Նոր ուսումնական տարվա սկզբին Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում շարունակվում է կրթական ծառայություններ մատուցելու վերաբերյալ դպրոցների տնօրենների եւ աշակերտների ծնողների միջեւ պայմանագրերի կնքումը: Մարզի որոշ դպրոցներում այս գործընթացը կատարվել է այս գարնանը: Անվճար հանրակրթական ծառայություններ մատուցելու վերաբերյալ պայմանագրերի ձեւաթղթերը վճարովի են՝ յուրաքանչյուր օրինակը՝ 120 դրամ: Հետաքրքիր է, որ երկու օրինակի համար էլ ծնողն է վճարում: Տավուշի մարզպետարանի կրթության վարչության պետ Աշոտ Փաշինյանն ասաց, որ դպրոցների բյուջեներում այդ պայմանագրերի ձեւաթղթերի համար նախատեսված գումարներ չկան եւ ճշտ համարեց, որ երկու օրինակների համար էլ ծնողն է վճարում, հավելելով, որ հանրապետության մյուս մարզերի դպրոցներում էլ այդպես է: Սակայն զարմանալին այն է, որ Տավուշի մարզի որոշ դպրոցներում պայմանագրերի մի օրինակը ծնողին չեն հանձնում, երկու օրինակն էլ պահում են դպրոցում: