Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԿԱԹԻ ՎՐԱ ԿԱՐՈՂ ԵՆ ԳՐԵԼ «ԽՈՐՈՎԱԾ»

Սեպտեմբեր 08,2010 00:00

Ներմուծողները արտասահմանյան արտադրության սննդամթերքի վրա հայերեն մակնշում են՝ ինչ ուզում են

\"\"
Այս յոգուրտների մակնշումը չի համապատասխանում բաղադրությանը:

Որպես բարեխիղճ սպառող, ես որեւէ սննդամթերք գնելիս անպայման նայում եմ պիտանելիության ժամկետը, որպես մայր, ես ստիպված կարդում եմ նաեւ երեխայի համար նախատեսված սննդամթերքի բաղադրությունը՝ հատկապես որ՝ որոշ մթերքների նկատմամբ բալիկս ալերգիկ է: Բայց Հայաստանում միայն կարդալ իմանալը բավարար չէ՝ հավաստիանալու, թե իրականում ինչ ես լցնում երեխայի ստամոքսը: Անգամ այնպիսի տարրական հարց, թե ինչ միրգ է պարունակվում խանութում վաճառվող յոգուրտների մեջ՝ խնձո՞ր, թե՞ մորի, դժվար է պարզել:

Ինչպես հայտնի է՝ Սննդամթերքի անվտանգության մասին օրենքի համաձայն, մեր երկիր ներմուծվող արտասահմանյան արտադրության սննդամթերքները շուկա մտնելուց առաջ պետք է ունենան հայերեն մակնշում: Այսօր հայաստանյան շուկայում վաճառվող բոլոր ներմուծված յոգուրտների վրա կարելի է տեսնել այդ պարտադիր մակնշումը, սակայն հաճախ դա որեւէ առնչություն չունի տվյալ յոգուրտի բաղադրության ու պարունակության հետ:

Ռուսական «Կամպինա» ընկերության «Fruttis» յոգուրտների ռուսերեն, ուկրաիներեն մակնշման մեջ նշված է, որ այն անտառային հատապտուղներ է պարունակում՝ հաղարջ, ելակ, մորի: Սակայն հայերեն մակնշման մեջ այդ ամենը ճոխացված է եւ նշված է, թե անտառային հատապտուղներից բացի, յոգուրտի մեջ կա կանաչ խնձոր, մանգո, անանաս, մարակուա, ծիրան, սեխ, կոկոս ու բանան: «Ehrman» ընկերության միայն դեղձի համով «Էրմիկ» յոգուրտի հայերեն մակնշումը նույնպես սխալ տեղեկություններ է տալիս, թե յոգուրտի մեջ ինչ միրգ ասես՝ կա, մինչդեռ, երբ կարդում ես ռուսերեն տարբերակը՝ հասկանում ես, որ այն միայն դեղձի է: Շատ դեպքերում ներմուծողները դիտավորյալ հայերեն մակնշումը փակցնում են անմիջապես օտարալեզու մակնշման վրա եւ սպառողները ստիպված են հավատալ այն բաղադրությանը, ինչ գրել են մերոնք: Իսկ մերոնք, պարզվում է, գրում են՝ ինչ ուզում են ու ինչպես ուզում են: Նույն «Fruttis»-ի հայերեն մակնշման մեջ սխալ է նշված կալորիականությունը, պարունակվող ճարպերի, սպիտակուցների ու ածխաջրերի քանակը, անգամ սխալ է նշված, թե ինչ ջերմաստիճանում այն պետք է պահպանել: Արտադրողը նշել է, որ 100 գրամ յոգուրտի էներգետիկ արժեքը 102 կկալ է, իսկ հայերի համար դա 88 կկալ է, ռուսներն այն կարող են պահպանել +2 աստիճանում, հայերը՝ +4-ից: Այս յոգուրտների ներմուծողը, հետեւաբար հայերեն նման թարգմանչի հեղինակը «ԲրենդԼիդեր» ընկերությունն է, որի ներկայացուցչի պարզաբանմամբ՝ «Տեխնիկապես շատ դժվար է տվյալ մրգի համով յոգուրտի վրա հայերեն մակնշել միայն այդ մրգի անունը: Մենք բոլոր մրգերի անուններն էլ գրում ենք, որովհետեւ այդ մրգերի յոգուրտներ կան: Դրանք պատրաստի թղթեր են, եւ եթե կիվիի յոգուրտ է, հայերեն տարբերակում կիվիից բացի ուրիշ մրգերի անուններ էլ ենք ստիպված նշել»: Երբ նրան տեղեկացրինք, որ յոգուրտները հիմնականում երեխաներն են ուտում եւ շատ երեխաների հակացուցված է կարմիր գույն ունեցող մրգերի յոգուրտ ուտել, ու սպառողը պետք է հստակ իմանա՝ ինչ է գնում, ներմուծող ընկերությունից պատասխանեցին՝ «Սպառողը տուփի վրա մրգի նկարը տեսնում է ու կիմանա, թե ինչ համի յոգուրտ է»: Ինչ վերաբերում է կալորիականության եւ մյուս սխալ տեղեկություններին, որոնք կային հայերեն տարբերակում՝ ընկերությունից տեղեկացրին, որ դա շփոթվել են, իսկ նոր ներմուծված խմբաքանակի վրա արդեն ճիշտն են գրել. «Հին խմբաքանակը շուկայից հետ չենք կանչել, որովհետեւ համարյա ամբողջը սպառվել է, պահեստում էլ ընդամենը 1-2 արկղ է մնացել»: Հաշվի առնելով, որ «Alpenland» յոգուրտների ներմուծողը նույնպես «ԲրենդԼիդերն» է, եւ այդ յոգուրտների հայերեն տարբերակում նույնպես սխալ կալորիականություն եւ տվյալներ են նշված՝ դա չի կարող շփոթմունք լինել: Ըստ «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի, այն սննդամթերքը, որի մակնշումը փոփոխվել է առանց բաղադրության համապատասխան փոփոխության՝ համարվում է կեղծված սննդամթերք: Բացի այդ, արգելվում է պիտակի վրա զետեղված տեղեկությունների փոփոխությունը:

«Danone» ընկերության «Դանիսսիմո» յոգուրտներին կից ելակի, տարբեր մրգերի համերով սիրոպներ, ջեմեր կամ շոկոլադե թխվածքաբլիթներ են փակցված: Օտարալեզու մակնշումներից տեղեկանում ենք, որ, օրինակ, թխվածքաբլիթի մեջ կան ներկանյութեր, ինչ-ինչ հավելումներ, որոնք կարեւոր տեղեկություններ են, իսկ հայերեն մակնշման մեջ մեկ-երկու տողով միայն յոգուրտի բաղադրության տվյալներն են, այն էլ՝ կիսատ: ՀՀ օրենքի համաձայն, սննդամթերքի փաթեթավորման, սպառողական տարայի, պիտակի, լրացուցիչ պիտակի կամ ներդրակի վրա զետեղված տեղեկությունները պետք է լինեն ամբողջական: Այս յոգուրտների ներմուծողը «Վալլետա» ՍՊԸ-ն է, որի ներկայացուցիչը «Առավոտի» հետ զրույցում պարզաբանեց, թե օրենքի պահանջն է հայերեն մակնշել՝ իրենք մակնշել են. «Մենք սահմանն անցկացնելուց հետո, ընդունված կարգի համաձայն, այն մաքսատանը ստուգել ենք տվել, արկղի միջից պատահական յոգուրտ են վերցրել ու մակնշումները համեմատել: «Առավոտը» չի մեր վերահսկողը, եթե ինչ-որ բան սխալ էինք գրել, թող մաքսատանը տեսնեին ու արգելեին այն շուկա մտցնել, մենք մեր ապրանքը օրինական ճանապարհով հասցրել ենք շուկա»:

Ստացվում է, որ մաքսավորները կամ չեն կարդում ու չեն համեմատում հայերեն ու օտարալեզու մակնշումները, կամ թարգմանության հետ կապված խնդիրներ ունեն, կամ անճշտությունների դեպքում իրենց հարցերն այլ ճանապարհներով են լուծում: Խոսքը միայն յոգուրտների ու դրանց մակնշումների մասին չէ, նույնը շոկոլադների, բնական հյութերի, քաղցրավենիքների դեպքում է: Արագ նախաճաշի համար նախատեսված հերկուլեսների արտադրողը հստակ մակնշել է, որ պետք է ընդամենը եռացրած ջուր լցնել վրան, կափարիչը ծածկել ու մի քանի րոպեից ուտել, իսկ հայերեն տարբերակում սպառողներին ցուցումներ են տալիս, որ այն պետք է կրակի վրա եփել: Եթե հայերին հավատալու լինենք, փաստորեն, եփվելու ոչ ենթակա այդ հերկուլեսը պիտի լափ դարձնենք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել