Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Միլիցիան միլիցիա կբերի՞

Սեպտեմբեր 08,2010 00:00

Եթե բնակիչները շարունակեն բողոքել իրենց շենքի տանիքում իրականացվող շինարարությունից

\"\"Պուշկինի 52 հասցեում ապրող բնակիչներն իրենց հյուրերին դիմավորում են ոչ թե տանը, այլ՝ շքամուտքում: Պատճառը՝ բնակարաններում տիրող անտանելի աղմուկն է. շնչելու օդ չկա, իսկ պատուհան բացելն անհնար է: Օրերս այդ հասցեի բնակիչները «Առավոտին» էին դիմել: Նրանց խոսքերով, վերջին տարիներին իրենց տարածքում մեկը մյուսի հետեւից նոր շինություններ են հայտնվում, վճարում են $1000 ու շենքերի տանիքների գլխին վեր խոյացնում նոր բնակարաններ: Բնակիչներն այժմ էլ դժգոհում էին մոտ 3 շաբաթ սկսված մի նոր շինարարությունից, որը, ըստ նրանց, անօրինական է ու առանց բնակիչներից որեւէ մեկի թույլտվության է իրականացվում. 3-րդ հարկի սեփականատերը որոշել է տանիքը քանդել ու նոր կառույց ավելացնել:

«Ամեն տեղ դիմել ենք՝ էլ քաղաքապետարան, էլ ճարտարապետին, գալիս են նայում՝ ու ոչ մի բան չեն ձեռնարկում: Վերահսկողական բաժիններից էլ եկել են ուսումնասիրել ու ասացին՝ թիթեղյա է սարքում, անհանգստանալու բան չկա, բայց պարզվում է՝ քարից է: Քարերն էլ գիշերվա ժամը 10-ին բերեցին: Վերահսկողության բաժնից ասացին՝ գլխավոր ճարտարապետն է մեղավոր, բայց գլխավոր ճարտարապետը մինչեւ թույլատրելը բակ մտե՞լ է, տեսե՞լ է, որ այդ տարածության մեջ ենթակայան կա, որ օրումեջ պայթում է: Փայտից տներ են, ով ուզում՝ հոսանք է քաշում: Եթե հրդեհ բռնկվի, մի մեքենա էստեղ չի կարող մտնել: 41 թվի էլեկտրակայան է՝ ինչքան ռեստորան, կաֆե, խանութ, հյուրանոց կա, էստեղից է սնվում, շաբաթը մի անգամ գմփում է»,- դժգոհում էր Պուշկինի 52- 9 հասցեի բնակիչ Սոնյա Մանվելյանը: Մեկ այլ բնակիչ՝ 80-ամյա Ֆլորա Խաչատրյանն էլ ավելացրեց. «Ջազ» կլուբի պատճառով մինչեւ ժամը 4-ը չենք քնում, դռները բացում-փակում են, երաժշտությունը՝ բարձր, հարբած դուրս են գալիս, սիրում-սիրվում, ամեն ինչ տեսնում ենք բացօթյա: Հիմա էլ, սրանից բացի, դուրս ենք գալիս՝ Մետեխի բերդն ենք տեսնում, ու դեռ վեր է խոյանում, ուղղանկյուն է լինելու, քառանկյուն, թե օվալաձեւ՝ չգիտենք»: Զրուցակիցներս պնդում էին, որ կառուցվող շինությունը հետագայում որպես հյուրանոց է ծառայելու, իսկ շինությունը, նրանց ներկայացմամբ, ոստիկանությունում վարչության պետ աշխատող Արմեն Կարապետյանն է իրականացնում: Վերջինս բնակիչների դժգոհությանը հետեւյալ կերպ է արձագանքել. «Սուս արեք, թե չէ միլիցիա կբերեմ վրաներդ»:

Օրինակա՞ն է արդյոք շինարարությունը «Առավոտի» հարցին, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյանը պատասխանեց, թե ուսումնասիրել են եւ պարզել, որ «Պուշկինի թիվ 52 շենքի 5-րդ բնակարանի սեփականատիրոջը թույլատրվել է ուժեղացնել բնակարանի միջհարկային ծածկը եւ կառուցել մանսարդային հարկ»: Բնակիչների այն մտավախությանը, թե շենքին վտանգ է սպառնում, պարոն Ասատրյանը պատասխանեց. «Շենքի սեյսմակայունությանը ոչ մի վտանգ չի սպառնում, քանի որ մինչ նման շինարարության թույլտվություն տալը՝ այդ նախագիծը փորձաքննություն է անցնում: Նախեւառաջ տեղազննություն է կատարվել, որից հետո նախագիծ է արվել, որն էլ հաստատվել է փորձաքննություն անցնելուց հետո»:  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել