Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԳԱՎԱՌԸ ԿԴԱՌՆԱ ԱՆՃԱՆԱՉԵԼԻ՞

Սեպտեմբեր 08,2010 00:00

Գեղարքունիքի մարզկենտրոնի բնակիչները չեն հավատում, որ իշխանությունները ընդունակ են լավ բան անել

\"\"\"\"

Այս տարվա փետրվարի 9-ին «Գավառում հույսը մեռնո՞ւմ է» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառի բնակիչները, սոցիալական վիճակից դրդված, հեռանում են Հայաստանից: Գավառի փոխքաղաքապետ Գրիգոր Բոշյանն էլ մեկ բառով էր բնութագրել գավառցիների վիճակը՝ «ահավոր է»: Անցած 7-8 ամսում քաղաքային իշխանությունները աշխատանքներ իրականացրել են, սակայն այսօր էլ սոցիալական լարվածությունը աստիճանաբար դիմազրկում է ուտող-խմողի համբավ ունեցող, անեկդոտների մշտական եւ ուրախ հերոս, թասիբով գավառցուն՝ քյավառցուն: Եթե տարիներ առաջ դժվարություններին դիմակայելը նրա համար սոսկ ժամանակի հարց էր, հիմա՝ այդ ժամանակն էլ չի օգնում: Քյավառցի-գավառցին սկսել է ձուլվել՝ ամեն ինչից ու ամենքից դժգոհ, մեզանում գոյություն ունեցող այն զանգվածին, որը վատին էլ է վատ ասում, լավին էլ: Այն փոփոխությունները, որ կատարվում են նրա շուրջը, իրեն չեն հետաքրքրում: Թե ինչ շինարարություն է ընթանում քաղաքում, ինչու են փողոցները քարուքանդ, ինչ են կառուցում կամ՝ ով է կառուցում, նրան բնավ չի հուզում: Հոռետեսությունն այնքան խորն է նստել մեջները, որ չեն էլ ուզում հավատալ, որ այն, ինչ արվում է, նաեւ իրենց համար է արվում: «Ինձ ինչ՝ թե ինչ են կառուցում: Դրանից ես ի՞նչ եմ ստանալու»,- ասաց գավառցի Սանասար Դավթյանը: Իսկ երբ տեղեկացրինք, որ քաղաքի բարեկարգումը, ասֆալտապատումն ու մայթեզրեր կառուցելը կօգնեն իրեն ու մյուս գավառցիներին՝ թոթափվել մշտական կեղտ ու փոշուց եւ քայլել ավելի մաքուր եւ հարթ փողոցներով, չհավատաց. «Իրենք ընդունակ չեն բնակիչների համար լավ բան անել. ինչ անում, իրենց համար են անում: Մենակ իրենց փորի մասին են մտածում»:

Գավառագետի վրա կառուցված Սանասարի տունը, որ մաս առ մաս ջրի բաժին է դառնում, բարեկարգ քաղաք ունենալու մասին մտածելու ոչ տրամադրություն, ոչ էլ ժամանակ է թողել: Ընտանիքը աղետից փրկելու համար մարզային ու համայնքային ղեկավարության բոլոր մակարդակներն անցել է: Իր ասելով՝ մարզպետարանում խորհուրդ են տվել յոլա գնալ: «Հասկացա, որ պետք է յոլա գնանք էնքան, մինչեւ ջուրը մեզ տանի- պրծնենք՝ իրանք մեզնից, մենք՝ իրանցից»,- «Առավոտին» ասաց Սանասարը, ով հարցը մեկ անգամ էլ փորձեց բարձրացնել «Առավոտի» միջոցով:

Քաղաքի կենտրոնում խմբված տղամարդկանցից եւ ոչ մեկը չէր նկատում կատարվող բարեփոխումները: Նրանց հուզող խնդիրները սոսկ անձնական բնույթի էին:

Երբ Գավառի քաղաքապետի տեղակալ Գրիգոր Բոշյանին փոխանցեցինք բնակիչների անտարբերությունը՝ քաղաքի եւ անվստահությունը՝ համայնքի ղեկավարության նկատմամբ, զարմացավ: «Դուք երեւի հանդիպել եք այն մասսային, որն աշխատել չի ուզում, բայց պահանջում է, որ իր համար լավ կյանք ապահովենք: Մենք էլ ասում ենք՝ եկեք 5000 դրամ օրավարձով քաղաքի աղբահանությունը կամ ծառերը բների մաքրման աշխատանքը կատարեք՝ կեսօրի հացն էլ՝ մեզ վրա: Չեն գալիս: Մի տեղ ունեն, որտեղ հավաքվում, սպասում են, թե երբ ինչ-որ մեկը կգա, 3000 դրամով մի քանի ժամանոց գործ կառաջարկի: Չեն խորշում նույնիսկ ուրիշի տան կոյուղին մաքրել, բայց մեր առաջարկած աշխատանքը համարում են պատվից ցածր»,- ասաց փոխքաղաքապետը:

Գավառում սկսված լայնածավալ շինարարությունը Զարգացման ասիական բանկի 14,77 միլիոն դրամով իրականացվող աշխատանքների մի մասն է միայն: Այս տարվա մարտի 31-ին տեղեկացրել ենք, որ Սեւանը աղտոտվում է մարզի քաղաքներում կեղտաջրերի մաքրման կայանների բացակայության արդյունքում, ուստի Սեւանի ավազանի չորս քաղաքներում՝ Սեւան, Գավառ, Վարդենիս եւ Մարտունի, մաքրման կայաններ են կառուցվում, որից հետո լիճ կթափվի միայն զտված ջուրը: Բացի մաքրման կայաններից, նաեւ մոտ 30 հազար մետր կոյուղագիծ է կառուցվելու: Նախատեսվում է շինարարությունն ավարտել 2011-ի գարնանը: Գավառի քաղաքապետարանն էլ մայթեզրերը կառուցելու, մասնակի ասֆալտապատման աշխատանքներ է սկսել, որի համար տեղական բյուջեից 12 միլիոն դրամ է առանձնացրել: «Սուղ բյուջեն առայժմ հնարավորություն չի տալիս ավելին անել: Բայց մի ծրագիր ունենք, որ եկող տարի հաստատ կյանքի ենք կոչելու. այնպես ենք նորոգելու հրապարակն ու կենտրոնը, որ նայողը զարմանա»,- ասաց Գրիգոր Բոշյանը: Իսկ այսօր Գավառը՝ մուտքից սկսած մինչեւ հրապարակ լուսավորել, սիզամարգերը բարեկարգել, ծառեր են տնկել: Ցավ են զգացել, երբ ծառատունկից օրեր անց նկատել են, որ բնակիչները տնկիները հանել-տարել են: «Եթե տանեն եւ իրենց բակում դնեն՝ էլի գոհ կլինենք: Բայց տանում՝ վաճառում են»,- նկատեց Գավառի փոխքաղաքապետը:

Որպեսզի Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառը իր կարգավիճակին հարիր տեսք ունենա, բարեփոխման դեռ երկար ճանապարհ պետք է անցնի: Այսօր Գավառը գյուղաքաղաք է հիշեցնում՝ մաշված, փոքրացած: Փոխքաղաքապետը վստահեցրեց, որ մեկ տարի հետո քաղաքն անճանաչելիորեն փոխվելու է: Հիմնադրամ են ստեղծելու, կոչով դիմելու են դրսում բնակվող իրենց համաքաղաքացիներին՝ հիմնադրամի հետ համագործակցելու, քաղաքին օգնելու: Քաղաքի ղեկավարությունը վստահ է, որ իրենց կոչն անարձագանք չի մնա, որովհետեւ հայրենիքից դուրս ապրող մեծահարուստ գավառցին՝ հաստատ անտարբեր չի մնա իր քաղաքի ու նրա ճակատագրի նկատմամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել