«Առավոտի» սեպտեմբերի 2-ի համարում «Վերահանրապետականացում» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը դառնալով Հանրապետական կուսակցության Արմավիրի կառույցի ղեկավար՝ մարզի դպրոցների տնօրեններին ակնարկել է, որ անդամագրվեն ՀՀԿ-ին: Լուրին արձագանքել է Արմավիրի մարզպետարանը: «Ի պատասխան Ձեր «Վերահանրապետականացում» հոդվածի՝ հարկ ենք համարում նշել, որ ՀՀ Արմավիրի մարզպետի կողմից դպրոցների տնօրենների հանրապետականացմանը կամ, առավել եւս, դրանով պայմանավորված «դպրոցի՝ մի բանի հասնելուն» ուղղված ոչ մի «ակնարկ» երբեւէ չի եղել: Միաժամանակ հարկ ենք համարում նշել նաեւ, որ դեռեւս 2006 թվականից՝ ՀՀ Արմավիրի մարզպետ նշանակվելու առաջին իսկ օրից, մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ամենօրյա ուշադրության կենտրոնում են գտնվում դպրոցներում առկա հիմնախնդիրները եւ, հատկապես, դպրոցների վերանորոգման եւ ջեռուցման հիմնահարցերը: Կարող ենք փաստել, որ միայն վերջին չորս տարիների ընթացքում մարզում վերանորոգման աշխատանքներ են սկսվել թվով 35 դպրոցում, որոնցից 15-ն արդեն իսկ շահագործման է հանձնվել, իսկ 20-ը գտնվում է վերանորոգման ընթացքում, թվով 64 դպրոց էլ ապահովվել է ջեռուցման լոկալ համակարգով: Ինչ վերաբերում է մարզի դպրոցների տնօրենների հանրապետականացմանը, ապա այս դեպքում ուզում ենք տեղեկացնել, որ մինչեւ ՀՀ Արմավիրի մարզպետի՝ ՀՀԿ Արմավիրի տարածքային կառույցի նախագահ նշանակվելը ՀՀ Արմավիրի մարզում գործող 123 ուսումնական հաստատությունների տնօրեններից 115-ը արդեն իսկ եղել են ՀՀԿ անդամ»: