Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արեւելյան գործընկերության կոնգրեսը Հայաստանում

Սեպտեմբեր 08,2010 00:00

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավերով եռօրյա աշխատանքային այցով Հայաստանում են գտնվում Միջազգային եվրոպական շարժման փոխնախագահ, Բելգիայի Թագավորության պետնախարար Չարլզ Ֆերդինանդ Նոթոմբը եւ Միջազգային եվրոպական շարժման գլխավոր քարտուղար Դիոգո Պինտոն: Սեպտեմբերի 6-ին հյուրերին ընդունել է ԲՀԿ նախագահ, Հայաստանի Եվրոպական շարժման պատվավոր նախագահ Գագիկ Ծառուկյանը: Կարեւորելով կուսակցության որդեգրած միասնական եվրոպական ընտանիքին ինտեգրման ուղղությունը՝ ԲՀԿ ղեկավարն ընդգծել է Եվրամիության հետ տնտեսական, քաղաքական, մշակութային, կրթական կապերի ու հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ հյուրերը նշել են, որ տեղյակ են անձամբ Գագիկ Ծառուկյանի եւ ԲՀԿ-ի ջանքերի մասին, որոնք ուղղված են Հայաստանի զարգացմանը՝ հավաստիացնելով, որ հանձինս իրենց՝ ԲՀԿ-ն ունի լուրջ գործընկեր ամբողջ Եվրոպայի մակարդակով: «Պարոն Ծառուկյան, Միջազգային եվրոպական շարժման անունից շնորհակալություն եմ հայտնում հրավերի, ինչպես նաեւ Հայաստանում Եվրոպական շարժմանն աջակցելու համար: Մենք տեղյակ ենք, թե Դուք ինչ անգնահատելի աջակցություն եք ցուցաբերում Ձեր երկրում եվրոպական շարժման կայացման, եվրոպական արժեքների տարածման գործին: Հուսով եմ, որ Ձեր աջակցությամբ մյուս տարի Հայաստանում կազմակերպվելիք աշխատաժողովի արդյունքները աննախադեպ են լինելու»,- իր խոսքում ընդգծել է Միջազգային եվրոպական շարժման փոխնախագահը:

Այս այցելության ընթացքում նախատեսվում են մի շարք հանդիպումներ հայաստանյան պաշտոնյաների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: 2011-ի նոյեմբերին Երեւանում կայանալու է Արեւելյան գործընկերության կոնգրեսը, որը նոր ուղենիշներ կբացի Հայաստանի եվրոպական մերձեցման ճանապարհին: Կոնգրեսին մասնակցելու են շուրջ 150 պատվիրակներ ողջ Եվրոպայից եւ արեւելյան գործընկեր պետություններից:

Չարլզ Ֆերդինանդ Նոթոմբի գնահատմամբ՝ քաղաքացիական հասարակության կապը իշխանության հետ թեմայով խորհրդաժողովի անցկացումը շատ արդիական է եւ Հայաստանի դեպքում կարեւորվում է ինչպես Եվրոպայի հետ հարաբերությունների սերտացման, այնպես էլ տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման համատեքստում: Գագիկ Ծառուկյանը, անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին, մասնավորապես՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, շեշտել է, որ Հայաստանի իշխանությունները մշտապես հանդես են եկել հարաբերությունների բարելավման դիրքերից, ինչը չի կարելի ասել Թուրքիայի մասին: «Կան պետություններ, որոնք ունակ չեն խոսքից գործի անցնելու: Այդ պետությունների թվին է պատկանում Թուրքիան: Մեր երկրի իշխանությունները նախագահի գլխավորությամբ մշտապես հանդես են եկել առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման, բաց սահմանների եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման դիրքերից: Իսկ Թուրքիան, ինչպես նկատում եք, անընդհատ նախապայմաններ առաջադրելով ցուցադրում է իր ապակառուցողական քաղաքականությունը»,- հավելել է ԲՀԿ նախագահը:

Հանդիպման վերջում Գագիկ Ծառուկյանը պատրաստակամություն է հայտնել ամեն կերպ աջակցել կոնգրեսի նախապատրաստական աշխատանքների կազմակերպման եւ այն բարձր մակարդակով անցկացնելու հարցում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել