Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՈՐՏԵ՞Ղ ԿԱՐՈՂ ԵՄ ԱՇԽԱՏԱՆՔ ԳՏՆԵԼ ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Սեպտեմբեր 08,2010 00:00

Ամենաշատն այս հարցն է հետաքրքրում շարքային էստոնացիներին

\"\"
Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբի անդամը
հիշեցնում է, որ մոտ ապագայում մեզ չի սպասում անդամակցություն այդ միությանը:

Եթե մի կողմ թողնենք բարձրահունչ խոսքերը եվրոպական արժեքների կամ ինտեգրման անհրաժեշտության մասին՝ ի՞նչ է Եվրոպական միությունը ոչ քաղաքական կամ պետական գործիչների, այլ սովորական քաղաքացիների համար: Ասենք, 2004-ի մայիսից ԵՄ-ին մաս կազմող Էստոնիայի քաղաքացիներն արդյոք այդ փոփոխությունը զգո՞ւմ են իրենց առօրյա կյանքում, այն տեսանելի եւ շոշափելի՞ է: Կարծում եմ, հարցի պատասխանը դրական պիտի լինի Տալլինից դեպի քաղաքի արբանյակ բնակավայրը՝ Սակու մեկնողների համար, որոնք տեսնում են, որ լայնացվող ճանապարհին զուգահեռ՝ նաեւ ԵՄ ֆինանսավորմամբ մեկ այլ փոքրիկ ճանապարհ էլ անտառում է կառուցվում հեծանվորդների, սկեյթբորդիստների եւ վազողների համար: Սա՝ ի հավելումն կամուրջների, որոնք այժմ Էստոնիայում կառուցվում են դարձյալ ԵՄ համաֆինանսավորմամբ:

Հարցի պատասխանը բավական դրական պիտի լինի նաեւ «Saku» գարեջուր, էներգետիկ ըմպելիքներ եւ ջուր արտադրող ընկերության աշխատակիցների համար: Ընկերության վաճառքի հարցով տնօրեն Մարգուս Կաստեյնը, որը ժամանակին ծառայել է Ղարաբաղում ու նաեւ մի քանի անգամ եղել Հայաստանում՝ ասում է, որ «Saku» անվանումը նույնպիսի բրենդային նշանակություն ունի էստոնացիների համար, ինչպես հայերի համար «Արարատը»: Սակայն դեռ 1820-ին հիմնադրված այս ընկերությունը հիմա բնավ ոչ Էստոնիայի, այլ ֆիննական «Carlsberg» խմբի սեփականությունն է: Եվ այն թեմայի շրջանակներում, թե ինչ է փոխվել իրենց աշխատանքում ԵՄ-ին անդամակցությունից հետո՝ էլի չեն հնչում ճռճռան խոսքեր, այլ հիշատակվում են միայն այսօրինակ փաստեր՝ Ֆինլանդիան իրավունք է ստացել ավելի շատ ալկոհոլ գնել Էստոնիայից, իսկ սա հսկայական բիզնես հնարավորություն է, քիչ են բյուրոկրատական քաշքշուկները, որոնք առկա են, ասենք, Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերություններում: Մարգուս Կաստեյնը նաեւ նշում է, թե ԵՄ շրջանակներում հստակ կարգավորված է, թե ինչ պիտի գրվի մթերային ապրանքի պիտակի վրա: Մոտավորապես այսքանը:

Այն, որ տպավորությունս մակերեսային չէ, եւ ԵՄ-ին անդամակցությունը էստոնացիների համար առավել կարեւորվում է զուտ գործնական հողի վրա՝ հաստատեց մեր այցելությունը ազգային գրադարանի ԵՄ տեղեկատվական կենտրոն: 1998-ի սեպտեմբերից հիմնադրված այս կենտրոնի աշխատակցուհի Անու Նեսթորն ասում է, թե իրենց դիմողներին ավելի շատ հետաքրքրում են, թե Եվրամիությունում ինչպես են կարգավորվում թոշակներին, աշխատավարձերին, գյուղատնտեսական աջակցությանը, հարկերին, սոցիալական ապահովագրությանը վերաբերող խնդիրները: Եվ ամենահաճախ հնչող հարցն է. «Որտե՞ղ կարող եմ ես աշխատանք գտնել ԵՄ-ում»: Ի դեպ, այս կենտրոնը գործում է ուղղակի փառահեղ պայմաններում. 1,4-1,7 մլն էստոնական կրոն տարեկան բյուջե ունի, որն ապահովում են ԵՄ-ն ու պետությունը:

Մոտավորապես նույնքան բյուջե էլ ունի Էստոնիայի դիվանագիտական դպրոցը, որն ապահովվում է դարձյալ ԵՄ եւ պետության միջոցներով, բայց նաեւ ուսանողների վարձավճարներով: Այս դպրոցը դիվանագետներ պատրաստելուց բացի՝ նաեւ միջազգային ուսուցողական ծրագրեր է իրականացնում եվրոպական ինտեգրացիայի վերաբերյալ: Եվ իրենց համագործակցության «թիրախային» երկրների շարքում 2008-ից նշված է նաեւ Հայաստանը (Վրաստանը՝ դեռ 2005-ից): Դպրոցի տնօրեն Էկկե Նոմմը 2009-ից մաս է կազմել Հայաստանում գործող ԵՄ բարձր մակարդակի խորհրդատվական խմբին: Նա խորհրդատվություն է իրականացրել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի համար՝ օգնելով հիմնադրել դիվանագիտական դպրոց:

«Առավոտը» Էկկե Նոմմից հետաքրքրվեց, որ եթե լիներ ՀՀ քաղաքացի՝ ինչպե՞ս կպատասխաներ հարցին, թե ինչո՞ւ պետք է ձգտի եվրաինտեգրման, ի՞նչ է դրանից փոխվելու իր կյանքում: «Եվրամիությունն ահռելի ազատ առեւտրի գոտի է՝ միասնական օրենքներ, շատ հարցերի կարգավորումներ: Ազատորեն կարող ես բիզնես ծավալել, մեծ շուկա դուրս գալ: Բայց այս մետաղադրամը երկու երես ունի՝ այդ շուկաներ մուտք ունենալու համար պիտի ավելի մրցունակ լինես,- արձագանքում է նա:- Եվրամիությունը կարող է կյանքն ավելի թեթեւ, ավելի քաղաքակիրթ, սոցիալական հարցերն ավելի լավ կարգավորված դարձնել»: Սակայն անմիջապես էլ հիշեցնում է, թե Հայաստանին դա չի «սպառնում»՝ առնվազն մոտ ապագայում կյանքն ավելի թեթեւ չի դառնա այդ ճանապարհով: Ավելին՝ առանձնապես լավ չեն նաեւ Վրաստանի գործերը, որի կապակցությամբ, ինչպես ասում է Էկկե Նոմմը՝ հույսերը շատ էին, երկրում ամեն տեղ ծածանվում է Եվրամիության դրոշը, բայց միեւնույն է՝ կան հստակ պարտավորություններ, որոնք պետք է կատարվեն. «Վրաստանի համար էլ անդամակցությունը նույնքան հեռու է, որքան Հայաստանի համար»: Եվ անգամ Թուրքիայի մասին, որը ԵՄ-ին անդամակցության վերջին փուլում է՝ ասում է. «Պետք չէ արագ լուծում սպասել այդ առումով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել