Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հակաճգնաժամային ծրագիրը սխալ է

Սեպտեմբեր 08,2010 00:00

Կառավարության հակաճգնաժամային ծրագիրը, ըստ էության, օգուտ չտվեց

\"\"«Շինարարությունում ներդրված փողերը, մեղմ ասած, վերադարձելիություն չապահովեցին։ Կառավարությունը պետք է թոթափի այն մտայնությունը, որը պարտադրել է Արժույթի միջազգային հիմնադրամը։ Նրանք ասում են, որ մեր տիպի երկրների իշխանությունները չպետք է հովանավորեն արդյունաբերության ոլորտը, ինչը սխալ է»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: Նրա խոսքերով՝ կառավարությունը հիմնականում ֆինանսավորեց 75%-ով կառուցված շենքերն ավարտին հասցնելու ծրագրերը: Բայց այդ շենքերը չվաճառվեցին, իսկ այդ գումարը կարելի էր ներդնել արդյունաբերության մեջ, ապրանք արտադրել, արտահանել ու վաճառել։ Վ. Սաֆարյանի կարծիքով, ինչպես փոխանցում է «tert.am»-ը, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից ավելի հեշտ են դուրս գալիս այն երկրները, որոնք զարգացնում են սննդի արդյունաբերությունը։ Իսկ հումքային արտադրության ուղղվածություն ունեցող երկրները, ինչպիսիք են Հայաստանն ու Ռուսաստանը՝ ավելի դժվարությամբ. «Մենք ճգնաժամի պայմաններում չկարողացանք աջակցել մեր հայրենական արտադրողին»։

Խոսելով գնաճի մասին՝ պարոն Սաֆարյանը վստահեցրեց, որ գնաճի պաշտոնական՝ 7,4%-ը չի համապատասխանում իրականությանը. «Շուկայում գնում եք մթերք եւ տեսնում, որ կարտոֆիլը թանկացել է կրկնակի, թանկացել են պոմիդորն ու մյուս մթերքները»: Գնաճը զսպելու համար Վ. Սաֆարյանն առաջարկում է, որ պետությունը մասնակցություն ունենա արտաքին առեւտրին. «Եթե պետությունը ներմուծի 10 տոկոս ապրանքներ եւ ներքին շուկայում նորմալ գներով վաճառի, կարող է զսպել գնաճը։ Այդպիսով, պետությունը առեւտրային կապիտալ կունենա, որով էլ կարող է ֆինանսավորել արդյունաբերությունը»:

Պարոն Սաֆարյանի ներկայացմամբ՝ նախորդ տարվա համեմատությամբ, այս տարի գազի սպառումը նվազել է 11.5%-ով. դրա պատճառը գազի գնի թանկացումն է. «Մենք զգուշացնում էինք, որ պետք չէր Հայաստանին վաճառված գազի 17% թանկացման պարագայում ներքին սպառողի համար գազի գինը բարձրացնել 37%-ով: Եթե նախորդ տարի Հայաստանում սպառվել է 1,6 մլրդ խմ գազ, ապա այս տարի այդ թիվը կկազմի 1,4-1,5 մլրդ խմ»։ Ըստ պարոն Սաֆարյանի, ռուսական ԶԼՄ-ների այն տեղեկատվությունը, որ Հայաստանին վաճառվող 1000 խմ գազի գինը ներկայիս 180 դոլարից պատրաստվում են դարձնել 303 դոլար, ծանր հետեւանքներ կունենա Հայաստանի բնակչության համար. «Հայաստան ներկրվող գազի 65%-ը սպառվում է հասարակ բնակիչների կողմից, իսկ մեր թոշակների ու աշխատավարձերի բարձրացում գրեթե չի արվում։ Դա նշանակում է, որ գազի սակագնի բարձրացման դեպքում բնակչությունը կհրաժարվի մեծ ծավալով գազ օգտագործելուց»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել