«Առավոտի» տեղեկություններով, ոստիկանության Նոր Նորքի բաժնի աշխատակիցները հայտնաբերել եւ ձերբակալել են օրեր առաջ տեղի ունեցած հերթական հրազենային կրակոցների հեղինակին: Կրակոցների հետեւանքով հիվանդանոց էր տեղափոխվել 2 անձ:
Սեպտեմբերի 1-ի գիշերվա ժ.02.30-ին Նոր Նորքի հանրապետական հիվանդանոցից տեղեկացրել են տարածքի ոստիկանությանը, որ հրազենային վնասվածքով Նոր Նորքի Դավիթ-Բեկի փողոցից իրենց մոտ են տեղափոխվել 21-ամյա Սուրեն Կամոյի Հակոբյանը եւ 50-ամյա Լյովա Վորոնցովի Առաքելյանը:
Սուրենի ուսագլխից հանել են «ինքնաձիգի դեֆորմացված գնդակ»: Իսկ Լյովան ստացել էր բեկորային քերծվածքներ:
Նույն օրը ոստիկանության քննչական գլխավոր վարչության Նոր Նորքի քննչական բաժնում հարուցվում է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ (Խուլիգանություն, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնասվածք հասցնելով) եւ 235 հոդվածի 1-ին մասի (Ապօրինի զենք, զինամթերք հանդիսացող փամփուշտներ ձեռք բերել, պահել) հատկանիշներով:
Դեպքի վայր մեկնած ոստիկանները հայտնաբերել են Դավիթ- Բեկի փողոցի 2-րդ եւ 3-րդ շենքերի միջեւ տեղակայված տաղավարի մոտ ինքնաձիգից կրակված 9 հատ 7, 62 մմ տրամաչափի պարկուճներ: Հիվանդանոց տարված վիրավորներին հրազենային վնասվածք էր պատճառել 33-ամյա Հրանտ Հակոբի Կիրակոսյանը: Ըստ մեր տեղեկությունների, Հրանտ Կիրակոսյանը ոչ սթափ վիճակում եկել է Նոր Նորքի 7-րդ զանգվածի վերոնշյալ 2-3-րդ շենքերի բակ, որտեղ կայանված էին մի քանի ավտոմեքենաներ: Նա «նեղսրտել» է՝ թե մեքենաները լավ չեք կայանում: Դրանից հետո նրա եւ տուժողների միջեւ սկսվել է կենցաղային բնույթի խոսակցություն, վեճ: Այդ ժամանակ էլ Հրանտ Կիրակոսյանը իր մոտ եղած ինքնաձիգից կրակել է: Կրակոցից հետո նա դիմել էր փախուստի: Սեպտեմբերի 3-ին Նոր Նորքի ոստիկաններին հաջողվեց հայտնաբերել փախուստի դիմած Կիրակոսյանին:
Հանցագործության գործիք հանդիսացող ինքնաձիգը նույնպես գտնվել է եւ փամփուշտների հետ ուղարկվել ոստիկանության փորձաքրեագիտական կենտրոն: