«Իհարկե, գալու է մի օր, որ Հայաստանը եւ ոչ միայն Հայաստանը, այլ նաեւ այն երկրները, որոնք ճշմարտությունն ամեն ինչից վեր են դասում, կընդունեն այն ճշմարտությունը, որ ոչ միայն «դե ֆակտո», այլ նաեւ «դե յուրե» Ղարաբաղն անկախ պետություն է»,- երեկ ասուլիսում Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման անհրաժեշտության մասին խոսելիս ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը եւ հավելել, որ այս հարցում ինքն աներկբա է։ 7or.am կայքի փոխանցմամբ, հանրապետական պատգամավորը նաեւ հավելել է, որ ԼՂՀ կարգավորման գործընթացին չվնասելու համար ժամանակը պետք է ճիշտ ընտրվի։ Հարցին՝ այս քսան տարիների ընթացքում այդպիսի ճիշտ պահ չի՞ եղել, պատասխանել է. «Գիտե՞ք, բոլորս էլ կցանկանայինք, որ լիներ։ Գործընթացներ կան, որոնք մեր կամքից անկախ ձգձգվում են, եւ եթե մենք այդ գործընթացների ժամանակ կարողանում ենք շահեկան իրավիճակում լինել եւ շահեկան պահեր արձանագրել, ուրեմն նպատակն իրականացնելու, լուծելու ճանապարհին դա արդարացված է։ Հայաստանում չեք գտնի որեւէ պատգամավորի, ով չցանկանա, որ ԼՂՀ-ն ճանաչվի. ուղղակի պետք է իսկապես այդ պահը լինի։ Առանձին կուսակցություններ բազում անգամ բարձրացրեցին այդ հարցը, բայց մենք գտնում ենք, որ ընդամենը վնասելու ենք այդ գործընթացին»։