Վանաձորի «Տաթեւ» պարային համույթը՝ 16 պարուհիներով եւ պարախմբի ղեկավար Ֆլորա Ասոյանի գլխավորությամբ, «Ինտերկապ» բարեգործական կազմակերպության աջակցությամբ եւ Պոլսո պատրիարք Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հովանավորությամբ այս տարի արդեն երկրորդ անգամ եղան Վրաստանում եւ Թուրքիայում:
Լոռեցի երեխաները հանգրվանել էին Պոլսի Գնալա կղզու երեխաների կազդուրման կենտրոնում, որտեղ հանգստանում էին նաեւ Ստամբուլի մանկատների կամ անապահով հայ եւ թուրք ընտանիքների շուրջ 150 երեխաներ: Հայաստանցիները իրենց հասակակիցներին ներկայացել են գեղեցիկ պարերով, վերջում նրանց են միացել բոլորը ու իսկական տոնախմբություն կազմակերպել: Կղզու հոգեւոր հովիվ հայր Թաթուլ ծայրագույն վարդապետը ողջունելով հայաստանցի հյուրերին՝ ասել է. «Մենք մեր մշակույթը կսովորեցնենք երկու տարբեր երկրներու մեր զավակներուն: Եթե այսօր մեր մեջ չկա լավատեսություն, ուրախություն եւ միասնություն՝ ի՞նչ պահանջենք ապագայից: Այս երեխաներից եկեք սովորենք»: Վանաձորի «Տաթեւ» համույթը հայր Թաթուլից նվերներ ստացավ:
2009-ի այցի ժամանակ վանաձորցի 13 երեխա Պոլսո պատրիարք Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի օրհնությամբ կնքվել էր: Այս անգամ կնքվեց եւս 4 երեխա: Սրբազանը շատ է կարեւորում եւ երջանիկ է, որ ամեն տարի ավելանում է վանաձորցի իր սանիկների թիվը:
Իսկ վրացական Բաթում քաղաքի Սուրբ Ամենափրկիչ հայկական եկեղեցու բակում փոքրիկ համերգից հետո «տաթեւցիները» եկեղեցուց պատկերազարդ Աստվածաշունչ գրքեր նվեր ստացան: