգամ եւս կփաստեր Հայոց ցեղասպանությունը: Շահելու էինք նաեւ, եթե չգնայինք Թուրքիայի մեղքով, որովհետեւ Թուրքիան ոչ մի կերպ չէր հանդուրժի հայերի ներկայությունը պատարագին՝ որպես պահանջատերերի:
Ինչպես միշտ, դարձյալ չենք օգտվել ընձեռված հնարավորությունից եւ հայտնվել ենք անհարմար վիճակում, երբ արդեն սխալ է եւ գնալը, եւ չգնալը: