Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵԼՓԻՆԻ ԱՆՏԱՌՆԵՐՈՒՄ ՊՂԻՆՁ ՈՒ ՄՈԼԻԲԴԵՆ ԵՆ ՓՆՏՐՈՒՄ

Սեպտեմբեր 08,2010 00:00

Գյուղացիներին դա անհանգստացնում է

\"\"27-ամյա Մանուշ Հարությունյանն անհանգստանում է իր գյուղի՝ Ելփինի ապագայի համար: Այստեղ պետք է երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացվեն՝ պղնձի եւ մոլիբդենի հայտնաբերման համար: «Մեզանից մեծերը իմացել են, որ այստեղ վնասակար նյութեր կան, դրա համար անհանգստացել են, հիմա էլ մենք ենք մտածում, եթե այդտեղի հանքը շահագործեն, մեր գյուղի բնությանն ու առողջապահությանը մեծ վնաս կհասցնեն»,- ասում է Մանուշ Հարությունյանը:

\"\"Ելփինի գյուղապետի տեղակալ Արծրուն Ալավերդյանը «Առավոտին» պատմեց, որ մոտ մեկ ամիս առաջ եկավ Արարատի մարզի Մխչյան գյուղում գրանցված «Արգամիկ» ՍՊԸ-ի ներկայացուցիչը եւ ասաց, որ իրենք մրցույթ են շահել եւ գյուղում պետք է երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնեն: «Ես նրանից պահանջեցի, որ ներկայացնի համապատասխան փաստաթուղթ, նա էլ խնդրեց ինձ, որ տեխնիկան այստեղ տեղավորեն՝ մի քանի օր հետո փաստաթուղթ ներկայացնելու պայմանով, բայց անցավ քսանհինգ օր, ոչ մի փաստաթուղթ չբերեցին: Իմացանք՝ նրանք արդեն սկսել էին ճանապարհներ սարքել»,- պատմում է Արծրուն Ալավերդյանը: Ի վերջո, «Արգամիկ» ընկերության տնօրեն Արամ Օսիկյանը ներկայացնում է ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիան: Բայց Ելփինի բնակիչները մնում են անդրդվելի: «Լիցենզիան օրինականությանը չի համապատասխանում, որովհետեւ մեր համաձայնությունը չկա: Համայնքի ընդհանուր ժողով կայացավ, որտեղ ասվեց, որ այստեղ նման աշխատանքներ չպետք է իրականացվեն, հանքաշերտերը բազմամետաղ են, պարունակում են ռադիոակտիվ էլեմենտներ, որոնք էլ ահռելի վնաս կհասցնեն բնակչությանը»,- ասում է Արծրուն Ալավերդյանը: Ըստ նրա, ավագանու ժողովին ներկա էին նաեւ «Արգամիկ» ընկերության ներկայացուցիչները: Որոշումը լսեցին ու հեռացան, բայց մի քանի օր հետո ցանկացան նորից խոսել գյուղացիների հետ: Գյուղացիներն էլ հրաժարվեցին խոսել նրանց հետ: Գյուղապետի տեղակալի խոսքերով, եթե «Արգամիկ» ընկերության նպատակը միայն հետախուզական աշխատանքները լինեին, գյուղացիները միգուցե համաձայնեին. «Բայց նրանք չեն ասում, որ չեն շահագործելու, իսկ այդ դեպքում հսկայական վնաս են հասցնելու բնությանը եւ մեր գյուղացիներին, իսկ դա մենք թույլ չենք տա»,- ասում է Արծրուն Ալավերդյանը: Հանքավայրի շահագործման դեպքում ամենասարսափելին, ըստ գյուղացիների, լինելու է խմելու ջրի խնդիրը: Ելփինցիները խմում են գետի ֆիլտրացված ջուրը: Այն բնակիչներին է հասնում խողովակների միջոցով: Գյուղացիները հավաստում են, որ այդ ջուրն արդեն իսկ աղտոտված է, եւ «դա դեռ կարծես քիչ է, հիմա էլ սա»,- ասում են նրանք:

Այստեղ՝ Ելփինի «Կեչուտ» հանդամասում է գտնվում կեչու պուրակը, կան «Կարմիր գրքում» գրանցված վայրի հնդկահավ, մուֆլոն, գորշ արջեր եւ այլ կենդանիներ եւ բուսատեսակներ: «Սրանց ոչնչացմանն ուղղված ցանկացած քայլ ապօրինի է»,- վստահ են գյուղացիները:

«Արգամիկ» ՍՊԸ-ի տնօրեն Արամ Օսիկյանը «Առավոտի» հետ զրույցում ասել է, որ իրենց ընկերությունը Ելփին գյուղում կատարում է հանքաորոնողական աշխատանքներ՝ պղնձի եւ մոլիբդենի հանքերի հայտնաբերման համար: «Շահագործման դեպքում արդեն կհրավիրվեն մասնագետներ, կգնահատեն հանքը շահագործելու պայմանները: Այստեղ ամենակարեւորը՝ արդեն հասարակության կարծիքն է: Հասարակության ներկայացուցիչների հետ կմտածենք ջուրը այլ ճանապարհով տանելու մասին, այդ խնդիրը կլուծի շահագործողը, հասարակությունն էլ կհամոզվի՝ որ ամեն ինչ նորմալ է, կասի հանքավայրը կառուցեք: Իսկ եթե չհամաձայնեն, ով ուզում է լինի՝ չի կառուցվի»,- համոզված է պարոն Օսիկյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել