Տավուշի Մեհրաբ զորամասում, ըստ պաշտոնական վարկածի՝ հուլիսի 27-ին մահացած պայմանագրային զինծառայող Արտակ Նազարյանի մայրը՝ Հասմիկ Հովհաննիսյանը, բաց նամակ է հղել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Տպագրում ենք այն մասնակի կրճատումներով:
Նամակում մասնավորապես ասված է.
«Պարոն նախարար, հարց է ծագում. ինչո՞ւ Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության բաժինն ավարտած 30-ամյա երիտասարդը, ով անփորձ լինելով զինվորական կեղտոտ գործարքներին, որոնց մասին դուք շատ լավ տեղյակ եք, իր դասակի զինվորներին վերաբերվել է ինչպես եղբայրների, ճանաչել ու սիրել է Աստծուն, հանկարծ մոռացավ ամեն ինչ եւ ինքնասպան եղավ:
Ինչո՞ւ դուք, որ ամբողջ համակարգի գլուխն եք, թեեւ հենց Ձեր մասին էլ ասում են, որ թույլ նախարար եք, եւ Ձեզանից ոչինչ կախված չէ, չեք ուզում քերեք, մաքրեք բանակի եւ համակարգի վրայի արյունն ու կեղտը, իրոք պատժել մեղավորներին: Եթե դա Ձեր հնարավորություններից դուրս է, ուրեմն դուք էլ որդուս նման «ինքնասպան» եղեք եւ թողեք մի իսկական գրություն, որ որպես բարձրաստիճան զինվորական ամաչում եք այսպիսի կոռումպացված հայկական բանակ ունենալուց:
Այս նամակը ես ուզում էի ձեզ ուղարկել, բայց համոզված լինելով, որ այսպիսի նամակներ երբեք չեք ընթերցում, գերադասեցի հրապարակել մամուլում, որպեսզի ստիպված լինեք այն կարդալ»: